Բաց նամակ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին

21/12/2007

Հարգարժան պարոն Վարչապետ

Երեւանի Սայաթ-Նովա 12 շենքի բնակիչներս գիտակցում ենք, թե ինչպիսի գերծանրաբեռնված շրջան է հիմա Ձեզ համար, սակայն այլ ելք չունենք: Ստիպված ենք դիմել Ձեզ: Դիմում ենք Ձեզ` բնակիչներին անհանգստացնող մեր շենքի ներքնահարկում գործող «Բունկեր» բար-դիսկոտեկի աննկարագրելի աղմուկի վերաբերյալ: Երբ 2007թ. հունվարին «168 Ժամ» թերթում բնակիչների կողմից տպագրվեց «Բաց նամակ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին» հոդվածը, երկար ժամանակ դիսկոտեկը դադարեց գործել: Սակայն արդեն մի քանի ամիս է, ինչ այդ բար-դիսկոտեկը կրկին վերսկսել է իր գործունեությունը, ընդ որում` հիմա այդ աղմուկը շատ ավելի բարձր է: Շենքի տակ գործող վերոհիշյալ «Բունկեր» բար-սրճարանում կազմակերպվող դիսկոտեկի աղմուկը մեզ հունից հանում է: Դադար չունենք ոչ գիշերը, ոչ ցերեկը: Երեխաները չեն կարողանում դաս սովորել, իսկ շենքի մնացած բնակիչները, հատկապես ծերերը, անքնությունից տառապում են: Մեր բոլոր դիմում-խնդրանքները բար-դիսկոտեկի ղեկավարությունն արհամարհում է: Այս վիճակից դուրս գալու համար խնդրում ենք Ձեր միջնորդությունը մեր հանգիստը ապահովելու` վերացնելով այդ աղմուկը:

Կանխավ շնորհակալ ենք
Սայաթ-Նովա 12շ. մի խումբ բնակիչներ:
(8 ստորագրություն)