Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում երեկ բացվել է «Ադրբեջանի օրեր» միջոցառումը, որն անցկացվում է «Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա. քայլ դեպի երկխոսություն» ծրագրի շրջանակներում: Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի խոսքերով՝ միջոցառումը կօգնի այս փուլում «գոնե երեխաներին» ավելի լավ «ճանաչել եւ հարգել» մեր հարեւաններին: «Մի քայլ արված է շատ սովորական, կարծում եմ, ճիշտ, բայց ընդամենը մի քայլ»,- ասել է Ա. Բլեյանը: Ադրբեջանի օրերին մասնակցում են նաեւ 6 ադրբեջանցիներ, ում անվտանգությունը ապահովելու նպատակով Երեւանում նրանց ուղեկցում են Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները: Ադրբեջանցի մասնակիցներից գրող, հրապարակախոս Սեյմուր Բայջանի կարծիքով՝ նման քննարկումները, իհարկե, լավ են մտավորականների միջեւ շփումների համար, բայց մեր հասարակությունները պատրաստ չեն երկխոսություն սկսելուն: «Բոլոր այս խաղաղարար ծրագրերը, նախաձեռնությունները ցանկացած պահի կարող է քանդել նետված մեկ արկը»,- ասել է Բայջանը: Ի պատասխան ադրբեջանական «APA» գործակալության հարցի, թե ի՞նչ պաշտոնական դիրքորոշում ունի ՀՀ Արտգործնախարարությունը Հայաստանում Ադրբեջանի շաբաթվա անցկացման վերաբերյալ, Արտգործնախարարության խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասել է. «Մենք դրական ենք վերաբերվում ցանկացած նախաձեռնությանը, որը միտված է Հարավային Կովկասում երկխոսության ծավալմանը»: «Կարծում ենք, այս նախաձեռնությունը վառ ապացույց է մեր նվիրվածությանը երկխոսությանն ու խաղաղությանը, այն, ինչի մասին Մադրիդում ձեզ տրված հարցազրույցում խոսեց ՀՀ ԱԳ նախարար Օսկանյանը,- ասել է Կարապետյանն ու հավելել,- Նման միջոցառումները՝ չլինելով ինքնանպատակ, պետք է ունենան իրենց շարունակությունը ծրագրում ներգրավված բոլոր երկրներում: Հանրային դիվանագիտության եւ ժողովրդական շփումների միջոցով է, որ հնարավոր է նպաստել ԼՂՀ հարցի շուրջ ընթացող խաղաղ գործընթացին»: