15 միլիոն դոլար՝ փոքր եւ միջին բիզնեսին

17/12/2007

Երեկ «Հայէկոնոմբանկի» «Զարգացման եւ վերակառուցման եվրոպական բանկի» (ՎԶԵԲ) միջեւ կնքվեց 15 մլն դոլարի սինդիկացված (կոլեգիալ) վարկի պայմանագիր: Բանկի ղեկավարների հավաստիացմամբ՝ սա աննախադեպ իրադարձություն է Հայաստանի բանկային համակարգի պատմության մեջ, քանի որ առաջին անգամ համաշխարհային ճանաչում ունեցող վեց ֆինանսական հաստատություններ իրենց մասնակցությունն ունեցան այս սինդիկացված վարկում: Սինդիկացված վարկը բաղկացած է երկու առանձին վարկերից: Առաջին՝ 5 մլն դոլար արժողությամբ վարկը տրամադրվելու է ՎԶԵԲ-ի կողմից` 36 ամիս ժամկետով: Երկրորդ՝ 10 մլն դոլար ընդհանուր արժողությամբ վարկը տրամադրվելու է մասնակից մյուս բանկերի կողմից (ՎԶԵԲ, գերմանական Commerzbank AG եւ bank Austria Creditanstalt, State Bank of Indida, Land Bank ov Taiwan, անգլիական FBN bank Limited) 18 եւ 12 ամիս ժամկետներով: «Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրեն Դավիթ Սուքիասյանի խոսքերով, վարկի գումարն ուղղվելու է արտադրության, սպասարկման եւ առեւտրային ոլորտներում փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը: Յուրաքանչյուր վարկառուի տրամադրվելու է մինչեւ 400.000 դոլարին համարժեք դրամ վարկ: Վարկերը տրամադրվելու են տարեկան 14-16 տոկոսով եւ 2-3 տարի ժամկետով, առանձին դեպքերում՝ նաեւ 5 տարի ժամկետով:

«Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն ու ախորժակը մեծանում է, եւ այս պայմանագիրն առաջին ծիծեռնակն է այն վստահության, որն առկա է «Հայէկոնոմբանկի» նկատմամբ: Սա հայ ժողովրդի համար կարելի է Նոր տարվա նվեր համարել: Այսօր մենք կանգնած ենք մեծ ներդրումների շեմին, որը հետագայում Հայաստանի տնտեսության մեջ կիրականացնեն արտասահմանյան բանկերը»,- պայմանագրի ստորագրումից հետո հայտարարեց ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Մայքլ Վայնշտեյնը: Վերջինիս խոսքերով, բանկային համակարգը Հայաստանի տնտեսության առողջ համակարգերից մեկն է, եւ այդ պատճառով էլ արտասահմանյան բանկերն իրենց առաջին քայլերը սկսում են հենց բանկային համակարգից:

Հիշեցնենք, որ վերջերս այս բանկի հիմնական սեփականատեր Սուքիասյանների ընտանիքի բիզնեսը հայտնվել է Հարկային եւ Ոստիկանության մարմինների ուշադրության կենտրոնում: Այն բանից հետո, երբ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարեց, որ նախագահական ընտրությունների ժամանակ աջակցելու է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, վերոհիշյալ պետական կառույցները լայնածավալ ստուգումներ սկսեցին նրա ընտանիքին պատկանող «Բջնի» հանքային ջրերի գործարանում, «Պիցցա դի ռոմա» ռեստորանների ցանցում եւ այլ ընկերություններում: Իսկ «Հայէկոնոմբանկի» անունն էլ իշխանություններն օգտագործում են մեկ այլ «բացահայտված հանցագործության» շրջանակներում, որի դեպքում «կեղտոտ» փողերը իբրեւ փոխանցվել էին այս բանկի միջոցով: Տեղյա՞կ է արդյոք ՎԶԵԲ-ն այս ամենի մասին: Եվ արդյո՞ք նման հայտարարությունները չեն հուզում այս ֆինանսական կառույցին, որ «Հայէկոնոմբանկի» հետ գործարքներ կնքելիս ավելի զգույշ լինի:

«Մենք բանկի մասին կարծիք կազմում ենք նրա ֆինանսական հաշվետվություններից ելնելով: Եվ իմ որոշումը հիմնված է եղել այն օբյեկտիվ տեղեկատվության վրա, որ առկա է բանկում: Այդ իրադարձությունների մասին ոչինչ չեմ կարող ասել: Ես հայերեն կարդալ չգիտեմ եւ չեմ կարող հետեւել թերթերի հրապարակումներին»,- հարցին ի պատասխան ասաց Մ.Վայնշտեյնը:

«Իմ բավարարվածությունն եմ հայտնում այս կարեւոր գործարքի վերաբերյալ, որովհետեւ Հայաստանն` ի դեմս «Հայէկոնոմբանկի», դուրս է եկել միջազգային ասպարեզ»,- ասաց ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Վարդան Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ ՎԶԵԲ-ը «Հայէկոնոմբանկի» հետ աշխատում է 2000 թվականից եւ մինչեւ հիմա բանկի միջոցով իրականացրել է մոտ 20 մլն դոլարի ծրագրեր: Հիշեցնենք նաեւ, որ 2004թ. ՎԶԵԲ-ին են պատկանում «Հայէկոնոմբանկի» 25% +1 բաժնետոմսերը: