Կտրվեն նոր անձնագրեր

12/05/2005

ՀՀ Ոստիկանության Վիզաների եւ անձնագրային վարչության պետ Ալվինա
Զաքարյանը երեկ հայտարարել է, որ 1995-2004 թթ. Հայաստանում տրվել է 2մլն
676.240 անձնագիր: 2005-ի առաջին եռամսյակում տպագրվել է 53.469 անձնագիր,
այդ թվում՝ 1633-ը անչափահասների համար: Նա հայտնեց, որ միայն անձնագիր
կորցնելու պատճառով տպագրվել է 3237 անձնագիր՝ նշելով, որ սա մտահոգիչ
փաստ է. կասկածելի է, որ այդքան մարդ կորցրել է անձը հաստատող
փաստաթուղթը: «Շատ հաճախ այն քաղաքացիները, որոնց տարբեր երկրների
դեսպանատներում մերժում են վիզա տրամադրել, հայտարարում են անձնագիրը
կորցնելու մասին, իսկ մենք ստիպված ենք լինում նրանց նորը տալ»: 2005 թ.
առաջին երեք ամսվա ընթացքում Հայաստանի նախագահի հրամանագրով
արտասահմանյան պետությունների 25 քաղաքացու տրվել է ՀՀ քաղաքացիություն,
իսկ ՀՀ քաղաքացիությունը ուժը կորցրած է ճանաչվել 126 մարդու մոտ:
Արտասահմանյան պետությունների ազգությամբ հայ եւս 644 քաղաքացի ստացել է
Հայաստանում բնակության հատուկ կարգավիճակ, իսկ արտասահմանյան
պետությունների 28 քաղաքացի ստացել է սովորական կարգավիճակ: Ա. Զաքարյանը
հերքեց լուրերն այն մասին, թե ԼՂՀ քաղաքացիներին մասսայաբար ՀՀ անձնագրեր
են տրվում: Նա ասաց, որ ԼՂ քաղաքացիներին ՀՀ անձնագիր տրվում է բացառիկ
դեպքերում, քանի որ նրանք, իբրեւ չճանաչված պետության քաղաքացիներ,
անձնագիր չունեն: Բացառություն արվում է, օրինակ, 16-ը լրացած պատանիների
համար, որոնք ուզում են բուհ ընդունվել, նաեւ՝ արտերկրում բուժման կարիք
ունեցողներին: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԼՂ արտգործնախարար Արման
Մելիքյանը, ԼՂ քաղաքացիների համար կգործի անձնագրերի 2 ձեւ՝ ներքին եւ
արտաքին, որոնք կտրվեն Հայաստանի միջոցով: Ալվինա Զաքարյանը հայտնեց նաեւ,
որ 2006 թվից Հայաստանում տրվելու են նոր անձնագրեր: Նրա խոսքերով՝ արդեն
ապրիլի 18-ին Հայաստան կհասնեն անձնագրերի առաջին նմուշները, որոնք
պատվիրված են Ֆրանսիայում: Նոր անձնագրերում լուսանկարը ոչ թե կփակցվի,
այլ կկիրառվի թվային տպագրության մեթոդը:

Կ. Մ.