«Վերականգնվող էներգիայի զարգացման» վարկային ծրագրի շրջանակներում «Գերմանա-հայկական հիմնադրամ» ծրագրի կառավարման գրասենյակի հատկացրած վարկավորման ծավալը մինչեւ 2008թ. գարուն կկազմի շուրջ 2 մլն եվրո: Գրասենյակի տնօրեն Գեւորգ Թումանյանն «Արմենպրեսին» փոխանցել է, որ ՀՀ-ի եւ Գերմանիայի միջեւ կնքված միջպետական համաձայնագրի շրջանակներում գերմանական «KfW» բանկը հայկական կողմին այս նպատակով տրամադրել է 6 մլն եվրո: Ծրագրի նպատակը նոր փոքր ՀԷԿ-երի կառուցումը եւ գործողների վերազինումն ու հզորությունների բարձրացումն է: Նախագծի արժեքի 30 տոկոսը ներդնում են ՀԷԿ-երի սեփականատերերը: Գ. Թումանյանի հավաստմամբ` վարկերը տրամադրվում են 10 տարի մարման ժամկետով, սակայն առաջիկայում նախատեսվում է հասցնել 12-ի: Դրանք հատկացվում են շուկայականից ցածր` 10,5 տոկոս տոկոսադրույքով: ՀՀ-ում այսօր գործում են 58 փոքր ՀԷԿ-եր, որոնք միասին տարեկան արտադրում են մինչեւ 270 մլն կվտ-ժամ էլեկտրաէներգիա: Նույնքան ՀԷԿ այժմ գտնվում է կառուցման փուլում: Այդ աշխատանքների ավարտից հետո մի քանի տարի անց փոքր ՀԷԿ-երը տարեկան կարտադրեն 500 մլն կվտ-ժամ էլեկտրաէներգա, ինչը կկազմի ներքին պահանջարկի 10 տոկոսը: