Էջմիածնում նման հարցեր չեն տալիս: Որովհետեւ այնտեղ բոլորը գիտեն, որ
քաղաքը վաղուց բաժանված է մի քանի հոգու մեջ: Թեեւ քաղաքապետ Հրաչ
Աբգարյանը մեզ հետ զրույցում պնդում էր, որ իրենք ամեն ինչ անում են՝
քաղաքը բոլորինը դարձնելու համար, բոլոր ցանկացողներին հնարավորություն են
տալիս «գործ դնելու», սակայն, մեղմ ասած, պրն Աբգարյանի ասածը հավատ չի
ներշնչում թեկուզ այն պարզ պատճառով, որ քաղաքի կենտրոնական մասերում մեր
աչքին ընկած մի քանի «աննշան օբյեկտներից» անգամ Էջմիածնի սովորական
քաղաքացին «քյար» չունի: Այսպես, օրինակ, քաղաքի ամենաբանուկ,
«ամենաշահութաբեր» հատվածում, քաղաքապետարանի անմիջական հարեւանությամբ
գործող երկու սրճարաններից մեկը պատկանում է ԱԺ պատգամավոր Հրանտ
Գրիգորյանին, մյուսը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի տիկնոջը՝ Նազիկին:
Իսկ թիվ 9 մանկապարտեզը գնել է հենց ինքը՝ գեներալ Գրիգորյանը, միայն թե
հետո փոշմանել ու վաճառել է: Մեզ չհաջողվեց ճշտել՝ գեներալն ինչքանո՞վ է
մանկապարտեզ առնում-ծախում, միայն հաջողվեց պարզել, որ մանկապարտեզի նոր
տերը՝ «Ավետիս» հեռուստաընկերության երբեմնի տնօրեն Էդիկ Սախկալյանը,
պատրաստվում է մանկապարտեզը քանդել եւ էլիտար շենք կառուցել: Էլիտար
շինարարությունն արդեն ընթացքի մեջ է:
Ն.Ա.