Հայրենիքի նկատմամբ սերը ցանկացած ազգի կարեւոր բաղադրիչներից է: Սակայն յուրաքանչյուր ազգ իր պատմության որոշակի հատվածում տարբեր շեշտադրումներ է անում` ողջ պետական մեքենան լիցքավորելով այդ շատ ուժեղ էներգետիկ լիցքով: Լինում է նաեւ հակառակը, երբ պետությունն է հասարակությանը լիցքավորում հայրենասիրությամբ` այս կամ այն խնդիրը լուծելու նպատակով: Այսպես, մեր աչքի առաջ Ռուսաստանը սեփական ժողովրդին լիցքավորում է հայրենասիրական մղումներով, ինչն, իհարկե, վատ չէ, սակայն կույր ազգայնամոլությանն ու ֆաշիզմին զոհ են գնում կամ տուժում նաեւ հայ երիտասարդները: Ռուսական հայրենասիրությունն իր հիմքում ունի հզոր Ռուսաստանի` իբրեւ կայսրության, իբրեւ կայսերական պետության, գաղափարը: Ռուսները հպարտ են իրենց ժողովրդով ու պետությամբ՝ այն հզորության, ուժի համար, որն անսասան է եղել ինչպես անցյալ դարերում, այնպես էլ ապագայում: Ռուս հայրենասերը ցանկանում է, որ Ռուսաստանը միշտ հզոր լինի, թեկուզեւ ազգային փոքրամասնությունների, ժողովրդավարության եւ սեփական երկրում մարդու իրավունքների որոշակի ոտնահարումների հաշվին: Եվ այստեղ է մտածողության պարադոքսը. մի կողմից` հայրենասերն ուզում է հզոր եւ միացյալ Ռուսաստան, մյուս կողմից` ժողովրդավարական ու ազատատենչ, ինչն այնքան էլ մոտ չէ իրականությանը: Եթե երկիրն իրոք ժողովրդավարական լինի, ապա նա անպայման կբաժանվի մի շարք պետությունների եւ կդադարի գոյություն ունենալ ներկայիս սահմաններում:
ԱՄՆ-ի հայրենասերը սիրում է իր հայրենիքն ու իր ազատությունը հենց այդ հայրենիքում` համարելով այն մեծագույն բարիք եւ՛ իր, եւ՛ աշխարհի ցանկացած քաղաքացու համար: Հենց այստեղ է երկու պետությունների կարեւորագույն տարբերությունը, պետության նրանց դոկտրինան:
Հայ հայրենասերն այն մարդն է, ով իր գլխավոր թշնամին է համարում Թուրքիային եւ թուրք ժողովրդին, պաշտպանում է իր երկրի շահերը, պատրաստ է ամեն ինչ անել ցեղասպանության ճանաչման համար, նաեւ պաշտպանելու Ղարաբաղի, Ջավախքի ու մնացած տարածքների շահերը, որոնք հայերի պատմական հիշողությունն են կազմում` որպես ամբողջական «ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»: Հայ հայրենասերը պատրաստ է կյանքը զոհել հանուն Հայաստանի, սակայն գործնականում դա այդպես չէ: Այդ պատճառով ես ստիպված եմ ասել, որ գոյություն ունի նաեւ կեղծ-հայրենասիրություն: Այն հատկապես շատ է խնջույքի սեղանի շուրջ, երբ դատարկախոսությունը դառնում է խնջույքի կարեւոր մասը: Կամ էլ, երբ շուկայում մեծ պահանջարկ ունի հայրենասիրությունը, ամենամեծ հայրենասերը դառնում է դատարկախոսը:
Համաձա՞յն եմ արդյոք ես իրերի նման դրության հետ` որպես վերլուծաբան, եւ ի՞նչ պետք է անեն Հայաստանն ու հայ ժողովուրդը, որպեսզի տարածաշրջանային համագործակցության ոլորտում հզոր տերությունների հետ երկիրը հասնի զարգացման նոր աստիճանի: Որեւէ մեկը կարող է ասել, որ դրա համար հարկավոր է, որ տանն ամեն ինչ կարգին լինի, գոնե հիմնականում: Դա ճիշտ է: Իրենց կուրծքը ծեծող հայրենասերները, որոնց թվին եմ ես դասում բոլոր քաղաքական կուսակցություններն ու ներկայիս իշխանություններին, իրենց խոսելացավով այսօր, վնասելուց բացի, այլ բան անել չեն կարող: Երկիրը պետք է դուրս գա հեղափոխական այս գալարապտույտից, որի մեջ 1990-ից նրան ներքաշել են այն մարդիկ, որոնք այսօր կրկին կանգնել են ժողովրդի առջեւ, սակայն՝ արդեն ծերացած: Երկիրը պետք է էվոլյուցիոն ճանապարհով զարգանա, բայց դրա համար ավելի ճիշտ ուղղություն, ճիշտ կողմնորոշիչներ են հարկավոր, ոչ թե այնպիսին, ինչպես բարձրաձայնեց վարչապետը: Ավտոմեքենաներ եւ տներ գնելու մասին ասվածը մի հինգ տարի հետո կարելի է եւ կատակ համարել կամ անլուրջ վերլուծություն:
Հայաստանը դանդաղ առաջընթացի, մտածված ինքնամաքրման, բարեկեցության հաստատուն աճի հնարավորություն ունի, բայց դրա համար իսթեբլիշմենթի մեջ հայրենասերներն անհամեմատ քիչ պետք է լինեն, բաժակաճառերն ու հայրենասիրական ելույթները սեղանի շուրջ չպետք է լինեն, եւ այդ ժամանակ կարելի կլինի խոսել այն մասին, որ վերլուծությունը տարվում է իրական չափանիշներին համապատասխան, եւ, որ մենք սկսում ենք հասկանալ մեր երկիրն ու այն իրավիճակը, որի մեջ հայտնվել ենք: Այս ամենը կմաքրի մեզ կոռուպցիայից եւ այն ժողովրդավարությունից, որը բոլորին տեսանելի է, բայց որի մասին բոլորն ամոթխածորեն լռում են: Այնինչ ընտրությունները, ով էլ որ լինի թեկնածուն, պետք է լեգիտիմ լինեն: Առանց դրա բարձրաստիճան պաշտոնյաները նույն թեթեւությամբ ղեկավարելու են եւ՛ ապագա նախագահին, եւ՛ խորհրդարանը, եւ՛ կառավարությանը: Քանզի նման կրիմինալ-հայրենասիրական պայմաններում չկա ավելի լավ հայրենասեր, քան տաքուկ տեղում երկիրը ղեկավարող չինովնիկը: Նրանց անունները աչքի չեն ընկնում ո՛չ թերթերում, ո՛չ հեռուստատեսությամբ, սակայն նրանք իշխանության ողնաշարն են` մանիպուլյացիաների այդ մեծ եւ անհոգի պրոֆեսիոնալները: Հենց նրանք էին հռոմեացիների եւ պարսիկների, թուրքերի կամ ռուսների օրոք հարկ վերցնում, հենց նրանք էին մի փոր հացի համար ստորություն անում եւ դատապարտում անմեղ մարդկանց, թալանում աղքատներին: Այդ նրանք էին անդադար կատարելագործում իրենց երեսպաշտությունը, որպեսզի 20-րդ, հիմա՝ նաեւ 21-րդ դարում մշակեին լկտի, դաժան, ագահ ու կիսագրագետ, բայց չինովնիկական հարաբերությունների համակարգում հիանալի կողմնորոշվող հայրենասերի արժեքային փառահեղ համակարգ: Եվ քանի դեռ այդ համակարգը հիմնվում է կեղծ «հայրենասիրության» վրա, ոչ թե ազնիվ մարդկանց պրոֆեսիոնալիզմի, երկիրը միշտ էլ կանգնած է լինելու կործանման եզրին: Մինչդեռ Հայաստանը բոլոր շանսերն ունի դուրս գալու իր սահմաններից եւ դառնալու ռազմավարական հարցերում տարածաշրջանային համագործակցության միջազգային ինտեգրացիայի սուբյեկտ: Այն բանից, թե տվյալ երկրի քաղաքացին ինչ իմաստ է դնում «հայրենասիրություն» բառի մեջ, կարելի է դատել ազգի աշխարհընկալման հետադիմականության կամ առաջադիմականության մասին: Ազգի հայացքների հետադիմականությունը (այդպիսին է եղել մեր քաղաքական միտքը դարեր շարունակ, այն այսօր էլ վեր չի բարձրանում լրագրային վերլուծության մակարդակից) անխուսափելիորեն կհանգեցնի ռազմավարական պարտության, ինչքան էլ որ մենք քաջություն ունենանք: Չկան ազգեր, որոնք ստրկացված վիճակում ծայրահեղ հայրենասիրությամբ վարակված չլինեն (դրա վառ օրինակը պաղեստինցի մահապարտ պատանիներն են), պատրաստ չլինեն ցանկացած զոհաբերության: Այդպես է եղել նաեւ մեզ հետ, երբ մենք պետականություն չունեինք, նաեւ ցեղասպանության ժամանակ: Դրա վառ ապացույցը կարելի է համարել Դաշնակցության «Մահ կամ ազատություն» կարգախոսը: Այդպես էր մտածում ոչ միայն կուսակցությունը, այլեւ ողջ ժողովուրդը:
Ներկայիս պայմաններում հայրենասիրության փոխակերպումը զարգացող պետության մեջ քաղաքական մտքի կարեւորագույն խնդիրներից է: Դրա փոխարեն մենք տեսնում ենք, թե ինչպես են երեկվա եւ այսօրվա կուսակցական առաջնորդները, հասարակական եւ քաղաքական կազմակերպությունները մի մարդու պես կուրծք ծեծում` խոսելով հայրենիքի նկատմամբ սիրո մասին, հայրենիք, որը լքել են բազմահազար մարդիկ, որոնք նրանց նման խոսում էին Հայաստանի նկատմամբ իրենց սիրո մասին: Այսպես է եղել նաեւ Արեւմտյան Հայաստանում, որտեղ հազարավոր հայրենասերներ կային… Որտե՞ղ են նրանք հիմա, եւ որտե՞ղ է հիմա Արեւմտյան Հայաստանը: Իսկ երկիրը լքողներ դեռ կան…
Հայրենասիրության այն տեսակը, որը ես տեսնում եմ Հայաստանում, դատարկ հնչյուն է, երկիրը թալանողների կեղծավորությունը, որոնք չեն հասկանում, որ արժեքային այս համակարգում թալանում եւ ոչնչացնում են ժողովրդի ամենամեծ արժեքը` հավատը սեփական անկախ հայրենիքում արդարության գոյության նկատմամբ: Առաջին աշխարհամարտի ծանր տարիներից, ցեղասպանությունից եւ երկու գերտերությունների փլուզումից հետո, որոնց կազմում ապրում էին հայերը, հայոց հավատը դեպի արդարություն չի սպանվել այնպես, ինչպես հիմա: Մեզ պետք է իրականություն, որը մենք պետք է տեսնենք ու հասկանանք, ուղղենք եւ ապրենք, ոչ թե կեղծիք, որը ոչնչացնում է բոլոր վերը նշված կապերը: Եվ քանի դեռ երկրում յուրաքանչյուր մարդու, մարդու եւ իշխանության ու երկրի ներսում չլինի սթափ ու հանգիստ հայացք արդարության նկատմամբ, ոչ մարդը, ոչ երկիրն ապագա չեն ունենա: