Ադամանդը գաղտնի հրապույրով շատերին է ձգում։ Բոլոր ժամանակներում բիզնեսի
այս ոլորտում եղել է ստվերային ահռելի շրջանառություն: Ավելին՝ ասում են,
ադամանդը կնոջ նման քմահաճ է ու որտեղ գտնվում է, այնտեղ փորձում է իշխել
ու դավեր նյութել: Այն անպայման իրար դեմ է հանում բոլոր նրանց, ովքեր
գայթակղված են իր փայլով: Աստված չանի, թե «երկրպագուներից» որեւէ մեկը
թուլանա. չի ների, անողոք է մահու չափ:
Տարբեր ժամանակներում էլ ոլորտի տերերը փորձել են «լուսավորել» բիզնեսի
այս տեսակը, բայց քանի որ այստեղ շատ փող կա, շատ-շատ փող, միշտ էլ
ստվերային ցանկություններն ավելի ուժեղ են եղել: Ստվերից դուրս գալու
վերջին փորձերից մեկն էլ դարասկզբին «Քիմբեռլիի գործընթացի» ստեղծումն էր:
Սրա հիմնական նպատակն էր՝ դադարեցնել կամ կրճատել ալմաստի փողերով
պատերազմական գործողությունների ֆինանսավորումը: «Ալմաստի փողերից»
օգտվողների շարքում նշվում են ահաբեկչական այնպիսի հզոր խմբավորումներ,
ինչպիսիք են «Ալ Քաիդան» ու «Հզբոլլահը»: Ահա թե ինչու է ադամանդը
համարվում արյունոտ, երբեմն՝ կեղտոտ ու կոնֆլիկտային: «Քիմբեռլիի
գործընթացը» նպատակ ուներ նաեւ համակարգել ու հաշվառել այս դաշտում
կատարվող տեղաշարժերը: «Քիմբեռլիի» գործընթացին անդամակցել են ավելի քան
40 երկրներ: Հայաստանը՝ նույնպես: «Քիմբեռլիի գործընթացին» մասնակցել՝
նշանակում է ալմաստի առքուվաճառքով զբաղվելու իրավունք ունենալ: Սակայն
կյանքը ցույց է տալիս, որ մարդկային միտքն ի զորու է շրջանցել ցանկացած
պատնեշ:
Մեր ադամանդը
Կոտայքի մարզի Նոր Հաճընը աշխարհում ադամանդ մշակող քաղաքների տասնյակում
ութերորդ տեղն է զբաղեցնում: Այս փոքրիկ քաղաքն էլ ունի իր ադամանդի
ստվերային փոքրիկ, բայց կեղտոտ խաղերը: Դա գալիս է դեռ խորհրդային
տարիներից, երբ գործարանի տեխնոլոգն ուներ իր հաստատագրված բաժինը,
հերթափոխի պետն՝ իրենը եւ այդպես՝ մինչեւ շա՜տ վերեւ: Նույնը շարունակվում
է նաեւ հիմա: Եթե առաջ Հայաստանում կար միայն «Շողակն» գործարանը, հիմա
ադամանդ մշակող տասից ավելի գործարաններ կան, մեծ մասը՝ Հաճընում: Եթե
խորհրդային տարիներին «Շողակնը» ամսական մշակում էր 8.000 կարատ ադամանդ,
ապա հիմա՝ մոտ 25.000 կարատ: Կարելի է եզրակացնել, որ ոլորտում ստվերային
շարժը նույն համամասնությամբ էլ ավելացել է: Ադամանդագործները պատմում են,
որ հիմա գործարաններում միայն հերթափոխի պետի «լեւի դրույքավճարն» ամսական
1000 դոլար է: Հերթափոխի պետից վերեւ կամ ներքեւ էլ ինքներդ պատկերացրեք:
Իրականում
Հայաստանում ադամանդ մշակող գործարանները հիմնականում արտասահմանյան հզոր
ընկերությունների մասնաճյուղեր են կամ սեփականություններ: Օրինակ,
ամենամեծ՝ «Շողակն» գործարանը պատկանում է հրեական հայտնի «LLD Diamonds»
ընկերությանը, «Արեւակնը» բելգիական «Տաշե» ընկերության սեփականությունն
է, եւ այդպես շարունակ: Սակայն այս գործարանները ղեկավարում եւ այստեղ
աշխատում են Հայաստանի քաղաքացիները: Արտասահմանցիներն այստեղ օգտագործում
են հայերի էժան աշխատուժը: Հումքը ներկրվում է Բելգիայից, Իսրայելից ու
Ռուսաստանից: Մշակելուց հետո այն ամբողջությամբ արտահանվում է: Մերոնք էլ
իրենց չափով «տակ չեն մնում», սկսած գործարանների ղեկավարներից: Ինչպե՞ս:
«Դրսից» չմշակված ալմաստ կամ արդեն մշակված, բայց ցածրորակ ադամանդ են
տանում «ներս»՝ գործարան՝ ու փոխում ավելի լավի հետ: Հետո դրսում վաճառում
են կամ փոխում նույնիսկ մեքենայի ու տան հետ: «Դրսի» ու «ներսի» հիմնական
ստվերային շրջանառությունը սա է. մի գործարանից մյուս գործարան, կամ
անհատ-գործարան ուղիով: Ասում են, այս ստվերը դրսից ու ներսից ունի իր
վերահսկիչ կառույցները՝ ինչպես հաճընցիներն են ասում՝ մաֆիաները: Հին
ադամանդագործներին հենց այս թաքնված շրջանառությունն է հրապուրում: Իսկ դա
մեծ չափերի է հասնում, որովհետեւ իրենց ստվերային բաժինը պետք է ունենան
տնօրենները, նաեւ ոլորտը վերահսկող կառույցները: Դուրս-ներս շրջանառության
արդյունքում հսկայական գումարներ կամ ադամանդներ են պտտվում, իհարկե՝
Հայաստանի մասշտաբով: Սա «օգտակար» է եւ՛ գործարանի աշխատակիցներին, եւ՛
դրսի մարդկանց, մի քիչ էլ՝ համակարգող կառույցներին, աչք փակելու համար:
Օտարերկրյա սեփականատերերն ինչքան էլ ցանկանան ու պայքարեն, այս երեւույթը
չեն կարող վերացնել: Սա նրանք համարում են չարյաց փոքրագույնը:
Մաքսանենգություն
Իսկ դրսից ալմաստ բերում են նաեւ անհատ ձեռներեցներն ու մշակման փոքր
ծավալ ունեցող արտադրամասերի սեփականատերերը: Բոլորովին վերջերս ՀՀ
Մաքսային պետական կոմիտեն արձանագրեց խոշոր չափի՝ 240.000 դոլար
արժողությամբ չհայտարարագրված ալմաստի եւ ադամանդի ներմուծումը Բելգիայից
Հայաստան: Ներմուծող Սամվել Իսախանյանը ապրանքի չհայտարարագրելը
պատճառաբանել է իր անտեղյակությամբ, իսկ Մաքսային կոմիտեն, պարզվում է,
այդ «ապրանքին» արդեն սպասում էր: Արդյո՞ք սա մաքսանենգ ալմաստի ու
ադամանդի ներկրման առաջին դեպքն էր: Դժվար է ասել: Օդանավակայանի
մաքսակետի համապատասխան սարքավորումներն ի զորու չեն հայտնաբերել թաքցրած
ադամանդը կամ ոսկին: Մաքսավորներն իրենց հույսը դնում են մաքսանենգի
հոգեբանական գործոնի վրա՝ նա կարող է աչքերով կամ անվստահ շարժուձեւով
մատնել իրեն: Միգուցե այս դեպքում Ս. Իսախանյանի հոգեբանական գործո՞նն է
աշխատել: Բայց, ասում են, նրան սպասում էին:
Ադամանդագործությունն ազատված է ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ): Այս
դեպքում ո՞րն է այդ ապրանքը թաքցնելու պատճառը: Ադամանդագործները մի քանի
բացատրություն ունեն. թաքցնել նաեւ ադամանդի մշակման ծավալն ու դրա հետ
կապված մյուս բոլոր հարկերը: Կամ, ճիշտ է, հարկերից ազատել են, բայց
«լեւի» հարկերից հնարավոր չէ խուսափել.
«Տամոժնիայի աշխատողը եթե իմացավ, որ քո մոտ մեծ քանակությամբ թանկարժեք
քար կամ մետաղ կա, ուզում ես՝ հայտարարագրի, ուզում ես՝ ոչ, մինչեւ իր
բաժինը չվերցնի, քեզ բաց չի թողնի: Դրա համար էլ թաքցնում են,- ասաց
հաճընցի ադամանդագործներից մեկը: -Գիտեք, թե սա առաջի՞ն դեպքն է, էնքան են
անցկացրել, բռլիանտն ինչ է, մի բուռ անցկացրիր, ահագին թիվ ա: Փող ես
տալիս տամոժնիկին ու հանգիստ գնում քո գործին: Բա էսքան լեւի բռլիանտ որ
ֆռում ա, որտեղի՞ց ա»:
Ադամանդագործության պերճանքը
Տարիներ առաջ մեր իշխանություններն ադամանդագործությունը հռչակեցին
տնտեսության գերակա ճյուղ եւ զարգացնելու համար ոլորտն ազատեցին թե՛
ԱԱՀ-ից, թե՛ ակցիզային հարկից: Ադամանդագործությունը, ճիշտ է, մի փոքր
զարգացավ: Բայց մեր տնտեսությունը դրանից ինչքանո՞վ շահեց: Առեւտրի եւ
տնտեսական զարգացման նախարարության Ակնագործության ու ոսկեգործության
բաժնի տրամադրած տվյալներով՝ եթե 2001թ. այս ոլորտից հարկվել է 396 մլն
դրամ, ապա 2004թ. պետբյուջե է մուծվել 1017մլն դրամ կամ մոտ 2 մլն 260.000
դոլար: Այն դեպքում, երբ անցած տարի ներմուծվել է 189 միլիարդ 52 միլիոն
271 հազար դոլար արժողությամբ 875.748 կարատ ադամանդ: Նույն բաժնի պետ
Գագիկ Մկրտչյանի կարծիքով՝ սա ձեռքբերում էր. «2000թ. ի՞նչ էին անում
բանվորները Նոր Հաճընում՝ բողոքում էին, թե մեզ աշխատանք տվեք: Իսկ ի՞նչ
են անում հիմա՝ ադամանդ են մշակում»:
Իսկ ամբողջ շահույթը ո՞ւր է գնում: «Աչքածակ չլինենք ու բավարարվենք
եղածով»,- թերեւս կպատասխաներ ոլորտը համակարգող Գագիկ Մկրտչյանը:
Պարոն Մկրտչյանի տվյալներով՝ ադամանդագործությունը 2005թ. Հայաստանին տվել է 71.000 դրամ միջին աշխատավարձով մոտ 4000 աշխատատեղ:
Ադամանդագործության թշվառությունը
«Ադամանդագործությունը տնտեսության գերակա ճյուղ հռչակելը սխալ է,
որովհետեւ դա ռազմավարական ճյուղ չէ, ընդամենն աշխատատեղ է ապահովում, այն
էլ, դրսի հետ համեմատած՝ էժան,- բացատրում է տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը:
-Ի՞նչ է ադամանդագործությունը՝ քար տաշել։ Հետո՞ ինչ, որ թանկարժեք քար է
տաշվում, դրա համար արժի՞ հարկից ազատել: Սրանից 4000 տարի առաջ էլ հայերը
քար տաշում էին: Այս ճյուղը բյուջեին ոչ մի բան չի տալիս:
Ադամանդագործության նման տոլինգային սկզբունքով աշխատում է նաեւ «Կանազ»
գործարանը եւ տրիկոտաժի ամբողջ արտադրությունը: Այսինքն, հումքն առանց
հարկելու ներմուծում են, դարձնում ապրանք ու արտահանում: Այդ ապրանքը
դրսում արդեն հարկվում է: Այս ոլորտների տված օգուտն ընդամենն աշխատատեղ
ապահովելն է: Գերակա ճյուղ պետք է հռչակել եւ այդ արտոնությունները պետք է
տրամադրել ինֆորմացիոն եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտին, որը չի արվել:
Ռուսաստանը, օրինակ, որոշել է հանել տոլինգային մեթոդը: Ուսումնասիրել ու
պարզել են, որ դա հարյուրավոր միլիոնների վնաս է տալիս բյուջեին:
Հայաստանի բյուջեն էլ միլիոնավոր դոլարներ շրջանցում են»: