Կոյուղաջրերը` նկուղում

17/12/2007 Հայկուհի ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Զորավար Անդրանիկ 2 շենքի նկուղն, արդեն ութ ամիս է, լցված է կոյուղաջրերով: Շենքում ապրող 16 ընտանիքները բողոքում են ոչ միայն խոնավությունից ու հակասանիտարական վիճակից, այլեւ սարսափով սպասում են, որ նորակառույց շենքը շուտով վթարային կդառնա:

«Ախր նորակառույց շենք ա, բա ափսոս չէ՞, որ էդ ջրերի պատճառով վթարային դառնա: Բա էն ժամանակ ի՞նչ պտի անենք, ո՞ւր պտի գնանք»,- ասում է շենքի բնակիչ Ռիմա Շաբոյանը:

Բնակիչները զրկված են նկուղ մտնելու հնարավորությունից՝ գարշահոտության ու ջրի պատճառով: Միայն կարող են դրսից նայել ջրում լողացող արկղերին: «Գարնանն էդ ջուրը լցվեց նկուղը, կարտոֆիլի սերմը փչացավ: Պարտքով սերմ առա, ցանեցի, ոչ մի փոխհատուցում էլ չեղավ: Հիմա էլ բերքը հավաքել եմ, բայց տեղ չկա, որ դնեմ»,- ասում է շենքի բնակիչ Հերիքնազ Գեւորգյանը:

Սակայն, ըստ տիկին Գեւորգյանի` նկուղից զրկված լինելը միայն չարյաց փոքրագույնն է: Առաջին հարկի բնակարանի պատերը խոնավությունից բորբոսնել են, բնակարանը գարշահոտությամբ է լցվել: «Իսկական կենդանաբանական այգի է, սրտիդ ուզած միջատը կգտնես իմ տանը. իսկը խոլերայի բուն»,- նշում է Հերիքնազ Գեւորգյանը:

Բնակիչներն արդեն հոգնել են ամենօրյա բողոքներից եւ հույս չունեն, որ այս խնդրին լուծում կգտնվի:

1996-97թթ. սեփականաշնորհման ժամանակ տնամերձ հողամասերի միջով անցնող 700 մետր խողովակաշարը, նաեւ դիտահորերը բնակիչներն ապօրինաբար քարերով են լցրել: Ուստի 2004-ին կառուցվել է այլընտրանքային դիտահոր: Սակայն այն իրեն չի արդարացրել: Եվ քանի որ նախկին կոյուղագծերը վերանորոգել հնարավոր չէ, նոր կոյուղագիծ կառուցելու անհրաժեշտություն է առաջացել: Ըստ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Հյուսիսարեւելյան տարածքային մասնաճյուղի Մարտունի ենթամասի» իրացման բաժնի աշխատակից Արամ Կարապետյանի` դիտահորերը պարբերաբար մաքրվում են, սակայն երբեմն մեքենաների անսարքության պատճառով դիտահորերը մաքրելը մի քանի օրով հետաձգվում է: Իսկ Զորավար Անդրանիկ 2-րդ շենքի նկուղի ջրով լցված լինելը նա այսպես բացատրեց. «Այժմ տվյալ թաղամասը շուրջօրյա ջրամատակարարում ունի, իսկ բնակիչներն էլ, իրենց սովորության համաձայն, ջրի ծորակները միշտ բաց են թողնում: Եթե ամեն օր էլ մաքրենք, դիտահորն էլի ջրով լցված կլինի, մոտակա շենքի նկուղն էլ՝ հետը»: Բնակիչները, սակայն, իրենց մեղքի բաժինը չեն ընդունում` պահանջելով, որ կամ նորմալ կոյուղագծեր տրամադրեն, կամ էլ բոլորովին զրկեն:

Իսկ թե երբ այս խնդրին լուծում կգտնվի, պարզ չէ: Ա. Կարապետյանը նշում է, որ արդեն դիմել են կենտրոնական գրասենյակ՝ ֆինանսավորում ստանալու ակնկալիքով: Սակայն հայտնի չէ, թե ֆինանսավորում երբ կլինի, եւ երբ կսկսվի նոր կոյուղագծերի շինարարությունը: Իսկ սեփական միջոցներով շինարարություն չսկսելը «Հայջրմուղկոյուղու» Մարտունու մասնաճյուղում այսպես պատճառաբանեցին. «Բանկիչները սպասարկման վարձավճարները գրեթե չեն մուծում, մեր միջոցներն էլ սուղ են, չենք կարող»: