Մինչեւ տարեվերջ կավարտեն

21/12/2007

Երեւանում կառուցվող բոլոր վերգետնյա եւ ստորգետնյա անցումների երթեւեկելի հատվածները մինչեւ տարեվերջ բաց կլինեն: Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի հավաստմամբ` արդեն ավարտվել են Ազատության եւ Մյասնիկյան պողոտաների ստորգետնյա հետիոտն անցումների երթեւեկելի հատվածների շինաշխատանքները: Այդ անցումներում մնացել է հարդարման հետ կապված մի քանի օրվա աշխատանք: Ավարտվել են նաեւ Խանջյան-Վարդանանց փողոցների մեկ եւ Իսակովի պողոտայի երեք անցումների երթեւեկելի հատվածների ասֆալտապատման աշխատանքները: Ս. Դանիելյանը վստահեցրել է նաեւ, որ մինչեւ դեկտեմբերի վերջ ժամանակացույցի համաձայն` կբացվեն նաեւ Խանջյան-Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում կառուցվող տրանսպորտային հանգույցի Տիգրան Մեծ, ինչպես նաեւ Իսահակյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում կառուցվող ստորգետնյա անցման երթեւեկելի հատվածները: Ըստ Ս. Դանիելյանի` առաջիկա օրերին կավարտվեն նաեւ Բաղրամյան-Կիեւյան հանգույցում կառուցվող էստակադայի ասֆալտապատման աշխատանքները: Էստակադայի միջոցով Կոմիտասի պողոտան Կասյան փողոցով կմիացվի Բաղրամյան պողոտային: