ԼՂ հիմնախնդիր. գնահատականներ եւ կանխատեսումներ

21/12/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը (IWPR) նոյեմբերի 13-ին «168 Ժամ» թերթին կից գործող «Պրեսսինգ» ակումբում կազմակերպել էր քննարկում՝ «Ղարաբաղյան բանակցություններ. 2007-ի ամփոփում, եւ ի՞նչ է սպասում 2008-ին» թեմայով:

Քննարկմանը մասնակցում էին փորձագետներ, վերլուծաբաններ եւ ԱԺ պատգամավորներ: Այս քննարկմանը սեղմ անդրադարձել ենք մեր թերթի 119-րդ համարում: Քննարկման մասնակիցների գերակշիռ մասը կարծում էր, որ գալիք տարում ԼՂ խնդրում կլինի այն, ինչ ընթացիկ տարում, այսինքն՝ մեծ հաշվով, ոչինչ էլ չի լինի:

Օրինակ՝ լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի ներկայացուցիչ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, թե ինքը չի սիրում ԼՂ հարցի մասին խոսել, որովհետեւ այն պարզապես այլեւս հետաքրքիր չէ, ու նոր ասելիք չկա: «Հարցին, թե ի՞նչ եղավ ԼՂ հարցի կարգավորման հետ 2007-ին, կարելի է պատասխանել, որ եղավ այն, ինչ 2006-ին, այսինքն՝ ոչինչ էլ չեղավ»,- կարծիք հայտնեց նա: Դրական գնահատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը, նա նշեց, թե համանախագահների հայտարարություններին պետք է վերաբերվել հետեւյալ տեսանկյունից. ինչո՞ւ նրանք արեցին այս հայտարարությունը, ե՞րբ արեցին այն, ի՞նչ համատեքստում արեցին, ո՞ւմ ասացին, եւ այլն: Ի՞նչը կարող է ազդել ղարաբաղյան հակամարտության վրա: Ըստ Ա. Իսկանդարյանի, շատ կարեւոր է այն, որ Ռուսաստանը հանեց իր ռազմակայանները Վրաստանի տարածքից, ինչը փոխում է տարածաշրջանում Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայությունը: Այն, նրա դիտարկմամբ՝ փոխում է ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում ընդհանրապես, ԼՂ խնդրի շուրջ՝ մասնավորապես: Ա. Իսկանդարյանն ակնհայտ չի համարում այն, որ խնդրի սառեցումն անպայման կհանգեցնի մեծ հակադրության, որովհետեւ, ըստ նրա, շատ հաճախ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ կողմերի ռազմական ներուժի ուժեղացումը հանգեցնում է տարածաշրջանում կայունության ուժեղացման: Իսկանդարյանն այն կարծիքին է, որ 2008-ին ԼՂ հարցում հազիվ թե ինչ-որ բան փոխվի:

Իսկ քաղաքագետ Դավիթ Պետրոսյանի կարծիքով, ԵԱՀԿ Մինսկի խումբը զբաղված է խնդիրը հսկողության տակ պահելով, եւ, միաժամանակ, այն հանդիսանում է «բանակցային հրապարակ»: Նա նկատեց, որ Մինսկի խումբն իր ֆորմատի շրջանակներում չի գործում: «Մինսկի խմբի վերջին ֆորմատը հաստատվել է ԵԱՀԿ բուդապեշտյան գագաթաժողովում: Այսօրվա բանակցությունները չեն համապատասխանում այն մանդատին, որը տրվել է: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմանի բանակցությունները չեն համապատասխանում կոնֆլիկտի ֆորմատին: Այդ բանակցություններն ընթանում են արդեն գրեթե 10 տարի»,- փաստեց Դ. Պետրոսյանը: Կոնֆլիկտների կարգավորման տեսանկյունից նա կարեւոր է համարում Կոսովոյի դեպքը: Ըստ Դ. Պետրոսյանի, հակառակ արեւմտյան երկրների պաշտոնյաների պնդումների, Կոսովոն կարող է եւ լինելու է նախադեպ՝ համանման մյուս կոնֆլիկտների լուծման համար: Ըստ բանախոսի, տարածաշրջանային գործընթացների վրա կարող է ազդեցություն ունենալ նաեւ վերջին տարիներին Իրանի միջուկային ծրագրերի շուրջ ստեղծված իրավիճակը:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի համար էլ «Ղարաբաղը կոնֆլիկտ չէ, այլ՝ պետություն»: «Ղարաբաղն ինքնուրույն գործող, գուցե, հայաստանյան արհեստական շնչառությամբ պահվող, բայց, այնուամենայնիվ, ինքնուրույն գործող էթնոտարածքային միավոր է, որի զարգացումն այս տարիների ընթացքում հեռու է իդեալական լինելուց, չի գոհացնում գրեթե ոչ մեկին: Իհարկե, կարելի էր ավելի մեծ բաներ անել այս տարիների ընթացքում, բայց միեւնույն է, այն պահպանում է իր ինքնուրույն միավորի կարգավիճակը,- հայտարարեց Ա. Աշոտյանն ու հավելեց,- Ակնհայտ է, որ Ադրբեջանի բոլոր ջանքերը, ԼՂ հակամարտությունը դիտարկել որպես մի պետության՝ երկու տարբեր հատվածների միջեւ եղած խնդիր, կոնֆլիկտ, սնանկ են, որովհետեւ այդպես էլ ադրբեջանական դիվանագիտությունը չի ֆայմում այդ հակամարտությանը տալ քաղաքացիական կարգավիճակ, ինչը կփորձեր միավորել ԼՂ հակամարտության քաղաքացիական պատերազմ լինելու խնդիրը: Այն, ինչ ադրբեջանական դիվանագիտությունը փորձում է ներկայացնել որպես Ադրբեջանի ներսում ծագած խնդիր, այլ ոչ թե` որպես երկու բեւեռներ ունեցող խնդիր, իրականում իրենց լեզվաբանական, վերբալ իմաստով չի արտահայտում, որովհետեւ ԼՂ կոնֆլիկտը հայ-ադրբեջանական է: Երբեւէ «գրաժդանսկի» կոնֆլիկտ հասկացությունը մենք ադրբեջանական մամուլում չտեսանք: Իրենք այդ խնդիրը, որը դիվանագիտական հարթակ նետված է որպես ներքին խնդիր, ճիշտ չեն ընկալում»: Ըստ Ա. Աշոտյանի, Ղարաբաղի հարցը վաղուց լուծված է, եւ, նրա դիտարկմամբ՝ «խնդիրը ոչ թե կոնֆլիկտի լուծման մեջ է, այլ լուծված խնդրին միջազգային լեգալություն հաղորդելու մեջ է»:

Իսկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ խոսելով Ադրբեջանի եւ Հայաստանի համար փոխադարձաբար ընդունելի լուծման անհնարինության մասին, պետք է հասկանանք, որ փոխադարձաբար ընդունելի լուծումներ բացակայում են նաեւ Մինսկի խմբում ներկայացված տերությունների մակարդակում, եւ այս գիտակցությունը, ըստ նրա, այդ տերություններն ավելի շուտ են ունեցել, «քան մենք կարող էինք հաստատագրել, որ, ըստ էության, տվյալ իրավիճակում անհնար է ունենալ փոխադարձ ընդունելի լուծում»:

Հանրային ռադիոյի աշխատակից Թաթուլ Հակոբյանն էլ առաջարկեց ավելի շատ խոսել այն վտանգների մասին, որոնք կարող են սպառնալ հայկական կողմին: Ամենամեծ խնդիրն, ըստ նրա, այն է, որ ղարաբաղյան խնդիրը դիտարկվում է գլոբալ զարգացումների համատեքստում: «Սա շատ վտանգավոր է, սա այն դեպքն է, որ Ղարաբաղը կարող է ուղղակիորեն հանվել վաճառքի, շատ ցածր գնով վաճառվել: Այսինքն՝ Ղարաբաղի հարցը լուծել «ձեռքի հետ»: Երկրորդը՝ Ղարաբաղը տարեցտարի անտեսվում է: Վերցնենք Եվրախորհրդի նույն ամբիոնը: 1994 թվականին Եվրախորհուրդը պաշտոնական նամակ էր ուղարկում այն ժամանակ ԼՂ խորհրդարանի խոսնակ Կարեն Բաբուրյանին եւ նրան հրավիրում լսումների: Հիմա պատկերացնել, որ նույնիսկ մի ղարաբաղցի կարող է մտնել Եվրախորհրդի շենք, հնարավոր չէ: Որպես գործոն Ղարաբաղը չկա»,- փաստեց նա ու շարունակեց, նշելով, որ ընդդիմությունը պնդում է, թե դա Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքականության արդյունքն է, որ խնդիրը վերափոխվեց ու վերածվեց երկկողմանի վեճի, ինչը, հավանաբար, ճիշտ է: Փաստելով, որ արդեն 10 տարի է` ԼՂ-ն դուրս է մղվել բանակցային գործընթացից՝ Թ. Հակոբյանը նկատեց, որ դրանից հետո էլ ԼՂ մեկուսացումն ավելի խորացավ, եւ դա ոչ թե Ալիեւների հաջող դիվանագիտության արդյունք է, այլ՝ հայկական կողմի լուրջ սխալների: «Այսօր այն բանաձեւերը, որ ստանում ենք, կարծում եմ, հենց դրա արդյունքն են, որ ավելի շատ է կարեւորվում Ադրբեջանի այդ տարածքային ամբողջականությունը»,- նշեց նա: Նա շատ վտանգավոր համարեց ԼՂ հայաթափումն ու Ա. Աշոտյանի այն մտայնությունը, թե ԼՂ հարցը լուծված է: «Եթե այն լուծված լիներ, ապա Հայաստանի սահմանների 90%-ը կողպեքի տակ չէր լինի: Ես լուծումն այդպես չեմ պատկերացնում»,- նշեց Թ. Հակոբյանը: Իսկ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի ներկայացուցիչ Սերգեյ Մինասյանը կարծիք հայտնեց, որ նմանատիպ խնդիրները վերջին 50 տարիներին չեն կարգավորվում:

Քաղաքագետ Մանվել Սարգսյանի դիտարկմամբ էլ՝ հակամարտող կողմերի մոտ աճում է համոզումը, որ փոխզիջումային լուծում հնարավոր չէ, եւ հնարավոր են այլ մոտեցումներ: Փաստելով, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն արդեն գերազանցում է մեկ միլիարդը, որ դեմոգրաֆիական առումով Ադրբեջանն անհամեմատ լավ դիրքում է, ԱԺԿ ղեկավար Շավարշ Քոչարյանը կարծիք հայտնեց, որ «եթե նույնիսկ փորձենք ընդունել, որ 2025թ. Ադրբեջանի նավթային պաշարները չեն սպառվի», որ Ադրբեջանի բյուջեն ու բնակչությունը շարունակ աճում է, պետք է հասկանանք, որ ո՛չ իր զենքով, ո՛չ իր բնակչությամբ Ադրբեջանը Չինաստան չի դառնա, չի դառնա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, ատոմային ռումբ չի ունենա եւ այլն:

«Այդ ամենը Չինաստանն ունի, բայց չի կարողանում Թայվանի հարցը լուծել, որովհետեւ այստեղ կան գործոններ, որոնք ազդում են քաղաքական որոշումների վրա»,- ասում է Շ. Քոչարյանն ու կոչ անում սթափ գնահատել իրավիճակը եւ ընդունել, որ շատ հարցերում մենք Ադրբեջանի հետ հավասար պայմաններում ենք: «Ի՞նչ է փոխվել 1994թ. զինադադարից հետո,- հարցնում է ԱԺԿ ղեկավարն ու ինքն էլ պատասխանում,- Երկու հիմնարար գործընթաց, որոնցից մեկը` ի օգուտ Ադրբեջանի, մյուսը՝ հայկական կողմին: Ի օգուտ Ադրբեջանի, ցավոք սրտի, գնաց այն հանգամանքը, որ վերջիվերջո հանրությունը, միջնորդները ղարաբաղյան խնդիրը դիտարկում են որպես տարածքային վեճ՝ իր բոլոր բացասական հետեւանքներով: Գնալով դա ավելի խորացավ եւ ամրապնդվեց: Ի օգուտ հայկական կողմերի՝ երկու պետությունների, այն հանգամանքն է, որ Ադրբեջանը դարձավ բռնապետություն»: