8-ամյա տղան օրվա հացի փող է վաստակում՝ երթուղային տաքսիներ լվանալով

17/12/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Վարդուհին բազմազավակ մայր է: Ամուսնու եւ չորս անչափահաս երեխաների հետ ապրում է անտառային տնակում, որի տանիքի ծածկի մի մասը բառիս բուն իմաստով ցելոֆան է: Դրսի քամուց տնակի առաստաղը փուչիկի պես բարձրանում է վեր, ու քամին, ներս առնելով անձրեւաջրերը` ներխուժում է ներս:

Վարդուհին սառցակալած նստել է բազմոցին ու դողդողալով է խոսում. ներսի ցուրտը մարդու մարմինը սառույցի կտոր է դարձնում: Երեխաները` սփրթնած ու կապտած, հերթով մտնում են ներս ու պահարանի դարակներից հացի կտորներ հանելով՝ սկսում են անկյունում կծկված ուտել: Երեխաներից ամենափոքրի՝ 8-ամյա Հարությունի մաշված կոշիկներն ու տաբատի ներքնամասն ամբողջովին թաց է, շուրթերը կապտած են ու պարանոցն անընդհատ դողացնելով է խոսում: Ասում եմ՝ «Էս ինչի՞ ես սենց թրջված, որտե՞ղ էիր խաղում, կմրսես, գոնե հագուստդ փոխի»: Հարությունը մեծ մարդու կեցվածք ընդունելով, հայացքը լրջացնելով՝ պատասխանում է. «Խաղո՞ւմ… Ես չէի խաղում՝ աշխատում էի: Դպրոցից գալիս եմ տուն ու անցնում եմ աշխատանքի, որ հացի փող ունենանք, մամային օգնում եմ»: Նայում եմ 8-ամյա այս տղային ու ապշում. Հարությունը, մանկությունը թողած` աշխատում է, որ կարողանա իրենց ամենօրյա հացը վաստակել: Խոսքերի լրջությունն ու հայացքի հոգսն այս տղայից փոքրիկ մարդուկի կերպար է կերտել: Հարցնում եմ՝ «Որտե՞ղ ես աշխատում»: Ծանր հոգոց հանելով` պատասխանում է. «Մարշրուտկեք եմ լվանում: Ուրիշ տեղերում 1500 դրամ ա, բայց շոֆերներն ինձ ասում են՝ լվա, 500 դրամ կտանք: Հիմա մի քիչ դժվար ա, եղանակը ցուրտ ա, սառը ջրով որ լվանում եմ՝ քարանում եմ, բայց ոչինչ, կարեւորը՝ հաց ունենք»: Մայրը՝ Վարդուհին, խոր թախիծով նայում է որդուն ու հիշում, թե 2 օր առաջ ինչպես էին Հարությունի ձեռքերը սառչել, երեխան եկել էր տուն ու ցրտահարված ձեռքերի ցավից սկսել էր լաց լինել: Հարությունենց հանգրվանած անտառային տնակը գտնվում է Էրեբունի համայնքի Վարդաշեն 9 փողոցում, որտեղ ոտք դնելիս հայտնվում ես սոված շների միջավայրում: Վարդուհին պատմում է, որ բնակարան չունենալու պատճառով այս հատվածում հողատարածք ունեցող իրենց բարեկամին խնդրել են թույլ տալ ժամանակավորապես ապրել տնակում: «Մեր բարեկամը, երբ ամառներն եկել ա հողը մշակելու՝ էս տնակում ա մեկ-մեկ մնացել, պահակատեղիի պես մի բան ա, էլի, որ հողը մշակելուց մի ծածկ ունենա»,- ասում է նա՝ պատմելով, որ Նորքի 3-րդ զանգվածի իրենց բնակարանը վաճառել են պարտքերը մարելու համար ու չեն կարողացել այլեւս տուն գնել: Այս ընտանիքն անգամ հասցե չունի, որովհետեւ իրենց գտնվելու վայրը համայնքում ամրագրվում է իբրեւ անտառային տնակ: Նրանց տնակը շրջապատված է սարերով ու ամայի տարածությամբ, իսկ քաղաքից միակ կապն 80 համարի երթուղային տաքսին է: Հարությունը բարեբախտություն է համարում, որ իրենց տնակը քաղաքից շատ հեռու է ու, որ այդ ճանապարհն ասֆալտապատ չէ, որովհետեւ երթուղային տաքսիներն այս ուղերթով երթեւեկելիս ամբողջովին ցեխոտվում են: Արդյունքում՝ տղան աշխատանք է ունենում: Երթուղային տաքսիների վարորդներն էլ այդպիսով օգնում են Հարությունին: 80 համարի երթուղային տաքսիների «քաղաքացի» ուղեւորները փնթփնթում են ծայրամասից եկող ցեխոտ մեքենայով երթեւեկելիս: Հարությունն ասում է, որ մեքենաները լվանալու մենաշնորհն իրենը չի, որովհետեւ այդ գործն իրար փոխարինելով անում են չորս եղբայրներով: Վարդուհու ավագ որդին՝ Սարգիսը, սովորում է ուսումնարանում, բայց, տեւական ժամանակ է, դասերի չի հաճախում, քանի որ հոր հետ գնում է Աղավնաձորում բանվորություն ու մանրահատակի գործ անելու: Երկու ամիս է, ինչ հայր ու որդի աշխատում են, բայց աշխատավարձ դեռ չեն ստացել, ղեկավարները ձգձգում են: Ուսումնարանի տնօրենն անհանգստանում է Սարգսի բացակայությունների համար, սակայն, միեւնույն ժամանակ, հասկանում է, որ կարիքից դրդված՝ տղան ստիպված կլինի թողնել ուսումը: Այս ընտանիքն անտառային տնակում բավականին երկար ժամանակ ապրել է անլույս, անգամ հոսանքալարեր չեն եղել, մոմի լույսով են տնակը լուսավորել: Վարդուհին պատմում է. «Շատ խղճով հարեւան ունենք, տեսավ, որ երեխեքը շատ են նեղվում, մոմի լույսի տակ դաս սովորելով քոռանում են՝ իրա հոսանքից թողեց միանանք: Հիմա լույսը վառում ենք ու գումարն իրան ենք տալիս»:

Վարդուհին ամռանն ուրիշի բրդերն է լվանում, տներն է մաքրում, որ կարողանա գումար վաստակել, սակայն ներկայումս փող հայթայթելու տարբերակ չի գտնում: «Անկեղծ եմ ասում, որ էսքան ժամանակ ոչ մեկին ոչ մի բանով չեմ դիմել, օգնություն չեմ խնդրել, որովհետեւ մտածել եմ, որ մեզնից աղքատ ապրողներ էլ կան: Բայց հիմա անելանելի վիճակ ա, զգում եմ, որ էլ ուժ չունենք պայքարելու: Մենք լացողներից չենք, սիրում ենք աշխատել, ուղղակի հիմա շատ վատ վիճակում ենք հայտնվել: Ամռանը մի մեծահարուստի տուն էի մաքրում, նենց էին ստորացնում, գումարը շպրտում էին, կարծես ողորմություն էի խնդրում: Չդիմացա, դուրս եկա, չէի ուզում, որ էդ աստիճանի նվաստանայի, որովհետեւ, եթե աշխատում ես՝ պիտի սիրով վարձատրեն: Հիմա ձմռանը ոչ բուրդ լվանալ ցանկացող կա, ոչ էլ տուն մաքրողի կարիք զգացող եմ գտնում»,- ասում է Վարդուհին՝ վստահեցնելով, որ որպես բազմազավակ մայր՝ պետությունից երբեք սպասելիքներ չի ունեցել: Հիմա նա օգնության կարիք ունի, որովհետեւ կյանքի այս փուլը կարծես արգելապատնեշ լինի, երեխաները հաճախ քաղցած են մնում: Հարեւանուհին, խոսակցությանը միջամտելով, ասում է՝ «Մեկ-մեկ տեսնում եմ, որ երեխեքը շատ սոված են՝ հաց եմ բերում, ես հացի փռում եմ աշխատում, ու, քանի որ շատ լավ մարդիկ են` ուզում եմ մի բանով օգնել: Շատ ա եղել, որ ուտելու բան չեն ունեցել: Տեսնում եք, չէ՞, ինչ երեխեք են, հիմիկվանից ուզում են ծնողներին օգնել: Հըլը դրանց մատներին նայեք, թե ոնց են ցրտահարվել էդ սառը ջրերից»: Վարդուհու նյարդերը սոցիալական պայմաններից տեղի են տալիս, առողջական խնդիրներ ունի՝ «Երեւի տեսքիցս երեւում ա, էլի»,- ասում է: Սրտի աշխատանքը շատ անկայուն է, բայց չի համարձակվում գնալ ստուգվելու: 4 երեխաների մայրն ասում է, որ չի կարող իր առողջության մասին մտածել, երեխաների հոգսը շատ է: Երեք փոքրիկ տղաների մոտ միեւնույն ժամանակ գիշերամիզություն է առաջացել։ «Երեւի ցրտից, մրսելուց ա»,- եզրակացնում է նա: Բազմազավակ այս ընտանիքը «Փարոսի» նպաստառուներից է, 29.000 դրամ են ստանում: Երեք դպրոցականների ծախսերն էլ ավելի են բարդացնում նրանց կենցաղը: Վարդուհին ասում է, որ դպրոցի տնօրենը հասկանալով, որ վճարունակ չեն՝ զիջումների է գնում: «Տնօրենին ասում եմ՝ ես չեմ հրաժարվում գումար վճարելուց, ուղղակի ինձ ժամանակ տվեք, որ կարողանանք քիչ-քիչ վճարել: Հիմա, օրինակ՝ կոմպյուտերի համար 1000 դրամ են հավաքում: Փաստորեն, ես երեք դպրոցականի համար 3000 դրամ պիտի տամ, բայց որտեղի՞ց, խանութի պարտքերը հասել են չգիտեմ ուր»: 10-ամյա Վարդանը շատ զգացմունքային երեխա է ու ամեն անգամ ծանր ապրումներ է ունենում, երբ ուսուցչուհին օրագրի մեջ գրում է, որ՝ այսինչ գումարը չեք վճարել, պետք է վճարեք: Հարցնում եմ՝ «Օրագրիդ մեջ գրում է, որ փողը վճարե՞ս»: «Հա՛,- պատասխանում է,- գրում ա՝ ուղարկե՛ք, ես էլ շատ եմ նեղվում, երբ գնահատականի փոխարեն՝ էդ եմ տեսնում»:

Բազմազավակ մայրը վստահեցնում է, որ սոցիալական ծանր կենսապայմանների պատճառով հաճախ ամուսիններով իրար չեն հասկանում, վիճաբանություններ են լինում: Վերջերս ընտանեկան մթնոլորտն այնպես է խաթարվել, որ որոշել են ամուսնալուծվել, բայց հետո՝ «Նայում ես 4 երեխեքիդ ու մտածում ես, որ իրանց կյանքն էլ ես փչացնում: Ես ինքս հարազատություն չունեմ, հայր չեմ ունեցել ու երկար մտածելուց հետո հասկացա, որ երեխեքս իմ նման չպիտի տառապեն: Նորից նույն խնդիրների միջով անցնում ես ու անընդհատ պայքարում ես, որ ինչ-որ բան հանդուրժես»,- ասում է Վարդուհին:

Նա սրտնեղում է, 4 տղա է ուղարկելու զինվորական ծառայության, բայց սրտնեղում է ոչ թե նրա համար, որ տղաներին բանակ է ուղարկելու, այլ մտածում է, թե ցրտի ու սովի պայմաններում գոյատեւող երեխաներին ի՛նչ հիվանդություններով է ճանապարհելու ու ինչպես են նրանք ծառայելու: