Ադրբեջանցիների 80 տոկոսը, ըստ Ադրբեջանում վերջերս անցկացված հարցումների, դեմ է հայերի դեմ պատերազմ վերսկսելուն: «Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա. քայլ դեպի երկխոսություն» ծրագրի շրջանակներում ՀՀ ժամանած Ադրբեջանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Գյանջայի մասնաճյուղի նախագահ, իրավապաշտպան Սահիբ Բաբաեւը երեկ ասել է, որ իր այցելության հիմնական նպատակն է ոչ միայն հայերի հետ ավելի մոտիկից ծանոթանալը, «այլեւ ցույց տալ, որ հասարակ ադրբեջանցիները պատերազմ չեն ուզում»: Ըստ նրա` պետք է թշնամու կերպարը վերացնել եւ խաղաղություն հաստատել երկու երկրների միջեւ: Կապի ամրապնդման համար, Ս. Բաբաեւի կարծիքով, այցելությունները պետք է լինեն փոխադարձ: Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորության դեպքում նույնպես մեկնել Ադրբեջան: Իսկ ադրբեջանցի գրող, հրապարակախոս Սեյմուր Բայջանի կարծիքով, դա շուտ չի լինի, քանի որ Ադրբեջանի հասարակությունը դեռ պատրաստ չէ դրան: