Երբ խնձոր ծամելով հեռուստատեսությամբ հետեւում ես, ասենք, նախագահի նստավայրի կամ կառավարության շենքի մոտ Բուզանդի փողոցի, Կոնդ կամ Կոզեռն թաղամասերի բնակիչների բողոքի ակցիաներին եւ անմիջապես փոխում ես ալիքը, քանի որ այդ տեղեկատվությունը քեզ բացարձակ չի հուզում, նշանակում է` վստահ ես, որ ա) քեզ նման վտանգ չի սպառնում կամ բ) եթե նման իրավիճակում հայտնվես դու, շատերն այդ պահին եւս խնձոր ծամելով` կփոխեն ալիքը: Երբ «Ռոյալ Արմենիա» ընկերությունը փորձ արեց պայքարել Մաքսային կոմիտեի դեմ՝ այն դեպքում, երբ այդ կոմիտեն ինքը կոնցենտրացված կոռուպցիայի եւ մաքսանենգության օրրաններից մեկն է, որեւէ այլ գործարար չմիացավ «Ռոյալ Արմենիային» եւ չպաշտպանեց նրան, քանի որ ա) վստահ էր, որ եթե ինքը նման հայցով դիմեր դատարան, ինքը եւս կմնար միայնակ եւ մի քանի տարով կհայտնվեր տանից բավական հեռու վայրերում, եւ կամ բ) ինքը նույնքան անազնիվ է, որքան իրենից կաշառք պահանջող մաքսավորը:
Կարելի՞ է ի նշան կոռումպացված չինովնիկների դեմ պայքարող անհնազանդ ընկերությունների հետ համերաշխության` խանութից բացառապես «Բջնի» հանքային ջուր կամ «Ռոյալ Արմենիա» սուրճ գնելը համարել նրանց պայքարին միանալու միջոց: Կամ մխիթարելու համար անտուն մնացած մեր համաքաղաքացիներին` շատերին լսելի ձայնով պնդել, թե նորակառույց էլիտար շենքերը միայն «էլիտար գեղցիների» համար են: Գուցեեւ. մեծ ցանկության դեպքում դա կարելի է համարել գուցե պասիվ, բայց համերաշխության դրսեւորում: Սակայն առավել ազնիվ լինելու դեպքում կպարզվի, որ նման զրույցները կամ անհնազանդ ընկերությունների արտադրանքին նախապատվություն տալը մեղավորության դրսեւորում է: Մեր հասարակությունը, գլոբալ իմաստով, մեղավոր, ոչ ազնիվ մարդկանց հասարակություն է: Հիշենք, որ մեր հասարակության զգալի մասը ներգրավված էր ընտրակեղծիքների եւ ընտրակաշառք վերցնելու գործում: Որ մեր հասարակության համար ամենաարժեքավոր գեղարվեստական կինոնկարը «Վերվարածներն» են, ինչպես գրող, հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանն է ասում` «ամբախ-զամբախ հռհռալը», էժան հումոր փնտրելը եւ այլն:
Մենք բոլորս` միասին վերցրած եւ առանձին-առանձին, գուցե ենթագիտակցական մակարդակում, մեզ մեղավոր ենք զգում: Ընդ որում` տարբեր պատճառներով: Եթե փորձենք ազնիվ լինել գոնե ինքներս մեզ հետ, կտեսնենք, որ մեղքի զգացողությունը գալիս է նրանից, որ մենք գիտակցաբար կամ պարտադրաբար դավաճանում ենք մեր սկզբունքներին եւ այդ քայլն արդարացնելու նպատակով մեր սկզբունքները հարմարեցնում իրավիճակին: Եվ այս ինքնագնահատման արդյունքում մեր գործողությունները դառնում են կաշկանդված ու անազատ: Գուցե օրինակն այնքան էլ դիպուկ չէ, այնուամենայնիվ, վերջերս աշխարհի բոլոր լրատվամիջոցները հայտարարեցին Ֆրանսիայում խոշոր գործադուլի մասին. պետության, գործատուների դեմ ըմբոստացել էին օդանավակայանի, մետրոյի, ուղեւորների փոխադրումն ապահովող այլ ենթակառուցվածքների աշխատակիցները: Օրերս հայտարարվեց Հունաստանի բժիշկների, ուսուցիչների գործադուլի մասին. մարդիկ պետությունից պահանջում են վերանայել իրենց աշխատավարձերը: Այլ կերպ ասած` բարձրացնել դրանք: 88-ի հայտնի գործադուլներից հետո, երբ աշխատանքը կամավոր բոյկոտող մարդկանց պահանջը իրենց բարեկեցիկության հետ որեւէ կապ չուներ, Հայաստանում մի քանի աննշան գործադուլներ եղան` մետրոպոլիտենի գնացքավարների մասնակցությամբ: Նրանց պահանջը ուշացումով, դժվարությամբ, մասամբ, բայց բավարարվեց: Ենթադրել, որ հայաստանյան բյուջետային հիմնարկի աշխատակիցները, մասնավորապես՝ բժիշկներն ու ուսուցիչները, գոհ են իրենց աշխատավարձերից, նաիվ է: Այդ դեպքում ի՞նչն է խանգարում մի օր էլ հայրենի ծառայողներին դուրս գալ փողոց եւ աշխատավարձի բարձրացում պահանջել կառավարությունից: Նրբանկատությո՞ւնը, արժանապատվության բարձր գիտակցությո՞ւնը կամ գուցե բարձր գիտակցությունից բխող ժուժկալությո՞ւնը: Այս տարբերակները բացառվում են ի սկզբանե: Վերոնշյալ հատկանիշները մեր հասարակությունը, հուսանք, ոչ անվերադարձ, սակայն կորցրել է: Կան պատճառներ, որոնք կարող են օբյեկտիվ թվալ առաջին հայացքից կամ խեղճ մարդու տեսանկյունից` ա) մարդիկ հազիվ են աշխատանք գտել, բ) ամբողջ օրը տանն անգործ չեն նստում, գոնե տանից դուրս են գալիս (սա մահացու պրիմիտիվ տարբերակ է), գ) շատ ստանաս, շատ կծախսես, դ) ուրիշները դա էլ չունեն, եւ այլն: Մյուս կողմից, յուրաքանչյուր բյուջետային աշխատող ինքն ունի իր արած աշխատանքի գնահատման սեփական չափորոշիչները եւ լավ գիտի, որ իր թափած ջանքը` մեկ ամսվա կտրվածքով, ճիշտ եւ ճիշտ 20-60 հազար դրամի սահմաններում է: Ուսուցիչներն ու բժիշկներն աշխատանքի ընդունվելու համար իրենք են կաշառք տալիս դպրոցի տնօրենին կամ բուժհաստատության ղեկավարին` վստահ, որ առաջին մի քանի ամսվա ընթացքում (բժիշկների դեպքում), կա՛մ գոնե մինչեւ կյանքի վերջ (ուսուցիչների դեպքում) այդ գումարը հետ կգա:
Մեղավորության, անմեղ մարդուն չպաշտպանելու, առաջին իսկ հնարավորության դեպքում անազնիվ վարվելը բնորոշ է մեր հասարակությանը, ինչն էլ ստիպում է նախ` չհարգել ինքդ քեզ, ապա եւ՝ դիմացինիդ: Եվ մենք, որ ինքներս մեզ լավ ենք ճանաչում, մեր օրինակով հեշտությամբ կռահում ենք դիմացինի որակները: Հետեւաբար, մեր հասարակությանը, այդ հասարակությունում տեղի ունեցող իրադարձություններին մոտենում ենք ստորության, ստահակության, պրիմիտիվության կանխավարկածից: Սակայն այս ինչի՞ մասին ենք խոսում: Այս ամենը դատարկ մտավարժանքներ են այն ուրախալի լուրի ֆոնին, որ ստացանք օրերս. հեռավոր եւ, արդեն միանշանակորեն կարող ենք պնդել, եղբայրական Չիլիում, օվկիանոսում լողալիս (ընդ որում, նկատենք, այն ծովափում, ուր լողալն արգելված է), հրաշքով շնաձկների բաժին չի դարձել ազգությամբ հայ մի չինովնիկ` ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարարը: Հրաշալի լողորդ լինելու նրա արժանիքը հետաքրքիր ձեւով համընկել է նաեւ «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագիրը կոորդինացնելու հմտության հետ: Սակայն նրա ողջության եւ առողջության լուրը հայերիս համար ուրախալի է նույնքան, որքան այն, որ հեռավոր Չիլիում գուցե թե չծածանվեց հայոց եռագույնը (առիթը թույլ չտվեց), սակայն հնչեց մեր պետության անունը` Հայաստան: