Կացուն տխուր է

17/12/2007

Հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարման մրցութային գործընթացը եղել է բավականաչափ թափանցիկ: Այս մասին երեկ հայտարարել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հարցերի փոխնախագահ Շիգեո Կացուն: «Սկզբնական շրջանում մենք ենթադրում էինք, որ կլինի մեկից ավելի մասնակից, բայց ի վերջո մնաց մեկը, ինչը մի փոքր տխրեցնում է, քանի որ ես մրցակցության կողմնակից եմ»,- ասել է Կացուն: Նրա կարծիքով, այդ պարագայում անհրաժեշտ է ապահովել, որ այդ ընկերությունն աշխատի հանուն հասարակության շահի: ՀՀ-ի երկաթուղու հավատարմագրային կառավարման համար հայտարարված մրցույթին սկզբնական շրջանում մասնակցության հայտ էր ներկայացրել երկու ընկերություն՝ ռուսական եւ հնդկական: Սակայն, ավելի ուշ, հնդկական ընկերությունը հետ էր վերցրել իր հայտը: Դեկտեմբերի 21-ին բացվելու է մրցույթի մասնակից ՌԴ-ի երկաթուղիներ ընկերության հայտի տեխնիկատնտեսական փաթեթը, իսկ 2008 թ. հունվարի 8-ին՝ ֆինանսական առաջարկությունը: Մրցույթի հաղթողի անունը կհայտարարվի հունվարի 15-ին: Հայկական երկաթուղին հավատարմագրային կառավարման է հանձնվում 30 տարով՝ ժամկետը եւս 20 տարի երկարաձգելու պայմանով: