ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը 2007թ. հունիսին է ժամանել Հայաստան: Մինչ այդ նա Անկարայում աշխատել է ԱՄՆ դիվանագիտական առաքելության կազմում: Նա ՀՀ-ում կաշխատի մինչեւ ԱՄՆ նոր դեսպանի նշանակումը:
Դեկտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Փենինգթոնն ասել է, որ թեեւ ԱՄՆ-ը չունի դեսպան մեր երկրում, սակայն ՀՀ-ում ամերիկյան դիվանագիտական առաքելությունը գործում է լիարժեք: Ջ. Փենինգթոնը, որի կինն ազգությամբ թուրք լրագրող Ամբերին Զամանն է, վարժ խոսում է հայերեն, ռուսերեն եւ թուրքերեն լեզուներով: Հայերեն լեզուն նա սովորել է տասը ամսում: Չնայած հայերենի լավ իմացությանը, լրագրողների հարցերին Ջ. Փենինգթոնը պատասխանել է անգլերեն լեզվով: Լրագրողներին հետաքրքիր էր, թե ինչ վիճակում է ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպանի նշանակման գործընթացը, ինչն արդեն մոտ մեկ տարի ձգձգվում է: Ջ. Փենինգթոնն ասել է, թե Սպիտակ տունը մոտ ապագայում կառաջարկի դեսպանի նոր թեկնածու: Հիշեցնենք, որ Սպիտակ տունը հետ կանչեց նախկինում մի քանի անգամ առաջադրված Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը: Սենատը` հայկական լոբբիի ճնշման տակ, չէր ընդունել Հոգլանդի թեկնածությունը, քանզի նա դեմ էր արտահայտվում ցեղասպանության ճանաչմանը. «Կառաջադրվի նոր թեկնածու: Համապատասխան ժամանակահատվածում այդ հայտարարությունը կարվի Սպիտակ տան կողմից, որը, հուսով ենք, համեմատաբար մոտ ապագայում կլինի: Նոր առաջադրվելիք թեկնածուն Սենատի առջեւ պետք է լսումների ու բանավեճի մասնակցի: Մենք ամուր համոզում ունենք, եւ, կարծում ենք` նաեւ Հայաստանի կառավարությունն ունի, որ Երեւանում անհրաժեշտ է ունենալ ԱՄՆ դեսպան»,- երեկ ասել է Ջ. Փենինգթոնը` հույս հայտնելով, որ Հոգլանդի հետ կապված պատմությունը չի կրկնվի: Իսկ ինչպե՞ս է վերաբերվում ԱՄՆ կառավարությունը հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիայի կոշտ դիրքորոշմանը, որ ի պատասխան Հայաստանի առանց նախապայմանի հարաբերություն սկսելու առաջարկին, հակադարձում է անընդունելի նախապայմաններով: Լրագրողների այս հարցին պատասխանելով` Ջ. Փենինգթոնն ասել է, որ ԱՄՆ կառավարությունը թե՝ Թուրքիային, թեգ Հայաստանին մշտապես կոչ է անում երկխոսություն սկսել, քանի որ դա բխում է երկու երկրների շահերից: Ամերիկացի դիվանագետը նաեւ հիշեցրել է մի պատմություն, որ եղել է իր` Անկարայում աշխատած տարիներին, երբ ինքը գիտեր, որ գալու է Հայաստան: Փենինգթոնը պատմել է, որ ինքն այն ժամանակ իր նախաձեռնությամբ հանդիպել է Հրանտ Դինքի հետ, որի մասին շատ էր լսել, հեռախոսով խոսել էր, բայց չէր հանդիպել: Հ. Դինքի հետ հանդիպելով` խոսել են հայ-թուրքական հարաբերությունների մասին: «Ես գնացի իր խմբագրատուն, որի շենքի դիմաց հետո ինքը ողբերգականորեն սպանվեց: Գնացի խմբագրատուն, հետո մենք փողոցով քայլեցինք մինչեւ նրա սիրած ռեստորանը, եւ ես ու Հրանտը խոսեցինք մի երկու ժամ, որովհետեւ ես գիտեի, որ Հայաստան եմ գալու: Շատ հաճելի անցավ, նա շատ հաճելի անձնավորություն էր, եւ նա նաեւ շատ հարցերում ինձ տեղեկացրեց: Եվ եկավ մի պահ, երբ ես ասացի` դե, Հրանտ, մենք ահագին խոսեցինք շատ հարցերի, պատմության մասին, ես ուզում եմ իմանալ, ի՞նչ ես դու կարծում, ԱՄՆ-ը ինչո՞վ կարող է օգնել հայ-թուրքական հարաբերությանը: Նա, իհարկե, ամբողջ ժամանակ ասում էր, որ հպարտ է իր հայ լինելով, ասաց, որ շատ հպարտ է, որ հայ է, սակայն սիրում է նաեւ իր երկիրը, այսինքն` Թուրքիան: Եվ երբ հարցրեցի, թե ինչո՞վ կարող է Ամերիկան օգնել հայ-թուրքական հարցում, նա պատասխանեց, թե` եթե կարող եք, նպաստեք հայ-թուրքական հարաբերության բարելավմանը: Կարծում եմ, մենք փորձում ենք այդ բանն անել»,- պատմել է Փենինգթոնը:
Ջ. Փենինգթոնը հրավիրված ասուլիսում հայտարարել է, թե օժանդակելով ՀՀ նախագահի ընտրության գործընթացի արդար ու ազատ լինելուն եւ այդ ուղղությամբ կատարելով որոշ քայլեր, այնուամենայնիվ, հիասթափված են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Նա նշել է, թե նկատի ունի ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցման աշխատանքը, որ կրկին, ինչպես ԱԺ ընտրությունների ժամանակ, նախաձեռնել էին ամերիկացիները: Ջ. Փենինգթոնն ասել է, թե նախագահի ընտրությունից առաջ իրենց այդ քայլին ԿԸՀ-ն բավարար ակտիվությամբ չի արձագանքել, ինչպես մայիսին` ԱԺ ընտրությունից առաջ: Դիվանագետը նաեւ ասել է, թե ընտրական գործընթացն առավել ազատ, արդար եւ թափանցիկ դարձնելու համար ՀՀ կառավարությանն առաջարկել են էքզիտ-պոլի տարբերակը, ըստ որի, քվեատեղամասերից դուրս եկած քաղաքացիների շրջանում անցկացվում է հարցում: Դա կնպաստի ընտրական գործընթացի առավել ժողովրդավարական լինելուն: «Այդկերպ կարելի է ընտրական տեսակետից պատկերացում կազմել հայ հասարակության վերաբերյալ»,- ասել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը` ավելացնելով, որ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այդ առաջարկն ուրախությամբ է ընդունել, ասելով, թե Հայաստանը պատրաստ է գնալ այդ քայլին: Ջ. Փենինգթոնը, հույս հայտնելով, որ ՀՀ կառավարությունն էքզիտ-պոլ անցկացնելու առիթով վերջնական որոշում կընդունի, ասել է, որ այդ դեպքում ՀՀ նախագահի ընտրության էքզիտ-պոլն ԱՄՆ-ը կկազմակերպի, ԱՄՆ կառավարության գումարներով ֆինանսավորվող միջազգային հանրապետական ինստիտուտը, որն այդ աշխատանքը կազմակերպելու հարուստ փորձ ունի: ՀՀ նախագահի 2008թ. ընտրություններին անդրադառնալով` Ջ. Փենինգթոնն ասել է, որ ԱԺ անցած ընտրությունները, լինելով մեկ քայլ առաջ եւ արժանանալով ԱՄՆ եւ միջազգային դիտորդների այդ գնահատականին, հույս ունեն, որ նախագահի ընտրությունն էլ կլինի խորհրդարանի ընտրությունից մեկ քայլ առաջ: