2008թ. հունվարի 1-ից Հայաստանի հարկային դաշտում տեղի է ունենալու երկու լուրջ փոփոխություն: Առաջինը «Պարզեցված հարկի մասին» օրենքում կատարված փոփոխություններն են: Հիշեցնենք, որ «Պարզեցված հարկի մասին» օրենքն ընդունվել է 2000թ. փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը խթանելու համար:
Այս հարկատեսակով կարող էին հարկվել բոլոր այն կազմակերպությունները, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 50 միլիոն դրամը: Նման ձեռնարկությունները վճարում էին իրենց շրջանառության 5 տոկոսի չափով հարկ եւ պետության նկատմամբ որեւէ այլ հարկային պարտավորություն չէին ունենում: Ըստ էության, այս օրենքն արտոնություն էր փոքր եւ միջին բիզնեսի համար, ինչի նպատակն այս խավի ձեռնարկատերերի աջակցությունն էր: Ոչ պաշտոնական տվյալներով՝ պարզեցված հարկի դաշտում գործում են շուրջ 28.000 տնտեսվարող սուբյեկտներ: Իսկ 2007թ. հուլիսին ընդունված փոփոխությունների համաձայն՝ նոր տարվանից այդ տնտեսվարողների մեծ մասը զրկվելու է արտոնություններից եւ խոշոր ընկերությունների հետ նույն պայմաններով հայտնվելու է հարկային միեւնույն դաշտում: Օրենքի փոփոխությունը սահմանում է, որ այսուհետ պարզեցված հարկով կհարկվեն մինչեւ 50 մլն դրամ շրջանառություն ունեցող միայն այն սուբյեկտները, որոնք գործում են բացառապես առեւտրի եւ սպասարկման ոլորտում՝ խանութ կամ կրպակ, կաշվե իրերի, ժամացույցի, հեծանվի, գորգերի եւ կենցաղային այլ իրերի վերանորոգման օբյեկտներ: Ընդ որում, նույն սեփականատիրոջ ընդամենը 1 օբյեկտ կարող է գործել այս հարկման դաշտում: Այս փոփոխություններով, ըստ էության, մեր երկրում պարզեցված հարկատեսակը վերացվում է, այսինքն՝ վերացվում է նաեւ փոքր ու միջին բիզնեսի համար սահմանված արտոնությունը: Գործարարները, սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները, ԱԺ որոշ պատգամավորներ բազմիցս են դեմ արտահայտվել այս փոփոխություններին եւ գտնում են, որ նոր օրենքի պատճառով Հայաստանում դեռ չկայացած միջին բիզնեսը կվերանա: Կարծիք կա նաեւ, որ այս փոփոխությունն իրականում կատարվել է, որպեսզի իշխանությունները փոքր ու միջին բիզնեսի հաշվին կարողանան ապահովել 2008թ. հավակնոտ բյուջեն: «Այս փոփոխությունը գիլիոտին է լինելու փոքր եւ միջին բիզնեսի համար: Նրանք այսուհետ չեն կարողանա մրցել խոշոր ու գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների հետ, եւ շատերը կկանգնեն փակվելու վտանգի առաջ: Եվ եթե 2008-ի բյուջեն համարվում է գրոհային, ապա դա հարկային մարմիններով գրոհ է տնտեսության վրա»,- ասում է ԱԺ պատգամավոր «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը:
Մինչդեռ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը գտնում է, որ այդ օրենքն իր դերն արդեն կատարել է, եւ «կամաց-կամաց դառնում են խոչընդոտ կյանքի զարգացման համար»: «Որովհետեւ մենք ունենք երկու հարկային դաշտ՝ Ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ) եւ պարզեցված հարկով հարկային դաշտ: Ակնհայտ է, որ երկրորդ դեպքում հարկային բեռը շատ ավելի նվազ է, ու բոլոր խելամիտ, հնարամիտ ու սրամիտ մեթոդներով ԱԱՀ-ի տակ աշխատող տնտեսվարողները հայտնվում են այս դաշտում: Մեղադրել այդ տնտեսվարողներին մենք կարող ենք միայն այն առումով, որ նրանք բարոյական նորմեր են խախտում, բայց օրենսդրությունը բարոյական նորմերի վրա հիմնվել չի կարող: Սակայն բավականին մեծ են բողոքները տնտեսվարող սուբյեկտների կողմից, թե իրենք հավասար մրցակցային դաշտի մեջ չեն: Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ շատ տնտեսվարող սուբյեկտներ տրամաբանությունից դուրս են գտնվում պարզեցված հարկի դաշտում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք մասնատված մեծ ձեռնարկություններ են»,- ասում է Գ.Մինասյանը:
Հարկային դաշտի երկրորդ հետաքրքիր փոփոխությունը վերաբերում է շահութահարկին կամ շահութահարկի գծով արտոնություններին: 1997թ. ընդունված համապատասխան օրենքով էլ օտարերկրյա ներդրումներով կազմակերպությունները 50 եւ 100 տոկոսով ազատվում են շահութահարկ վճարելուց: Այդ արտոնություններով էլ իշխանություններն օտարերկրյա կազմակերպություններին խրախուսում էին ներդրումներ կատարել մեր տնտեսության մեջ: Այս փուլում շահութահարկի արտոնությունների վերացումն առաջին հայացքից դրական քայլ է թվում, որովհետեւ բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ կսկսեն ամբողջությամբ հարկեր վճարել: Պարզվում է, սակայն, որ 2008թ. հունվարի 1-ից շահութահարկ չվճարելու արտոնություններից զրկվելու են միայն օտարերկրյա այն ներդրողները, որոնք գրանցված են օֆշորային գոտիներում: Իսկ ովքեր կապ չունեն օֆշորային գոտիների հետ` շարունակելու են մասամբ կամ ընդհանրապես չվճարել շահութահարկ: Այս դեպքում էլ հարց է առաջանում՝ մեր իշխանություններն ինչո՞ւ ամբողջությամբ չվերացրեցին շահութահարկ չվճարելու արտոնությունը: Բանն այն է, որ Հայաստանում գործող 70-ից ավելի օտարերկրյա կազմակերպություններն իրականում այնքան էլ «օտարերկրյա» չեն: Դրանք հիմնականում հայաստանցի գործարարի կամ պաշտոնյայի պատկանող ընկերություններ են, որոնք գրանցումը կատարել են արտասահմանում, որպեսզի մեր երկրում օգտվեն շահութահարկ չվճարելու իրավունքից: Օրինակ, Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարավազ ներկրող «Սալեքս գրուպ» ընկերությունը համարվում է «օտարերկրյա ներդրում» եւ ազատված է շահութահարկից, քանի որ այն ինչ-որ երկրում գրանցված ինչ-որ կազմակերպության հետ համատեղ ձեռնարկություն է: Նույն կերպ էլ որպես օտարերկրյա ներդրումներ են ձեւակերպված Հրանտ Վարդանյանին պատկանող «Գրանդ տոբակո» եւ «Գրանդ քենդի», Միքայել Բաղդասարովին պատկանող «Միկա Արմենիա թրեյդինգ» եւ «Միկա ցեմենտ» ընկերությունները, եւ այդպես շարունակ: «Իրավիճակից դրդվելով՝ մենք ընդունել ենք շահութահարկի արտոնության մասին օրենքը, որը զարգացման ընթացքում պետք է իրեն արդարացներ, բայց հետո ցույց տվեց իր նենգ դեմքը»,- ասում է Գագիկ Մինասյանը:
Իսկ Ստեփան Սաֆարյանի կարծիքով՝ շահութահարկի արտոնությունները մասամբ վերացնելը նույնպես կապ ունի 2008-ի բյուջեի հետ՝ պետք է ապահովել: Սակայն իշխանություններն այդպես էլ քաղաքական կամք չդրսեւորեցին այն ամբողջությամբ վերացնելու համար, որովհետեւ, ինչպես ասացինք, այդ ներդրումներն այնքան էլ օտարերկրյա չեն: «Դրա համար էլ ես ասում եմ, թե օրենքի առաջ բոլորը հավասար են, իսկ ոմանք ավելի են հավասար»,- ասում է պարոն Սաֆարյանը: