Հայաստանը կղզիացել է

17/12/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Փետրվարի 19-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրության գործում ոմանք շատ են կարեւորում արտաքին ազդեցությունը, մասնավորապես, այս կամ այն թեկնածուի կողմից այս կամ այն երկրի իշխանությունների «դաբրոն» ստանալը: Իսկապե՞ս արտաքին ազդեցությունը կարող է ինչ-որ էական դեր խաղալ առաջիկա ընտրություններում:

Այս թեմայով ՄԱԱ-ում երեկ կազմակերպված քննարկման ժամանակ իր տեսակետը ներկայացնելիս Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Արամ Մայիլյանը կարծիք հայտնեց, թե արտաքին ազդեցությունը մեր ընտրությունների վրա «ժողովրդական բանահյուսության ոլորտից է»: Նա նկատեց, որ օրինակ՝ Վրաստանի ընտրությունները հետաքրքրում են եւ՛ Արեւմուտքին, եւ՛ Ռուսաստանին, իսկ Հայաստանի ընտրությունները բացարձակապես ոչ մեկին չեն հետաքրքրում: Ինչո՞ւ: «Որովհետեւ Հայաստանն, արդեն երկար ժամանակ է, իրեն դուրս է դրել միջազգային մրցակցությունից, միջազգային ու տարածաշրջանային համագործակցությունից, կղզիացել է եւ ուղղակի էթնիկ տարածքի նման մի բան է դարձել,- փաստեց բանախոսն ու հավելեց,- Ընդամենը հետազոտություններ են անում՝ պարզելու համար, թե այդ էթնիկ տարածքն ինչ ձգտումներ ունի: Դրա համար էլ կարծում եմ՝ ո՛չ օժանդակություն կլինի ժողովրդավարությունը վերականգնելու համար (վերականգնել եմ ասում, ոչ թե հաստատել, որովհետեւ ինչ-որ ժամանակ ունեցել ենք ժողովրդավարություն), ո՛չ էլ որեւէ տնտեսական ազդեցության համար»: Քննարկման մյուս մասնակիցները համաձայն չէին պարոն Մայիլյանի այս գնահատականների հետ՝ նշելով, որ կա Արցախի հարց եւ այլն: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանն այս մասին նշեց, թե ԼՂ հարցում մենք մարտահրավերների դաշտից արդեն մտել ենք սպառնալիքների դաշտ, ինչի վկայությունն Ադրբեջանի պաշտպանության նախարարի վերջերս արած այն հայտարարությունն է, թե պատերազմը Հայաստանի հետ անխուսափելի է: «Մյուս կողմից էլ՝ համանախագահները նոյեմբերի 14-ին առաջ են քաշել դրույթներ, որոնց շուրջ բանակցություններն ամեն կերպ ճնշումային տարբերակով փորձում են ինչ-որ հանգրվանի բերել»,- ասաց նա: Իսկ ՕԵԿ խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանը գտնում է, որ ՀՀ-ում լեգիտիմ իշխանության հետ գործ ունենալու տեսանկյունից կարող են համադրվել աշխարհառազմավարական բոլոր կենտրոնների շահերը: ՀՅԴ-ական Ռուզան Առաքելյանն էլ առաջարկեց ստեղծել ռազմավարական-վերլուծական մի կենտրոն, որը Հայաստանի «կարեւոր շրջանի» համար վերլուծություններ կանի: Իսկ կարեւոր շրջան նա համարում է ընտրությունից ընտրություն ընկած ժամանակահատվածը: Նա կարեւոր է համարում այդ ժամանակահատվածում ուսումնասիրել, թե արտաքին ազդեցությունն ինչպիսին էր այդ ընտրությունների վրա, ինչ դեր խաղաց եւ այլն: Իսկ ահա տնտեսագետ Թաթուլ Մանասերյանին հուզում էր այն, որ վերջին տվյալներով Հայաստանում «ներմուծման աճի տեմպերը 300%-ով գերազանցում են արտահանման աճի տեմպերին», ինչը նա բնութագրեց՝ որպես տնտեսական աղետ: «Բացահայտ կախվածություն կա մեկ երկրից: Սա տնտեսական սպառնալիք է»,- նկատեց նա: ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանն էլ տեղեկացրեց, որ Հայաստանը վաղուց Լուսնի կամ Մարսի վրա չի գտնվում, եւ «հասանելի է բոլոր երկրների կողմից»: Ըստ նրա, Հայաստանն ու հայ ժողովուրդը որպես մեկ միավոր չեն հանդես գալիս, դրա համար էլ արտաքին ազդեցությունը մեծ է լինում: Իսկ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի խոսքերով՝ «ինչպես որեւէ ապրանք, այնպես էլ ժողովրդավարությունը արտահանման առարկա է»: «Հայաստանի հետ կապված քաղաքական ստատուս-քվոն, կարելի է ասել, գերտերությունների մոտ պահպանվում է»,- ասաց նա՝ հավելելով, որ դիտորդների գնահատականը մեզ համար չափանիշ չէ, եւ շատ կարեւոր է, որ հասարակությունն այդ ընտրություններն «իրականում ընդունի այնպես, ինչպես որ կուզենար լիներ»: ՀԱԱԿ քարտուղար Էդուարդ Անտինյանն էլ առաջարկեց նախ՝ հստակեցնել, թե «արտաքին գործոն» ասելով՝ ի՞նչ ենք հասկանում: «Եթե մենք խոսում ենք օտարի շահը մեր դաշտում սպասարկելու մասին, դա կոչվում է՝ «պոլիցայ»,- ասաց նա ու ավելացրեց,- Մենք մեզ միջազգային կառույցների անդամ համարո՞ւմ ենք, թե՞ ոչ, որ մտածենք՝ նրանք եկան՝ մեզ ստուգեցին: Մենք մեզ համարո՞ւմ ենք քաղաքակիրթ աշխարհի մի մասնիկ: Ես գտնում եմ, որ այն կազմակերպությունները, որի անդամ ենք մենք, դա օտար չի, որ գա մեզ ստուգի»: Իսկ ԱԺՄ-ական Անահիտ Աղոյանը կրկնեց Վազգեն Մանուկյանի հայտնի հայտարարությունն այն մասին, թե «հայ ազգը համաշխարհային ազգ է»: «Դա նշանակում է, որ մենք պետք է ինտեգրվենք միջազգային կառույցներին ու առաջնորդվենք համամարդկային օրենքներով: Դա նշանակում է, որ մենք խուսանավել չենք կարող, որովհետեւ կան միջազգային կառույցներ, որի մեջ ներգրավված ենք մենք, որի մեջ ներգրավված է ամբողջ աշխարհը, եւ այդ կանոններն ընդհանուր են ամբողջ աշխարհի համար»,- բացատրեց նա: Իսկ ՀԺԿ վարչության անդամ Ռուզան Խաչատրյանի գնահատմամբ՝ արտաքին ազդեցություն կա եւ չի կարող չլինել: Ըստ նրա, այդ ազդեցությունը կա անգամ ԱՄՆ-ի վրա: Նրա դիտարկմամբ՝ արտաքին ազդեցությանը մեզանում գուցե նաեւ միտումնավոր տալիս են գռեհիկ ձեւակերպում, այն է՝ այս թեկնածուն ի՞նչ կողմնորոշում ունի, ռուսամե՞տ է, թե՞ արեւմտամետ: «Սա նշանակում է, որ հասարակությանը որպես գործոն չեն ընկալում, պետությունը որպես գործոն չեն ընկալում: Քաղաքական գործիչներն իրենք իրենց աճուրդի են դնում: Այլ երկրներից մարդ են բերում Հայաստան՝ Կոբզոն, Լուժկով, անգամ Արմեն Ջիգարխանյան եւ այլն»,- փաստեց նա: