«168 Ժամն» իր նախորդ համարներից մեկում անդրադարձել էր Արարատի մարզի Արտաշատ քաղաքի «Արտաշատ» հյուրանոցում բնակվող անօթեւան ընտանիքներին: Մեր հրապարակումներում ներկայացրել էինք անապահով այդ ընտանիքների ծանր կենսապայմանները եւ պաշտոնական աղբյուրներից փորձել էինք ճշտել, թե ինչո՞ւ է հյուրանոցի բնակիչներին բնակարանով ապահովելու հարցը ձգձգվում: Երեկ խմբագրություն էին եկել «Արտաշատ» հյուրանոցի արդեն նախկին բնակիչներ Լենա Նազարյանը եւ Գոհար Հակոբյանը: Վերջիններս մեծ ոգեւորությամբ տեղեկացրին, որ թերթի հրապարակումից հետո վերջապես «սառույցը» տեղից շարժվել է, եւ հյուրանոցի 7 ընտանիքների արդեն տրամադրել են նոր բնակարաններ: Պատկանյան փողոցի էլիտար նորակառույցում եվրովերանորոգված բնակարաններ են հատկացվել նրանց: «Շատ լավ պայմաններ են, ես 4 սենյականոց բնակարան եմ ստացել, եվրովերանորոգված, շատ հարմարավետ շենքում: Չեք կարող պատկերացնել, թե 10-16 տարի հյուրանոցի անմխիթար պայմաններում ապրած մարդու համար սա ինչ նվեր էր: Մենք 10 տարի սպասել էինք էս պահին»,- հուզված պատմում էր Գոհար Հակոբյանը: Խմբագրություն եկած կանայք մեզ խնդրեցին իրենց անունից շնորհակալություն հայտնել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին, Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանին, Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանին եւ Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանին: