Վերջին երկու շաբաթը Գլենդելի հայերը մտահոգված էին լուրերով, թե այստեղից
Հայաստան ուղարկվող բեռներն անորոշ ժամանակով գտնվում են երեւանյան
մաքսատանը: Բացատրեմ, որ դրանք ծանրոցներ են, որ այստեղից Հայաստան՝ իրենց
հարազատներին են ուղարկում մեր հայրենակիցները: Փորձեցի հարազատներին
բեռներ ուղարկող մի քանի մարդկանցից պարզել, թե ի՞նչ է տեղի ունեցել, բայց
այդպես էլ նրանցից ոչ մեկը չկարողացավ որեւէ հստակ բան ասել: Միայն
ասացին, որ դա պրովոկացիա է: Ստիպված եղա բացատրություն ստանալու համար
դիմել ծանրոցների՝ Հայաստան տեղափոխմամբ զբաղվող օֆիսներից մեկին, որը
կոչվում է «Էքսպորտ զոնա»: Նրանք նույնպես խիստ մտահոգ էին այդ փաստի
կապակցությամբ:
Ահա թե ինչ հաջողվեց պարզել: 2-3 շաբաթ առաջ Հայաստանի Ազգային
անվտանգության ծառայության Մաքսանենգության դեմ պայքարի բաժինը բռնագրավել
էր Լոս Անջելեսից ուղարկված բոլոր բեռները (նրանց հայտնի չէ, թե արդյոք
դրանց մեջ եղե՞լ են նաեւ այլ երկրներից ուղարկված ծանրոցներ): Ստուգումից
հետո բեռների մի մասը «բաց է թողնվել», իսկ մյուս մասը դեռեւս գտնվում է
մաքսատանը: Ի՞նչն է պատճառը: Պարզվում է, ինչպես ասացին օֆիսի
աշխատակիցները, որ արդեն որոշ ժամանակ է, ինչ արգելված է Հայաստան
ուղարկել դեղամիջոցներ, թեեւ այդպիսի օրենք դեռեւս ընդունված չէ: Նրանք
ասում են, որ եթե չի կարելի, ուրեմն գոնե պետք էր այդ օրենքի մասին (եթե
նման օրենք գոյություն ունի) տեղյակ պահել մարդկանց: Բացի այդ, հաջողվեց
պարզել, որ այսուհետ ուղարկված ծանրոցի պարունակությունը չպիտի գերազանցի
100 դոլարի սահմանը: Ավելի սպառիչ պատասխանի ակնկալիքով՝ ես դիմեցի
բեռնափոխադրումներ իրականացնող, այսպես կոչված, գլխավոր օֆիսի՝ Ջեթ Լայն
Կարգոյի տնօրեն Գրիգոր Հովսեփյանին: «Ճի՞շտ է, որ արդեն որոշ ժամանակ է՝
ձեր երեւանյան օֆիսը փակ է»: «Այդպիսի բան չկա,- պատասխանեց նա,- այն
շարունակում է գործել: Իսկ ծանրոցների վերջին խմբաքանակն առանց
խոչընդոտների հասնում է հասցեատերերին: Ճիշտ է, վերջերս մի տհաճ դեպք էր
տեղի ունեցել, բայց մեզ ոչ մի բացատրություն այդ մասին չտվեցին: Սակայն,
վերջին հաշվով, ես բողոքներ չունեմ: Ինձ հասած տեղեկություններով՝
համապատասխան մարմինները ծանրոցները բռնագրավել են որոշակի պատճառներով:
Նրանք ընդամենն իրենց գործն են կատարում: Ճիշտ է, որոշ բաներ ինձ այդպես
էլ անհասկանալի մնացին: Օրինակ՝ ողջ աշխարհում գոյություն ունի ստանդարտ,
համաձայն որի՝ իբրեւ հումանիտար օգնություն ուղարկվող ծանրոցը չպետք է
գերազանցի, ասենք, 400%-ի սահմանը: Ինչ վերաբերում է դեղերի արգելքին, ապա
ես ոչինչ չեմ կարող ասել: Միայն ափսոս, որ ծանրոց ստացողներն այդպես էլ
չեն տեսել Զատիկի նվերները, ու հայտնի չէ՝ կտեսնե՞ն արդյոք»:
Իսկ հիմա՝ այն մասին, թե ինչ են խոսում կատարվածի վերաբերյալ այստեղ՝
սփյուռքում: Ոմանք ասում են, որ ԱԱԾ Մաքսանենգության դեմ պայքարի բաժնի
ղեկավարությունը փոխվել է, ու նոր ղեկավարությունը նոր կարգեր է մտցրել:
Մյուսները վստահ են, որ պետությանն ավելի մեծ օգուտ է, եթե նրա
քաղաքացիները ծանրոցների փոխարեն՝ «կենդանի փողեր» ստանան, եւ դա է
խստացված ստուգումների հիմնական պատճառը: Կարծիք կա նաեւ, որ դեղերը
ուղարկելուն դեմ է հայկական «դեղային մաֆիան»:
Ահա այսպիսի լուրեր են պտտվում Գլենդելում: Չնայած հնարավոր է, որ այդ
լուրերը ոչ մի իրական հիմք չունեն, այլ պարզապես ինչ-որ մեկին շահավետ է
լուն ուղտ սարքել: Ինչ էլ որ եղած լինի, բեռներն այստեղից շարունակում են
առանց խոչընդոտների ուղարկվել, իսկ դա նշանակում է, որ միջադեպը հարթված է:
Վերջում բերենք մի քանի թվեր, որոնք, կարծում եմ, կզարմացնեն շատերին:
Միայն «Էքսպորտ զոնա» օֆիսի միջոցով անցած տարի նավով Հայաստան է
ուղարկվել մոտ 3000 ծանրոց՝ 150.000 ֆունտ քաշով, 100.000 ֆունտ ծանրոց էլ
ուղարկվել է օդային ճանապարհով: Իսկ նմանատիպ գրասենյակները Լոս
Անջելեսում մոտ 15-ն են: Ինչ վերաբերում է փողային փոխանցումներին, ապա
այդ ինֆորմացիան պահվում է խիստ գաղտնի: Ինձ հաջողվեց պարզել միայն, որ
այստեղից Հայաստան ուղարկվում է երկրի բյուջեն մի քանի անգամ գերազանցող
գումար: