«Նոր Ժամանակներ» կուսակցությունը երեկ նամակ է հղել Հայաստանում ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի դեսպանատներին, ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակներին, ՀՀ-ում նախընտրական մոնիտորինգ անցկացնող առաքելություններին: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում նախատեսված գալիք նախագահական ընտրությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել ՀՀ-ում գործող դիվանագիտական հաստատությունների եւ կարճաժամկետ ու երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնող կառույցների շրջանում, հայտնում ենք, որ ՀՀ-ում բուն ընտրական գործընթացն արդեն իսկ ուղեկցվում է գործող իշխանությունների կողմից հարուցված ապօրինի գործողություններով, որոնք հակասում են ոչ միայն Հայաստանի օրենսդրությանը, այլեւ միջազգային նորմերին»,- ասված է ՆԺԿ նամակի մեջ: Դրա հեղինակներն այնուհետեւ նշում են ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանին նախագահ առաջադրվելու իրավունքից զրկելու փաստը, որ տեղի ունեցավ այն պատճառով, որ Ոստիկանության Անձնագրերի ու վիզաների վարչությունը մերժեց նրան տասը տարվա մշտական բնակության տեղեկանք տալը, իսկ դատարանը մերժեց Կարապետյանի հայցն ընդդեմ Ոստիկանության: «Քանի որ վիզաների վարչությունը վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանքն Ա. Կարապետյանին չտալու կապակցությամբ իրավական որեւէ հիմքով չի պատճառաբանում իր քայլը, ապա մենք հակված ենք կարծել, որ նման գործելակերպով արվեց ամեն ինչ, որպեսզի ՆԺԿ նախագահը մինչեւ դեկտեմբերի 6-ը չկարողանար համապատասխան փաստաթղթերը ներկայացնել ԿԸՀ»,- ասված է նամակի մեջ: