Ինչպիսի հիվանդությունների պատճառ կարող են դառնալ սթրեսները
Շատ բան է կախված մարդու հոգետիպից: Յուրաքանչյուրի մոտ տարբեր դրսեւորումների պատճառ կարող է դառնալ սթրեսը` դեպրեսիայի, վախի կամ ներքին օրգանների որեւիցե հիվանդության: Խոլերիկների մոտ հաճախ սթրեսը քողարկվում է սիրտ-անոթային հիվանդություններով, ինչպիսիք են հիպերտոնիան, կաթվածներն ու տասներկումատնյա աղիի խոցը: Մելանխոլիկների դեպրեսիան հիմնականում արտահայտվում է ստամոքսի խոցի ու մաշկային հիվանդությունների տեսքով: Իսկ սանգվինիկներն ու ֆլեգմատիկներն այնքան էլ հակված չեն նյարդային հողի վրա առաջացող հիվանդություններին:
Դեպրեսիաներ բուժելը հեշտ չէ: Չէ՞ որ եւ՛ հիվանդը, եւ՛ բժիշկը կարող են պարզապես չկասկածել, որ հիվանդի տառապանքների ու ջղաձգումների պատճառը սթրեսն է: Իսկ ահա փորձառու հոգեթերապեւտը կարող է օգնել: Ովքե՞ր են համարվում ռիսկի խումբ: Կա մարդկանց մի խումբ, որոնց մոտ ընդհանրապես դեպրեսիաներ ու սթրեսներ չեն առաջանում: Այսպիսի մարդկանց թիվը կազմում է 5-7տոկոս, եւ հասարակության մեջ նրանց ասում են «արեւային էակներ»: Մարդկանց մի խումբ էլ կա, որ շատ զգայուն է, նրանց տրամադրությունը կարող է առանց պատճառի փոփոխության ենթարկվել` կապված, օրինակ, եղանակի փոփոխության հետ: Այսպիսի մարդկանց քանակը կազմում է մոտ 20 տոկոս: Ամենամեծ ռիսկի խումբ են համարվում կասկածամիտ ու տագնապահար բնավորության գծերով մարդիկ: Վերջին ու ամենակարեւոր խումբն այն մարդիկ են, որոնք «միջին տարիքի ճգնաժամ են տանում»` կախված կլիմակտերիկ երեւույթների հետ:
Ինչպե՞ս են առաջանում սթրեսները
Մարդկանց մեծ մասը նյարդային լարվածության հիմնական պատճառ համարում են ժամանակի սղությունը եւ այդ սուղ ժամանակում չտեղավորվելու խնդիրը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այսօր մարդը տարեկան 300 ժամ ավելի է աշխատում, քան քառորդ դար առաջ: Այսօր «հալածված ձիու» զգացողությունը շատերին է ծանոթ, որը նպաստեց «քրոնիկական հոգնածություն» տերմինի առաջ գալուն, եւ ինչն էլ իր հերթին անհատին սթրեսի հանդեպ զգայուն է դարձնում: Տնտեսական ու կենցաղային խնդիրները եւս կարող են սթրեսի աղբյուր հանդիսանալ: Օրինակ, Կանադայի Սթրեսի ինստիտուտի տնօրեն Ռիչարդ Էռլը հավաստում է, որ «այսօրվա մարդն ապրում է անվստահության մթնոլորտում: Ոչ ոք չգիտի, թե ինչ է բերելու վաղվա օրը, չգիտես, թե որտեղ կլինի հաջորդ պայթյունն, ու որտեղ արյուն կհեղվի»: Կարելի՞ է արդյոք ապրել առանց սթրեսների: Գիտությունը գտնում է, որ` ոչ: Կյանքը հենց ինքը տարբեր հակասությունների աղբյուր է, եւ պետք է ասել, որ հենց կյանքն էլ տարբեր սթրեսների առաջացման պատճառ է հանդիսանում:
Իսկ ահա Վաշինգտոնի համալսարանի դոկտոր Թոմաս Հոլմսի հետազոտությունների արդյունքում կազմվել է մի աղյուսակ, որը ներկայացնում է կյանքում պահեր, որոնց հետեւանքով մարդը սթրես է ապրում, իսկ հետո էլ հիվանդանում, օրինակ, նեւրոզով: Ըստ դոկտոր Հոլմսի` կրիտիկական շեմը 300 միավորն էր, բայց գրեթե բոլոր թեստավորողները անցնում էին 300 միավորը: Այսինքն` այդ 300 միավորը սեւ գիծ է համարվում, որի դեպքում շտապ պետք է դիմել բժշկի եւ փոխել կյանքի հանդեպ վերաբերմունքը:
Ամենաքիչ սթրեսի պատճառ են հանդիսանում փոքրիկ օրինախախտումները` կարմիր լույսով փողոց անցնելը կամ առանց տոմսի երթեւեկելը (11 միավոր): Տարեմուտյան հոգսերը`12 միավոր, արձակուրդ գնալը` ճամպրուկներ հավաքել, ռեժիմի փոփոխություն եւ այլն` 13 միավոր, սննդակարգի սահմանափակումները` 15 միավոր, ամառային ու ձմեռային ժամերի փոփոխությունը` 17 միավոր, բնակավայրի ու աշխատավայրի փոփոխությունը` 20 միավոր, ղեկավարության հետ ունեցած կոնֆլիկտը` 25 միավոր, բուհ կամ մի այլ տեղ ընդունվելը`28 միավոր, ամուսնալուծությունը՝ 73 միավոր, սիրած էակի մահը` 100 միավոր եւ էլի շատ կյանքի դրական ու բացասական երեւույթներ: Եթե հաշվենք վերը նշված միավորները, կտեսնենք, որ գումարը 300-ից անցնում է:
Բժիշկ-սեքսապաթոլոգ Ռուզաննա Ազատյանի հավաստմամբ` մեծ թիվ են կազմում սթրեսային ռեակցիաների ու նյարդային գերլարված վիճակների պատճառով առաջացած սեռական խանգարումները: «Տեւական սթրեսային ռեակցիան տղամարդկանց մոտ սեռական թուլության, ինչպես նաեւ՝ սեռական ցանկության նվազման պատճառ է հանդիսանում: Կանանց մոտ դա արտահայտվում է սեռական ցանկության բացակայությամբ եւ անօրգազմիայով: Այս դեպքում սեռական խանգարումները մի կողմից՝ տեւական սթրեսային վիճակի հետեւանք են հանդիսանում, մյուս կողմից՝ արտասովոր շրջանի սկզբունքով խորացնում են նյարդային գերլարված վիճակը: Իհարկե, այս եւ այլ խանգարումների դեպքում բժշկի միջամտությունն անհրաժեշտ է՝ հոգեկան եւ մարմնական առողջությունը վերականգնելու համար»,- գտնում է Ռ. Ազատյանը:
Կան մի քանի հստակ նշաններ, որոնց դեպքում կարելի է կողմնորոշվել եւ դիմել բժշկի` տեւական վատ տրամադրություն եւ հոգնածություն, տկարություն ու լարվածություն եւ ընդհանուր գերզգայունություն, ինչպես նաեւ՝ երբ արդեն առավոտյան արթնանում եք հոգնած ու վատ տրամադրությամբ, ինքնազգացողության մասին սեւե-ռուն մտքերով:
Ընդունված է սթրեսի դեմ պայքարել ալկոհոլի օգնությամբ, սակայն այն ոչ թե հանում է մարդուն սթրեսային վիճակից, այլ ավելին` կարող է կախյալություն առաջացնել: Այնպես որ, հարբածության աստիճանի հասնելը վտանգավոր է:
Շատերը սթրեսի ժամանակ դիմում են ֆիզիկական աշխատանքի օգնությանը: Ակտիվ ֆիզիկական աշխատանքն ու ցուրտը սթրեսների ժամանակ խստիվ հակացուցված են, որովհետեւ խժռում են էներգիայի լրացուցիչ քանակը:
Առհասարակ նման դեպքերում ցանկալի չէ օգտագործել սուրճ եւ կոֆեին պարունակող ըմպելիք, յուղոտ ու տապակած մթերքներ եւ չի կարելի չարաշահել կենդանական ծագում ունեցող սպիտակուցները: Սթրեսի ժամանակ մեր օրգանիզմում արտադրվում են ադրենալինի ու կորտիզոլայի մեծ քանակության հորմոններ, որոնց համար անհրաժեշտ են վիտամիններ` C, B, մագնեզիում, ցինկ եւ այլ հանքային նյութեր: Սթրեսային իրավիճակներում այս էլեմենտների պակասն է զգացվում օրգանիզմում: Հետեւաբար, սթրեսի համար առաջին հակահարվածը կարող է հանդիսանալ այն կերակրացանկը, որն ուղղված կլինի օրգանիզմն այս էլեմենտներով լրացնելուն: Այդպիսի մթերքներ են կանաչտերեւ բանջարեղենները, գազարը, դդումը, բոլոր տեսակի ընդեղենը, ձուկը, ընկույզը, բուսական յուղը, բոլոր տեսակի մրգերը, հատկապես` արեւադարձային ծագում ունեցող, մասուրը, սեւ հաղարջը, մեղրը:
Ինչպե՞ս են «աստղերը» պայքարում սթրեսի դեմ
Չնայած շոու-բիզնեսի աստղերն ունեն այն ամենը, ինչի մասին կերազեին սովորական մարդիկ, բայց նրանք էլ յուրովի են սթրեսներ ունենում: Ահա թե ինչպես է սթրեսի դեմ պայքարում Ալլա Պուգաչովան։ «Ես ունեմ մի կախարդական ռետին, որի օգնությամբ ես կյանքից մաքրում եմ բոլոր վատ օրերը, հիշողություններն ու հիասթափությունները: Ի՞նչն է խանգարում ձեզ ձեռք բերելու նման մի ռետին»,- ասում է երգչուհին:
Երգչուհի Ալսուն գտնում է, որ իր կենդանակերպի նշանին` Խեցգետնին, բնորոշ են դեպրեսիոն վիճակները, բայց ինքը հաճախ է զբաղվում աուտոթրեյնինգով. «Հենց գլխումս տխուր մտքեր են ծագում, հիշում եմ, որ ես ունեմ սիրելի աշխատանք, իմ կողքին են ծնողներս, ամեն ինչ հիանալի է, իսկ կան մարդիկ, որոնք ոչինչ չունեն… Այդ ժամանակ ինձ մոտ բարեգործություն անելու ցանկություն է առաջանում, որից հետո ամեն ինչ իր տեղն է ընկնում»:
Ռուսական փոփ երաժշտության «խենթ կայսրուհին»` Իրինա Ալեգրովան, անխուսափելի սթրեսը հանում է «խոհանոցաթերապիայով»: Կարող է գիշերվա կեսին վեր կենալ ու կանգնել գազօջախի մոտ` եփել, թխել ու տապակել: Իհարկե, սթրեսից դուրս գալու լավագույն միջոցներ է համարում քունն ու ռուսական բաղնիքը:
Լոլիտան հաղթահարելով ծանր դեպրեսիոն վիճակը՝ հիմա փորձում է օգնել իր նման միայնակ կանանց: Իսկ կյանքում նրա նշանաբանն է՝ «ժամանակը կբուժի, բայց պետք է նրան օգնել»:
Նիկոլայ Բասկովը սթրեսից ազատվում է ընկերների ու մտերիմների հետ շփման միջոցով:
Իրինա Խակամադան սթրեսը հանում է, երբ միսը գազարով ու սոխով տապակում է: «Ես այդ ժամանակ մոռանում եմ Ժիրինովսկուն ու բոլոր բանավեճերը»:
Իսկ ահա Վլադիմիր Պուտինի կարծիքով՝ սթրեսն ու գերհոգնածությունը թոթափելու լավագույն միջոցը ջուրն է:
Հոլիվուդի կինոաստղ Դաստին Հոֆմանը գտնում է, որ իր կյանքում ամեն ինչի հասել է հոգեթերապեւտի մոտ գնալուց հետո: ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ֆիզիկական վարժությունները համարում է իր կյանքի մի մասնիկը: Ամեն օր նա 5 կիլոմետր վազում է: Իր ամուսնուց ետ չի մնում նաեւ Լաուրա Բուշը: