Աշխարհում ամեն մեծ ու փոքր խնդիր ունի երկու երես: Բայց պարզվում է, կա նաեւ զուտ «հայկական» երես, որը ոտնակոխ հետապնդում է մեր ազգին:
Որքան էլ պարադոքսալ, խնդիրը վերաբերում է, այսպես կոչված, «պետական կարիքների զոհերին», որոնք իրենց վրա են բեւեռել հայաստանյան մտավորական-պրոգրեսիվ հանրության ուշադրությունը: Բոլորը նրանց վերաբերվում են քաղաքակիրթ համակրանքով, որովհետեւ առաջին հայացքից թվում է, թե սահմանադրական նորմի շրջանակներում է վերջիններիս պահանջը: Իրենց «կարիքի զոհ» համարողներն ամեն հինգշաբթի հավաքվում են կառավարության շենքի մոտ (մենք իհարկե ուզում ենք հավատալ, որ քաղաքական աստառ նույնպես չկա այդ «շարժումը» կազմակերպող լիդերների բողոքի ցույցերում, որովհետեւ վերջիններիս նպատակներն առավել քան պրագմատիկ են) ու պահանջում են «վերականգնել իրենց ոտնահարված իրավունքները»:
Իսկ հիմա խիստ մոտիկից փորձենք տեսնել, թե ինչ է իրականում տեղի ունենում:
Նախ` կարճ սոցիոլոգիա խնդրո առնչությամբ. իրացման գոտիների բնակիչների հետ` Հյուսիսային, Գլխավոր պողոտաներ, 33-րդ թաղամաս… քաղաքապետարանը կնքել է մոտ երեք հազար պայմանագիր: Գրեթե այնքան, որքան բնակիչ կա: Հանած` քսան բնակիչ: Այդքանի հետ եղել են խիստ վիճարկելի խնդիրներ, որպիսիք նույնիսկ իրավական հարթության վրա հնարավոր չի եղել լուծել. ասենք, բնակիչը սեփականատեր չէ, վարձակալ է, բայց ուզում է սեփականատիրոջ համարժեք փոխհատուցում ստանալ: Այդ խնդիրների առնչությամբ քաղաքապետարանի համապատասխան կառույցները բանակցություններ են վարում եւ փորձում են գտնել հնարավոր լուծումներ` հօգուտ բնակչի: Բանն այն է, որ քաղաքապետարանում նման դեպքերի համար ստեղծվել էր խրախուսման հիմնադրամ, որը փորձում էր փոխհատուցում տրամադրել անգամ շատ վիճարկելի հարցեր ունեցող քաղաքացիներին:
Ի դեպ, «հայկական երեսը» սկսվեց հենց այստեղից, չնայած մինչ այդ եւս հսկայական մենթալ պլանն իրեն երբեմն-երբեմն զգացնել էր տալիս: Սակայն մինչ կանցնենք մեծ կոմբինատորների «զգացմունքներին»` կապույտ եզրաշերտի վրա դրված միլիոն ստանալու նոր մեթոդոլոգիային, առայժմ դեռ սոցիոլոգիայից:
Վերջերս եվրոպական փորձագետների մի խումբ էր եկել Հայաստան: Ի շարս այլ հարցերի, վերջիններս ծանոթացել են նաեւ իրացման գոտիներում տիրող իրավիճակին: Եվրոպացիների զարմանքն անչափ մեծ է եղել, երբ պարզել են, որ իրացման գոտու երեք հազար բնակչի հետ կնքվել են համապատասխան պայմանագրեր, եւ նրանցից ընդամենը քսանն են դժգոհ իրականացված գործընթացից. ասել է թե` մեկ տոկոսը (մի քիչ էլ պակաս):
Հիշենք, որ վերջիններիս հարցերը նույնպես լուծման փուլում են: «Նույնիսկ մեզ մոտ` Եվրոպայում, նման դրական ցուցանիշ չկա»,- արձանագրել են արտասահմանյան փորձագետները:
Մենք, իհարկե, հեռու ենք այն մտայնությունից, որ հնարավոր էր՝ նման բարդ, ցավոտ գործընթացը տեղի ունենար առանց «միջադեպերի», առավել եւս, որ պրոցեսը սկսվել է ոչ այսօր. «մնացորդային» խնդիրների մեծ մասը ժառանգվել է խորհրդային տարիներից. ասենք` 30-ականներին, 50-ականներին, 80-ականներին իրացման որոշում է կայացվել, բայց չի իրականացվել: Բնակիչը դուրս է եկել գրանցումից, բնակարան է ստացել, հետո էլի վերադարձել, գրանցվել է դեռեւս չքանդված, հին բնակարանում` նորից բնակարան ստանալու ակնկալիքով: Նման դեպքերը բազմաթիվ են: Եվ, այդպես շարունակ, առաջացել է փաստաթղթային-իրավական մի ողջ խառնաշփոթ, որից պետք էր ինչ-որ կերպ գլուխ հանել: Քաղաքի օրվա պատասխանատուները կարողացել են հնարավորինս լուծել նաեւ այդ հարցը (դրական օրինակներ են Կոնդը, Ֆիրդուսին):
Ցավոտ հարցերից էր նաեւ այս օրերի դինամիկան: Ասենք` պայմանագիր է կնքվում մեկ փոխարժեքով եւ, մինչ ավարտվում է ողջ գործընթացը, բնակիչը չի կարողանում ձեռք բերել բնակարան` շուկայում գների տատանման պատճառով: Առաջանում է, այսպես ասած` ֆինանսական լուֆթ:
Ի դեպ. այս պարագան քաղաքապետարանը եւս դիտարկել է եւ գործի է դրել համապատասխան փոխհատուցումների ինստիտուտը:
Սա էլ մյուս սողանցքն է եղել, որից փորձում են օգտվել մերօրյա լեյտենանտ Շմիդտի զավակները, որոնք առանձնապես շատ չեն. սույն տիպաբանության կրողներն այսօր երկու անձինք են, ովքեր շատ հետաքրքիր ամպլիտուդ են գրանցել իրացման ողջ գործընթացի ընթացքում:
Նրանց վարքաբանությունն անշուշտ շվեյկյան մոտիվացիաների ոլորտից է, սակայն, երբ իրենց «անհատական» պայքարին նրանք հաղորդում են նաեւ մարդու իրավունքների, «կարիքների զոհերի», ցույցավորի «կարգավիճակ»` ոտքի հանելով նաեւ այն բնակիչներին, ովքեր շատ գոհ ստորագրել են պայմանագրերը, ստացել փոխհատուցում, գնել բնակարան, որոնց եւս տանում են վասն յուրյանց «ճակատամարտ», ապա գործ ենք ունենում այն դեպքի հետ, որի մասին ասվում է` ֆարսը կրկնվելիս՝ ողբերգության է վերածվում, որովհետեւ «պետության կարիքների զոհերի» անունից գործի է դրվում պետության հաշվին ապրողի անզուսպ գենը` անկշտության բջջի շրջապտույտով, եւ փորձ է արվում պոկել առավելը: Հետո էլի՛ բողոքել: Էլի՛ պոկել: Հետո գնալ կառավարության շենքի մոտ` շատ լավ հասկանալով, որ առջեւում նախագահական ընտրություններ են, քաղաքական ուժեր կգտնվեն, որ կոնյունկտուրայի կվերածեն «կարիքի զոհերի» պայքարն, ու հնարավոր կլինի` էլի՛ մի բան պոկել:
Մի խոսքով` շղթայական ռեակցիա, որի միջից ոչ մի կերպ չեն կարողանում դուրս սպրդել «կարիքի զոհեր» Վաչագան Հակոբյանն ու Սեդրակ Բաղդասարյանը: Առաջինն, ի դեպ, պետության «կարիքի զոհի հմայքը» շատ ավելի վաղ է զգացել` 2004-ին. կնքել է պայմանագիր. Հյուսիսային պողոտայում 430քմ տարածքի մեկ երրորդն իրենն է եղել, մնացածը` գրանցված եւ հավասարազոր իրավունքներ ունեցող այլ մարդկանցը (իմիջիայլոց, պարոն Վաչագան Հակոբյանը ամբողջ տարածքի դիմաց է պահանջել փոխհատուցում տալ իրեն, մնացածի հերն էլ անիծած), դրա դիմաց ստացել է 73 հազար 340 դոլար (մեկ քառակուսի մետրի դիմաց մոտավորապես 800 դոլար, ինչ այն օրերին առավել քան նորմալ եւ պատկառելի գումար էր): Սակայն պարոն Վաչագանը տուն չի գնել: Ժամանակ անց նա «վերադարձել» է քաղաքապետարան, թե` «բողոքավոր եմ», որովհետեւ բնակարան չունեմ. համ էլ համաձայն չեմ ինձ տրված փոխհատուցմանը:
Մենք չենք հարցնում. իսկ եթե այդպիսի` «հայի վերջին խելքի» սինդրոմ դրսեւորվի բոլոր ոլորտներում` պայմանագրային բոլոր իրավահարաբերություններո՞ւմ, ի՞նչ երկրի, մարդու, պետության իրավունքների մասին կարող է խոսք լինել: Բայց անցնենք առաջ:
Վ. Հակոբյանին քաղաքապետարանում հարցրել են. իսկ ինչո՞ւ համաձայնեցիր կնքել պայմանագիր, իսկ եթե կնքել ես` տուն գնեիր, չէ՞ որ ստացած փողը կարող էիր հազար ու մի նպատակով օգտագործել. քաղաքապետարանը հո չէ՞ր գալու, խախտեր մարդու իրավունքները, մտներ «քո ու քո կնոջ մատանու արանքը», որպեսզի իմանար, թե ինչ է արվել փողը:
Խնդիրն առավել քան պարզ է. Վ. Հակոբյանը պայմանագիրը կնքել, հետո մտածել է, որ կարող էր առավել բարձր գին «աշխատել», փորձել է առիթն օգտագործել, առիթն էլ, թարսի պես, չի «օգտագործվել», ու դարձել է ցույցավոր, ապաեւ` ցույցերի պարագլուխ, քանի որ պարապ է, համ էլ շատ հետաքրքիր է ամեն օր ռադիոյի, «տելեվիզորի», թերթերի մեջ «ընկնել», դառնալ «դեմք», ձեռքի հետ էլ ստանալ նոր փոխհատուցում, երազել Ռիո դը Ժանեյրոյի եւ «տխուր աչքերով պարսկուհիների» մասին, ՀԿ ստեղծել (կարող է հնարավոր լինի գրանտ էլ կպցնել):
Կատարման տեսանկյունից փոքր-ինչ տարբեր, սակայն բովանդակային առումով նույնն է հաջորդ «կոմբինատորի»` Սեդրակ Բաղդասարյանի «բողոքականությունը»: Գլխավոր պողոտայում նա ունեցել է 55 քմ շինություն, 77քմ էլ վարձակալած (ոչ սեփական) հող: Ստացել է 43 հազար 486 դոլար` 2005-ին: Բանակցությունների արդյունքում նրան առաջարկվել է 90 հազար ԱՄՆ դոլար. չի համաձայնել, որովհետեւ պատճառաբանել է, թե այդ ընթացքում հասցրել է բաժանվել կնոջից, հետո էլ առաջացել է դստեր հարցը: Մի խոսքով. վերջին անգամ նրան առաջարկվել է 120 հազար դոլար, նա էլ թե` չէ, 160 հազար դոլար եմ ուզում` դե, լավ է, որ «սամալյոտի միս չի ուզում»:
Ու քանի դեռ չի ուզում, բողոքում է բոլոր հնարավոր ատյաններում, մամլո միջոցներով: Պատմում են, որ այդ երկուսի օրը սկսվում եւ ավարտվում է անխտիր բոլոր խմբագրությունները չափչփելով (իսկ եթե ճանապարհին հեռուստաընկերություն է հանդիպում` ձեռքի հետ այնտեղ էլ են մտնում, թեեւ վերջիններս կարծես թե արդեն վաղուց հրաշալի գիտեն իրականությունը եւ հոգնել են նրանցից):
Իզուր: Պատասխանատուներն այլեւս որեւէ զիջման-բանակցության չեն պատրաստվում գնալ թե՛ իր, թե՛ Վաչագան Հակոբյանի հարցում: Որովհետեւ օրենքը ու բարոյականությունն այդ երկուսի դեպքում ձգվել է պրկվելու, կտրվելու աստիճան:
Ու` էլ տեղ չկա: