Վճարովի Ձմեռ պապիներ

19/12/2007

Երեւանում այս տարվա ամանորյա միջոցառումների անցկացման համար հատկացվել է շուրջ 25 մլն դրամ` ավելի շատ, քան նախորդ տարիներին: Երեւանի քաղաքապետարանի Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչության պետ Կամո Մովսիսյանը երեկ հայտարարել է, որ միջոցառումների մեկնարկը կլինի դեկտեմբերի 31-ին, ժամը 21:00-ին: Ամանորյա համերգային ծրագիրը կտեւի մինչեւ ուշ գիշեր, իսկ 2008թ. մեկնարկը կազդարարվի շքեղ հրավառությամբ: Հանրապետության հրապարակում տոնական համերգներ կկազմակերպվեն նաեւ հունվարի 6-ին` Սուրբ Ծնունդի կապակցությամբ, եւ հունվարի 13-ին: Իսկ դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 13-ը, ինչպես Հանրապետության հրապարակում, այնպես էլ մայրաքաղաքի թաղային համայնքներում, Երեւանի քաղաքապետի հանձնարարականով տոնական միջոցառումներ կկազմակերպվեն երեխաների համար: Ի դեպ, Կ. Մովսիսյանը տեղեկացրել է, որ Հրապարակի գլխավոր տոնածառի տեղադրման եւ զարդարման աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն դեկտեմբերի 19-ի երեկոյան: Տոնածառը բաղկացած է սանիտարական հատումներից գոյացած եղեւնիների մասերից. այդ նպատակով առողջ եղեւնիներ չեն հատվել: Տոնական օրերին Երեւանի քաղաքապետարանը փողոցներում կվերահսկի նաեւ Ձմեռ պապիների եւ Ձյունանուշերի գործունեությունը: «Այդ խնդրի վրա նախորդ տարի նույնպես մեծ ուշադրություն է դարձվել: Այս տարի նախապես վճարել ենք այն Ձմեռ պապիներին, ովքեր տոնական օրերին իրավունք կունենան ուրախացնել երեխաներին»,- նշել է Կ. Մովսիսյանը: