Արտահանումն աճելու է

19/12/2007

ՀՀ կառավարության 2008-2010թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով ակնկալվում է հանրապետությունից ապրանքների արտահանման ծավալների շուրջ 1 մլրդ 460 մլն ԱՄՆ դոլարի միջին տարեկան մակարդակ եւ միջին տարեկան 10 տոկոս աճ (դոլարային արտահայտությամբ): ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից «Արմենպրեսին» տեղեկացրել են, որ նույն ժամանակահատվածում ապրանքների արտահանումն ավելի արագ է աճելու, քան ծառայություններինը: Ապրանքների ներմուծման միջին տարեկան աճը 2008-2010թթ. կկազմի 6,7 տոկոս: 2004-2006 թթ. ներմուծման միջին տարեկան մակարդակը կազմել է շուրջ 1 մլրդ 564 մլն ԱՄՆ դոլար: Միջնաժամկետ հատվածում ներմուծման ծավալների աճը կպայմանավորվի ինչպես համախառն տնօրինվող եկամուտների աճով, այնպես էլ տեղական արտադրությունը կազմակերպելու համար հումքի ներկրման եւ օտարերկրյա ուղղակի ներդրումներով ֆինանսավորվող տեխնոլոգիաների ներմուծման անհրաժեշտությամբ: Մյուս կողմից կնվազեն ներմուծվող ապրանքները տեղական արտադրության ապրանքներով փոխարինելու՝ նախորդ տարիներին նկատված տեմպերը՝ պայմանավորված ներմուծվող ապրանքների փոխարինման հնարավորությունների սահմանափակությամբ: