Ծիծաղելի եւ տխուր խորհուրդ

19/12/2007 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Նախօրեին ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը մի ուշագրավ հաղորդագրություն է տարածել։ Մեջբերելով Ադրբեջանի aրտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի խոսքերը՝ «Թրենդը» գրել է. «Բրիտանական կառավարությունը կոչ է արել իր քաղաքացիներին՝ չճամփորդել Ադրբեջանի՝ Հայաստանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան»։

Ըստ հաղորդագրության, այդպիսի ծառայություններ մատուցում է Լոնդոնում գործող «Sunvil Discovery» կոչվող տուրիստական ընկերությունը։ Ադրբեջանի ԱԳ նախարարն անգամ նշել է 10-օրյա ճամփորդության գինը՝ 1627 ֆունտ (մոտ 3350 դոլար), որն իր մեջ ներառում է ինքնաթիռի տոմսը եւ այլ ծախսեր։

Մամեդյարովը լրագրողներին տեղեկացրել է, որ Միացյալ Թագավորությունում Ադրբեջանի դեսպանն այս հարցի կապակցությամբ հանդիպումներ է ունեցել Միացյալ Թագավորության Արտաքին գործերի նախարարությունում, եւ արդյունքում ծնվել է այս կոչ-զգուշացումը։ Մամեդյարովն ասել է, որ այդ հայտարարությունը եւս մեկ անգամ ընդգծում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը։

Որքանո՞վ է այս ամենը համապատասխանում իրականությանը։ Նախ նշենք, որ նման կոչը որեւէ բացառիկ բան չէ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն ունի, այսպես կոչված, «ճամփորդական խորհուրդ» (travel advice) յուրաքանչյուր երկրի համար, որը պարբերաբար թարմացվում է։ Ադրբեջանի մասով՝ այդ խորհուրդը թարմացվել է այս տարվա դեկտեմբերի 6-ին։

Իրոք, այնտեղ առաջին կետով նշված է, որ Բրիտանիայի քաղաքացիներին խորհուրդ չեն տալիս մեկնել Լեռնային Ղարաբաղ։ Սակայն ձեւակերպումը մի քիչ այլ է. ոչ թե խոսվում է Լեռնային Ղարաբաղի՝ որպես Հայաստանի կողմից օկուպացված տարածքի մասին, այլ նշվում` «Լեռնային Ղարաբաղ եւ նրան շրջապատող ռազմական օկկուպացիայի ենթարկված տարածքներ»։ Թեեւ, մեծ հաշվով, սա մխիթարանք չէ, քանի որ Լեռնային Ղարաբաղի մասին խոսվում է հենց Ադրբեջանին վերաբերող զեկույցի մեջ։ Փաստորեն, Մեծ Բրիտանիան Լեռնային Ղարաբաղը միանշանակ դիտարկում է որպես Ադրբեջանի մաս։

Նշենք, որ այդ նույն զեկույցում անգլիական Արտաքին գործերի գերատեսչությունն իր քաղաքացիներին նաեւ ուրիշ բաներից է զգուշացնում՝ Ադրբեջանում արձանագրված թռչնագրիպի դեպքերից, ահաբեկչության վտանգից, արտասահմանցիների նկատմամբ իրականացվող հանցագործություններից եւ այլն։ Այս ամենի մասին, բնականաբար, Մամեդյարովը չի խոսել։

Իսկ ի՞նչն է այստեղ ծիծաղելի։ Մինչեւ այս հարցին պատասխանելը, ճիշտ կլինի մի երկու խոսքով պատկերացում տալ «Sunvil Discovery»-ի մատուցած ծառայությունների մասին։ Այս ընկերությունն, իրոք, կազմակերպում է ճամփորդություններ դեպի ԼՂՀ։ Սակայն այդ ճամփորդությունը, որի մասին խոսել է Մամեդյարովը, վերաբերում է Հայաստանին։ Եթե ավելի մանրամասնենք, ապա «Sunvil Discovery»-ն կազմակերպում է 10-օրյա շրջագայություն Հայաստանում, որի մեջ մտնում է երկօրյա այցը դեպի Լեռնային Ղարաբաղ։ Շրջագայության ծրագրով, 7-րդ օրը զբոսաշրջիկներին տանում են Սիսիան, ապա՝ Շաքիի ջրվեժ, որից հետո մեկնում են Շուշի եւ Ստեփանակերտ։ Զբոսաշրջիկները գիշերն անցկացնում են Ստեփանակերտի «Նաիրի» հյուրանոցում, իսկ հաջորդ օրը նրանց ծանոթացնում են քաղաքի եւ շրջակա բնակավայրերի տեսարժան վայրերի հետ։ Հաջորդ օրը վերադառնում են Հայաստան՝ կարճատեւ կանգառ կատարելով Շուշիում։ Այս ամենի մասին մանրամասն կարելի է կարդալ «Sunvil Discovery»-ի կայքում։ Այս բոլոր մանրամասների թվարկումը շատ պարզ պատճառ ունի. ցանկանում ենք ասել, որ «Sunvil Discovery»-ի մասնագետները հստակ պատկերացնում են, որ Լեռնային Ղարաբաղ այցելողը հաստատ չի կարող այդտեղ մտնել Ադրբեջանի տարածքից։ Նա սկզբում պետք է գնա Հայաստան, նոր՝ Լեռնային Ղարաբաղ։ Այնպես որ, եթե բրիտանական ԱԳՆ-ն իրոք ցանկանում է օգտակար խորհուրդներով զգուշացնել Ղարաբաղը տեսնել ցանկացող իր քաղաքացիներին, ապա այդ մասին պետք է գոնե նշում կատարեր Հայաստանին վերաբերող մասում։ Մտածել, թե անգլիացիներն այսքանը չեն հասկանում, ծիծաղելի է։ Ծիծաղելի է նաեւ վերը նշված կոչը, որը ոչ մի օգուտ չի տալիս Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին։

Մյուս կողմից, այդ ամենը տխուր է այն առումով, որ շատ պարզ երեւում է ադրբեջանանպաստ քաղաքական ենթատեքստը։ Իսկ դա խոսում է մեր արտաքին քաղաքականության հերթական պարտության կամ, ինչպես Վարդան Օսկանյանը կասեր, «դիվանագիտական հաղթանակի» մասին։