Աբովյանում այս տարվա հունվարին մահացած իր 87 տարեկան հոր թաղման վրա
Վազգեն Փիրիջանյանը ծախսեց մոտ 800 դոլար: Փողի մոտ 80%-ը ծախսվեց
հոգեհացի կամ, ինչպես ժողովրդի մեջ են ասում, քելեխի վրա: Հոգեհացը
թաղումից հետո բացված սեղան է. «Քելեխի սեղանը հարսանիքի սեղան ոնց որ
լիներ,- ասում է Վազգենը,- մի շաբաթ ամեն օր սեղան ես գցում, հա մարդ էր
գալիս: Ես դեմ չեմ, մարդը մեռել ա, իրա կողմից ոնց որ վերջին սեղանն ա
գցվում: Կարելի է, որ քո ուժերի չափով սեղան գցես, ու միայն հարազատները
գան: Բայց ամեն մարդ գալիս ա, սոված ժողովուրդ են, հա հաց են ուտում»:
Վազգենը ձմեռները չի աշխատում, միայն տաք եղանակներին երբեմն վերանորոգման
գործ է անում: Տան միակ աշխատողը կինն է, ստանում է 35.000 դրամ, որ
հերիքում է կոմունալ ծախսերին եւ դստեր ուսմանը: Հետեւաբար, հոր մահվան
համար արված ծախսը պիտի թվա շռայլություն: Սակայն նա այլ ճար չուներ,
հասարակության մեջ համարվում է անպատվաբեր, երբ որեւէ մեկը թաղումից հետո
սեղան չի կարողանում գցել. «Պիտի անենք, որ չանենք, խայտառակ կլինենք»,-
ասում է կինը` Աիդան: Նա Ղարաբաղի Թալիշ գյուղից է եւ հիշում է, որ երբ իր
հայրը մահացավ, այնտեղ երկու եզ մորթեցին ու Երեւանից մի Երազ մթերք
բերեցին: Գյուղերում թաղմանը ամեն տնից գոնե մեկը պարտադիր պիտի լինի
հոգեհացին: Աիդայի հոր հոգեհացին 500-ից ավելի մարդ է մասնակցել: Վազգենին
թաղման ծախսերի համար օգնել էին Ամերիկայում բնակվող հարազատները, որոնք
էլ իրենց հերթին այնտեղ էին հոգեհաց տվել ու մոտ 4.000 դոլար ծախսել:
Սակայն Վազգենի տված հոգեհացը Աբովյանում համարվում է ոչ շատ շքեղ:
Օրինակ, երբ նրանց հարեւանի կինն էր մահացել, մի քանի անգամ ավելի շատ
մարդ էր եկել, ու նրանք յոթ օրվա փոխարեն՝ 40 օր են անընդհատ սեղան բացել:
Մեկ այլ աբովյանցի՝ Խաչատուր Գրիգորյանը, պայքարում է, որ հոգեհացի
սովորությունը հանվի ժողովրդի միջից, եւ վստահ է, որ դա կարող է անել
եկեղեցին, բայց չի անում. «Մի անգամ թաղումից հետո գնացինք հոգեհացի համար
վարձված սրահ,- պատմում է նա,- մոտ 150 մարդ կար: Սեղանը կամաց-կամաց
վերածվեց խնջույքի: Այդ ուտող-խմող բազմության մեջ վշտահար հանգուցյալի
տղան մոլորվել էր ու ինձ բողոքում էր, թե ինչպե՞ս պիտի իր պարտքերի տակից
դուրս գա»:
Գրիգորյանը մտահոգվում է եւ դիմում քահանային. «Ասացի` Տեր հայր, մարդուն
պետք է հարգել, քանի դեռ կենդանի է, մեռնելուց հետո արած ծախսերը
հանգուցյալի պատիվը չեն ավելացնում: Իսկ մարդիկ չարախոսում եւ վատ զավակ
են համարում նրան, որ նման ծախսերի հնարավորություն չունի: Քահանան ուսերը
թափահարելով ասաց` ի՞նձ ինչ, չունեն՝ թող չանեն»:
Նա ասում է, որ հոգեհացը քրիստոնեական չի, եւ նման սովորություն
ժողովուրդը չի ունեցել նախկինում, այն մի ծանր լուծ է, որ դրված է
ժողովրդի վզին: Սգահանդեսներում հացկերույթն ու հարբեցողությունը Աստծուն
հաճելի չեն, եւ դա տնաքանդություն է շատերի համար: Գրիգորյանը
80-ականներին ներգաղթել է Իրանից եւ ասում է, որ պարսկահայերը նման
սովորություն չունեն, այնտեղ միայն գերեզմանոցում հալվա են բաժանում
աղքատներին:
«Եթե ճոխ սեղանով ու շատ օղորմաթաս խմելով պիտի հանգուցյալի հոգին փրկվի,
ապա էսօրվա ջիպերով ման էկողները հենց ջիպով էլ երկինք են բարձրանալու,
քանի որ նրանց համար տված ամենաճոխ հոգեհացի սեղաններին ավելի շատ
օղորմաթաս կխմեն,- ասում է Գրիգորյանը։ -Բայց չէ՞ որ Քրիստոսն ասում է`
ավելի շուտ ուղտը ասեղի ծակով կանցնի, քան հարուստը երկնային արքայություն
կմտնի»:
Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր-Կորյունն ասում է, որ հանգուցյալի հոգու
համար են հոգեհաց տալիս, որ Աստծուն հաճելի լինի, եւ որ աղանդավորություն
է կարծել, թե մարդու մեռնելուց հետո ողջերը չեն կարող բարեխոսել Աստծուն
հանգուցյալի հոգու համար: Օրինակ, երբ հոգեհացի սեղանին խմում են օղորմի,
իմաստն այն է, որ Աստված ողորմած լինի հանգուցյալի նկատմամբ ու խիստ չդատի
նրան. «Ես միշտ ասում եմ` հոգեհացը չի կարելի խնջույքի վերածել: Հեռվից
մարդը եկել է թաղման, եւ պետք է վերջում մի կտոր հաց ուտի: Հոգեհացը մատաղ
է հանգուցյալի հոգու համար, բայց երբեք չպիտի վերածվի ցուցամոլության»,-
ասում է նա:
Նույն եկեղեցու մեկ այլ քահանա՝ Տեր-Շահենը, «խելագար մրցավազք» է
անվանում հոգեհացը, ուր յուրաքանչյուրը զարմացնում է իր գցած սեղանով:
Վերջերս նա ներկա է եղել Անի հյուրանոցի ռեստորանում բացված հոգեհացի ճոխ
սեղանի. «Թաղումները մղձավանջ են դառնում, մի կողմում դիակն է դրված,
մյուս կողմում խաշլաման են անում: Հոգեհացը պետք է սիմվոլիկ լինի, օրինակ,
արտասահմանի հայերը գերեզմանոցում աղքատներին քաղցրավենիք են բաժանում:
Մնացած գումարները տրվում են բարեգործության, որ ավելի աստվածահաճո է»:
Հիշում է, երբ մանկության տարիներին իր ծննդավայրում մարդ էր մեռնում,
հանգուցյալի տանը ոչ միայն հոգեհաց չէին տալիս, այլեւ 40 օր կրակ չէին
վառում, եւ հարեւաններն էին նրանց համար ջուր տաքացնում: Հոգեհացի նման
սովորությունը նա չի համարում հայկական, մանավանդ, որ սեղանի գլխավոր
բաղկացուցիչը ռուսական օղին է, այլ խմիչք չի օգտագործվում: Որպես
օրինակելի դեպք է նշում՝ վերջերս եղած մի կնոջ թաղումը: Հանգուցյալի փեսան
սփյուռքահայ է. նա գերեզմանում հայտարարել է, թե հոգեհաց չի լինելու, եւ
համապատասխան գումարը գնալու է բարեգործության: