Այս տարվա հունվար-նոյեմբերին Հայաստան է ներկրվել 1 մլրդ 782.7 մլն խմ բնական գազ` 2006թ. նույն ժամանակահատվածի 1 մլրդ 715.7 մլն-ի դիմաց: Նշված ժամանակահատվածում իրացվել է 1 մլրդ 608.7 մլն խմ, որից 434.2 մլն խմ-ն` բնակչության կողմից, 359.7 մլն խմ-ն` արդյունաբերության, եւ 446.4 մլն խմ-ն` էներգետիկայի ոլորտում: Ըստ «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի քարտուղարի, այս տարվա նոյեմբերին ՀՀ ներկրված բնական գազի ծավալը 223,2 մլն խմ է` 2006-ի նոյեմբերի 181,6 մլն-ի դիմաց, որից իրացվել է 216,04 մլն խմ-ն: Այս ժամանակահատվածում բնակչությունը սպառել է 59,5 մլն խմ, արդյունաբերության ոլորտում սպառվել է 39,3 մլն խմ, էներգետիկայի ոլորտում` 77,3 մլն խմ: 2002-2007թթ. ընկերության կողմից գազիֆիկացման ծրագրերում ներդրվել է շուրջ 82 մլն դոլար, ինչը հնարավորություն է ստեղծել գազիֆիկացման մակարդակը 21%-ից հասցնել 87,3%-ի: Հայաստանում այսօր բնական գազ է օգտագործում 446 բնակավայր, որոնցից 98-ը նախկինում գազիֆիկացված չի եղել, մասնավորապես` Երեւանի Դավիթաշեն եւ Հարավ-արեւմտյան թաղամասերը, Նոր Նորքի 7,8,9 եւ Էրեբունի զանգվածները, ինչպես նաեւ հանրապետության մի շարք քաղաքների նախկինում չգազիֆիկացված թաղամասեր, որոնցից յուրաքանչյուրի տնտեսությունների թիվը միջին հաշվով 10 անգամ գերազանցում է մեկ գյուղական համայնքի տնտեսությունների միջին թվաքանակին: