Երբ եղանակը ցրտում է, պետք է քիչ օգտագործել խմորեղեն ու կաթնամթերք, քանի որ այս մթերքները նպաստում են օրգանիզմում լորձի առաջացմանը, իսկ մրսածությունը հենց ինքը՝ լորձն է: Կաթն ընդհանրապես ամենաշատ լորձ առաջացնող մթերքն է: Շատ լավ օգնում է կոճապղպեղի կամ, ինչպես ընդունված է ասել, իմբիրի թեյը: 1 բաժակ ջրի համար վերցնել 1 թեյի գդալ իմբիր, մի քիչ շաքարավազ կամ մեղր: Ստացվում է շատ համեղ խառնուրդ, որը տաքացնում է օրգանիզմը, եւ մրսելու հավանականությունը քիչ է:
Տաք վաննա կամ ցնցուղ ընդունելուց հետո լավ սրբվել սրբիչով եւ մարմնին քսել զեյթունի ձեթ: Այն մարմինը պատում է բարակ թաղանթով, ու մարմինն ավելի երկար է կարողանում պահպանել իր ջերմությունը: Ձեթը խոչընդոտում է մաշկի չորանալուն: Սառնամանիքի ժամանակ մաշկը չորանում է այնպես, ինչպես` լվացված սպիտակեղենը: Երբ հոդերը սկսում են մի տեսակ ճթճթալ, ուրեմն ձեթի օգնությանը դիմելու ժամանակն է: Այս երեւույթը հաճախ հանդիպում է տարեց մարդկանց շրջանում:
Եթե արդեն սկսվել է հարբուխ. Վերցնել լուցկու հատիկ, այն փաթաթել բամբակով, թաթախել մեղրի մեջ, այնուհետեւ՝ բուսական յուղի մեջ: Լուցկու հատիկը դնել աջ քթանցքի մեջ եւ պառկել հենց աջ կողմի վրա 20 րոպե: Հետո նույն բանը կրկնել ձախ քթանցքի համար: Այս դեպքում կարելի է փորձել նաեւ սխտորի կաթիլներ` 1 կաթիլ սխտորը 10 կաթիլ ձեթի հարաբերությամբ: Բայց սխտորի հետ պետք է շատ զգույշ լինել, որովհետեւ այն չարաշահելու դեպքում հնարավոր է վնասել լորձաթաղանթը:
Եթե ցավում է կոկորդը. Վաղ առավոտյան, անմիջապես քնից արթնանալուց հետո, բերանի մեջ լցնել մեկ ճաշի գդալ արեւածաղկի ձեթ եւ ոչ թե կուլ տալ, այլ պահել բերանում ու ծծել ինչպես կոնֆետը, մինչեւ ձեթի սպիտակակաթնավուն նոսր հեղուկ դառնալը, այնուհետեւ թափել բերանից: Այս հասարակ վարժության շնորհիվ բուժվում են շատ հիվանդություններ:
Կոկորդի համար շատ լավ է «առյուծի դիրք» վարժությունը: Այդ ժամանակ պետք է 3-4 անգամ, հնարավորինս երկար, լեզուն հանել բերանից, մինչեւ վարժությունը սկսի ցավ պատճառել: Նշիկները սնուցվում են արյան միջոցով, եւ եթե այնտեղ ինչ-որ երեւույթներ կան, այն շատ լավ օգնում է: Մաստակ ծամելը եւս նպաստում է նշիկների արյան մատակարարմանը: