Մրցանակ կինովավերագրողին

19/12/2007

Կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանին շնորհվել է Նիդեռլանդների «Արքայազն Կլաուսի անվան մշակութային զարգացման հիմնադրամի» մրցանակը «Մշակույթ եւ հակամարտություն» անվանակարգում։ Այդ մրցանակը եւ 25 հազար եվրո դրամական պարգեւը ամեն տարի շնորհվում է այն ստեղծագործողներին, որոնք մշակույթի, գիտության եւ քաղաքականության ասպարեզում պայքարում են հանուն մարդկության բարօրության եւ համերաշխության: Վավերագրող կինոռեժիսորին պարգեւը հանդիսավոր արարողության ժամանակ հանձնել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանը: «Այս տարի տարբեր երկրներից ստացված հարյուրավոր հայտերից 10 հոգանոց ամենատարբեր մասնագետներից բաղկացած մրցութային հանձնաժողովը վճռել է մրցանակն ինձ շնորհել։ Սա մեկ ֆիլմի համար ստացված մրցանակ չէ, հաշվի է առնվում մրցույթի մասնակից յուրաքանչյուր արվեստագետի ամբողջ ստեղծագործությունը»,- ասել է կինոռեժիսորը: Իսկ մինչ այդ «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպվել էր Հ.Խաչատրյանի ֆիլմերի՝ «Սպիտակ քաղաք», «Կոնդ», հետահայաց ցուցադրումը։ Երկու տարի առաջ «Արքայազն Կլաուսի անվան մշակութային զարգացման հիմնադրամի» մրցանակը ստացել է դերասան Միքայել Պողոսյանը: