Երկսակագնային հաշվիչներով կզբաղվեն նաեւ իրավապահները

12/05/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

1999թ. Ճապոնական բանկի տրամադրած մոտ ութ մլն դոլար գումարով սոցիալապես
անապահով խավի համար երկսակագնային հաշվիչների տեղադրումն իրականացնող
ընկերությունների մրցույթը հինգ տարվա ձգձգումներից հետո, ի վերջո, այս
տարի անցկացվեց: Հաղթեց հայկական «Էներգոկոնցեռն» ընկերությունը: Ինչպես
գիտենք, մրցույթն անմիջապես չեղյալ հայտարարվեց: Այս ծրագրի երկար
ձգձգման, պայմանագրային պահանջների եւ մրցույթին առնչվող որոշ հարցերի
մասին զրուցեցինք էներգետիկայի փոխնախարար Արա Սիմոնյանի հետ: Պարոն
Սիմոնյանը նախապես զգուշացրեց, որ մրցույթի մանրամասների մասին չի խոսելու
այնքան ժամանակ, քանի դեռ հաղթողը պարզ չէ:

– Պարոն Սիմոնյան, տեղեկություններ կան, որ ռուսական «Ասեն»
կազմակերպության առաջարկը մրցույթից հանվել է Հայաստանում
ներկայացուցչություն չունենալու պատճառով:

– Ես էլ տեղյակ եմ, որ ռուսական «Ասեն» եւ գերմանական «Սիմենս»
ընկերությունները որակազրկվել են: Դա տեխնիկական պահանջի հետեւանք է եւ չի
կարող կապված լինել այստեղ ներկայացուցչություն ունենալու հետ: Այդ
ընկերությունների առաջարկների մանրամասները մեր պահանջներին չէին
բավարարում: Քանի դեռ մրցույթն ավարտված չէ, այդ մասին մանրամասն չեմ
կարող խոսել, վերջնական ամփոփումը տեղի կունենա մրցույթի ավարտից հետո:
Բայց ասեմ, որ ներկայացուցչություն ունենալը մրցութային պայմաններով չի
պահանջվում: Ուրիշ հարց է, թե պահանջվում է կազմակերպել սպասարկում
երաշխիքային ժամկետներում եւ ճշտել, թե ինչ պայմաններում է կատարվելու
ետերաշխիքային սպասարկումը:

– Խոսակցություն եղավ, թե ճապոնական բանկի ներկայացուցիչները զարմացել
էին, որ 1999թ. կնքված վարկային պայմանագիրը մինչեւ հիմա իրականություն չի
դարձել: Ու որոշել էին ստուգել ու պարզել, թե ո՞րն է պատճառը:

– Ճապոնական բանկի ներկայացուցիչները տեղյակ են եղել բոլոր գործընթացներին:

– Լավ, այդ դեպքում ո՞րն էր վարկային ծրագրի այդքան երկար ձգձգելու պատճառը:

– Ծրագրի ձգձգումը պայմանավորված էր վարկային պայմանագրում կատարված
փոփոխություններով: Սկզբում շահառուն «Հայցանց» պետական ընկերությունն էր,
որի մասնավորեցումից հետո անհրաժեշտ էր վարկային պայմանագրում եւ նոր
սեփականատիրոջ (Բաշխիչ ցանցեր) ներդրումային ծրագրում փոփոխություններ
կատարել: Օբյեկտիվ պատճառներ էին, եւ ծրագրի իրականացումը ձգձգվեց մինչեւ
2004թ.: Պետք է ասեմ, որ ճապոնական բանկի պրակտիկայում սա առաջին դեպքն է,
երբ պետությունը պետական երաշխիքով ստացած վարկը տրամադրում էր մասնավոր
կառույցին: Որոշվեց, որ անկախ սեփականության ձեւից՝ այդ ծրագիրը պետք է
շարունակվի: Հայաստանի կառավարությունը պետք է պահպանի Ճապոնիայի
կառավարության նկատմամբ միջազգային համագործակցության
պատասխանատվությունը: Ուղղակի պետք էր այդ ամենին տալ փաստաթղթային
իրավաբանական ձեւակերպումներ: Այդ աշխատանքները պահանջեցին որոշակի
ժամանակ: Ուրեմն, 1999թ. ստորագրվեց վարկային պայմանագիրը, հետո անցկացվեց
խորհրդատվական ընկերության ընտրության համար միջազգային մրցույթը,
նախաորակավորման փուլը, որն էլ տեղի ունեցավ մասնավորեցման գործընթացից
հետո: 2004 թ. կեսից մրցութային գործընթացը մտավ իր բնականոն հունի մեջ:
Այս շաբաթ ակնկալվում է նոր նիստ:

– Ճապոնական բանկն այդ ծրագրի համար տրամադրել է մոտ 8 մլն դոլար վարկ:
Չինական ընկերությունը ներկայացրել է 3 մլն դոլարի առաջարկ եւ անցել է
նախաորակավորման փուլը: Այն երկիրը, որն իր տեխնիկայի որակով առաջատար է
ամբողջ աշխարհում, գումարային այդքան մեծ տարբերությամբ սխա՞լ է կատարել
ծրագրի գնահատումը: Եվ ընդհանրապես ովքե՞ր են գնահատել այդ ծրագիրը:

– Հաշվարկները եւ գնահատումները կատարում են տեղական մասնագետները ու
համաձայնեցնում են բանկի հետ: Մեր մասնագետները միջազգային խորհրդատուի
հետ սահմանում են միջազգային ժամանակակից պահանջներ: Որպես կանոն՝ հիմք են
ընդունում արեւմտաեվրոպական չափանիշները: Մրցույթին ընդունվում եւ
քննարկվում են միայն այն առաջարկները, որոնց տեխնիկական պարամետրերն այդ
չափանիշներից բարձր են: Իսկ այդ պահանջներին համապատասխանող առաջարկների
միջից ընտրում ենք նվազագույն գին ունեցող առաջարկը: Պայմանագրով գումարի
հնարավոր տնտեսում նախատեսված է եւ ամրագրված է, որ այն կուղղվի նույն
պայմանագրի մեկ այլ բաղադրիչի իրագործմանը: Այս դեպքում՝ բանավոր
համաձայնություն կա, որ տնտեսված գումարը կուղղվի «Շկադա»
օպտիկամանրաթելային կապի համակարգի իրագործմանը:

– Ովքե՞ր են պատասխանատվություն կրելու, եթե ծրագրի իրագործման ընթացքում
պարզվի, որ հաղթած ընկերության աշխատանքը չի համապատասխանում ներկայացրած
առաջարկին:

– Մրցույթի մեխանիզմը առավելագույնս խոչընդոտում է անորակ առաջարկի
ընդունումը: Անց է կացվել նախաորակավորման փուլ, այսինքն՝
ընկերությունների միջից ընտրվել են նրանք, որոնք արդեն աշխարհում
համապատասխան քանակի եւ համապատասխան որակի հաշվիչներ տեղադրելու փորձ
ունեն: Կապալառու ընկերության պատասխանատվության խնդիրը պայմանագրով
նախատեսված է: Եթե նա համապատասխան որակով ու համապատասխան ժամկետում
համապատասխան սարքավորումները չմատակարարեց, պայմանագրով նախատեսված
երաշխիքային գումարը կորցնում է: Մենք պայմանագիրը չեղյալ ենք
հայտարարում, երաշխիքային գումարը որպես հատուցում մնում է մեզ: Կրկնում
եմ, մեխանիզմն այնպես է ընտրված, որ մրցույթին կարող են հաղթել միայն մեր
պահանջները բավարարող տեխնիկական առաջարկ ներկայացրած ընկերությունները:

– Անորակ աշխատանքների համար միայն կապալառո՞ւն է պատասխանատու:

– Բոլոր վարկային միջոցները ներգրավվում են Հայաստանի Հանրապետության
տվյալ տարվա պետական բյուջեի մեջ, եւ բյուջետային փողերի ծախսի նկատմամբ
վերահսկման բոլոր մեխանիզմները կիրառելի են նաեւ այս դեպքում: Նման
մեխանիզմները նախատեսված են նաեւ այս պայմանագրի նախագծում, եւ
անհրաժեշտության դեպքում՝ դրանք ավելի կխստացվեն: Ամեն դեպքում մենք
ակնկալում ենք ստանալ բավարար հատուցում: Մենք պատահական ֆիրմայի հետ
երբեք պայմանագիր չենք կնքի: Եթե որեւէ ընկերության, որեւէ պաշտոնատար
անձի մեղքով տեղի է ունեցել ՀՀ բյուջեի փողերի ոչ արդյունավետ ծախս, ՀՀ
օրենսդրությամբ սահմանված են եւ գործում են խիստ պատժամիջոցներ:

– Վերջերս ԱԺ պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը ՀՀ վարչապետից այս մրցույթի
ընթացքի հետ կապված պարզաբանումներ խնդրեց: Ենթադրվում է, որ վարչապետի
մակագրությամբ պարոն Ազիզյանի դիմումին կպատասխանի Էներգետիկայի
նախարարությունը:

– Տեղյակ չեմ, համենայնդեպս, ինձ նման գրություն չի հասել: Իհարկե,
վարչապետն է որոշում, թե որ հարցադրմանը ով պետք է պատասխանի: Եղե՞լ է
արդյոք գրավոր հարցադրում, ես չգիտեմ: Պատասխանը մեզանից կպահանջվի՝
կտանք:

Հ.Գ. Նյութն արդեն պատրաստ էր տպագրման, երբ մեր աղբյուրներից հայտնի
դարձավ, որ երկսակագնային հաշվիչների մրցույթի ընթացքով սկսել են զբաղվել
ինչպես նախագահի Վերահսկողության ծառայությունը, այնպես էլ՝ իրավապահ
մարմինները: