Կիրակի օրը Թուրքիայի Իզմիր քաղաքում կատարված հարձակման հետեւանքով վիրավորվել է Սբ. Անտուան կաթոլիկ եկեղեցու մի հոգեւորական: Թուրքական NTV հեռուստաընկերության հաղորդմամբ`անհայտ մեկի դաշույնի հարվածից որովայնի շրջանում վիրավորված իտալացի հոգեւորական Ադրիանա Պանչինիին տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները հավաստել են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ոստիկանությունը միջադեպի հետաքննություն է կատարում: Հարձակման մանրամասներն առայժմ հայտնի չեն: Հիշեցնենք, որ անցյալ տարի թուրք ազգայնամոլների ձեռքով սեւծովյան Տրապիզոն քաղաքում զոհվել էր կաթոլիկ հոգեւորական Անդրեա Սանտորեն: Իսկ ապրիլին Թուրքիայում ծայրահեղ աջ կազմակերպության ներկայացուցիչները հարձակվել էին քրիստոնեական հրատարակչության վրա եւ սպանել 3 մարդու, այդ թվում՝ Գերմանիայի մի քաղաքացու: