Խաղողի այգիների հաշվեգրում՝ ըստ տեսակի եւ տարիքային կազմի, վերջին անգամ
կատարվել է 1984 թվականին: Հաշվեգրում կատարվել է նաեւ 2003 թվականին,
սակայն դրանով ընդամենը ճշտվել է, թե որքան է կազմում այգիների ընդհանուր
տարածքը:
Խաղողի այգիների կտրուկ նվազումը մասնագետներն արձանագրել են 1997 թվականին՝ սեփականաշնորհման գործընթացից հետո:
1990 թվականին հանրապետությունում խաղողի այգիները կազմել են ընդհանուր՝ 31,5 հազար հա, որից 25,7 հազարը՝ բերքատու:
1997թ. ընդհանուր այգիները կազմել են 17,7 հազար հա, բերքատու՝ 17,1 հազար հա:
Խաղողի այգիների նվազագույն ցուցանիշը գրանցվել է 2001 թվին՝ 14,8 հազար հա ընդհանուր տարածք:
2003թ. կատարված վերջին հաշվեգրման ժամանակ պատկերը կրկին հուսադրող չի
եղել, արձանագրված աճն աննշան է եղել՝ ընդհանուր 14892,5 հա այգի, որից
բերքատու՝13322,7 հա: Հանրապետությունում աճող խաղողի տեսականու, այգիների
վիճակի մասին թարմ եւ ճշգրիտ ինֆորմացիա դեռեւս չկա: 1999 թվից սկսած
Գյուղատնտեսության նախարարությունում խաղողարտադրության հետ կապված երկու
ծրագիր է մշակվել: Երկու ծրագրերն էլ կյանքի չեն կոչվել: «Քանի որ մեզ մոտ
ծրագրային զարգացում չի նախատեսվում, իսկ հայեցակարգային զարգացման համար
անհրաժեշտ հովանավորներ եւ ներդնողներ չեն գտնվել, կառավարությունն այդ
ծրագրերը չի քննարկել»,- տեղեկացրեց Գյուղատնտեսության նախարարության
աշխատակազմի Բուսաբուծության վարչության Այգեգործության զարգացման բաժնի
պետ Կարինե Եսայանը: Առաջին ծրագիրը, որ մշակվել է դեռեւս 1999 թվականին,
նախատեսում էր հանրապետությունում խաղողի արտադրությունը մինչեւ 2005
թվականը հասցնել 180.000 տոննայի, այգիների տարածքները պետք է
վերականգնվեին եւ հասցվեին 18.000 հա-ի: «Այդ ծրագրի հեղինակ մեր
գիտնականներն ավելի շատ կոմունիստական մոտեցում էին ցուցաբերել,- ասում է
Կ. Եսայանը,- նրանք գտնում էին, որ այդ ծրագիրը պետք է իրականացվեր միայն
պետության հովանավորությամբ»: Ծրագիրը բազմաթիվ արտոնություններ է
առաջարկել խաղողարտադրողի հանդեպ, այն է՝ երիտասարդ այգիները՝ մինչեւ
բերքատու դառնալը ազատել հողի հարկից, եւս երկու տարի չհարկել նաեւ
բերքատվությունից հետո, 10 հա-ից ավել կազմող այգիների համար սահմանել ջրի
հարկի 50% զեղչ: «Սակայն ծրագրի այդ դրույթները մեր պայմանների համար
իրատեսական չէին»,- պատճառաբանում է Կ. Եսայանը: Սակայն խաղողի այգիների
զարգացման միտում կա, «պարզապես խաղողարտադրողներն առայժմ զբաղված են հին
այգիները քանդելով ու նորը տնկելով, այսինքն՝ այգիների երիտասարդացման,
վերակառուցման պրոցես է տեղի ունենում, իսկ սրանից կարելի է հետեւություն
անել, որ մոտ ապագայում խաղողի տարեկան 180-190.000 տոննա բերքի մեր
ակնկալիքը միանգամայն իրատեսական հիմքեր ունի»,- վստահեցնում է Կ. Եսայանը:
Խաղողարտադրության մասնագետները լուրջ մտահոգություն ունեն նաեւ տեսակների
խնդրում: Ոլորտից իրազեկներն ահազանգում են կոնյակի արտադրության համար
լավագույնը համարվող խարջի (ոսկեհատ) խաղողի անհետացման եզրին գտնվելու
վտանգի մասին: Բանն այն է, որ խաղողարտադրողները հակված չեն ավելացնել
խարջիի այգիները: «Խարջին հիվանդությունների նկատմամբ խիստ զգայուն է:
Խաղողի այս տեսակը բավականին նուրբ տերեւներ ունի եւ խիտ ողկույզներ,
որոնք նպաստում են հիվանդությունների արագ զարգացմանը: Բացի այդ, խարջիի
բերքատվությունը, համեմատած նոր սելեկցիոն տեսակների հետ, բավականին ցածր
է»,- պարզաբանում են մասնագետները: Օրինակ, եթե կոնյակարտադրության համար
պիտանի մեկ այլ տեսակի՝ կանգունի համար նորմալ է համարվում 250-350
ցենտներ բերքատվությունը, ապա խարջիի համար՝ 150 ցենտները: Ներկայումս
հանրապետությունում հաշվել են խարջիի 990 հա այգի: Երեւանի կոնյակի
գործարանի մասնագետները պնդում են, որ այդ թիվն իրականությանը չի
համապատասխանում, իրականում խարջիի այգիներն ավելի փոքր թիվ են կազմում:
Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի Բուսաբուծության վարչության
Այգեգործության զարգացման բաժնի պետ Կարինե Եսայանը հակված է հավատալ
Կոնյակի գործարանի մասնագետներին, «որովհետեւ նրանք մոնիտորինգ անելու
ավելի լայն հնարավորություններ ունեն, քան մենք»:
Թեեւ կոնյակարտադրությամբ զբաղվողները փորձում են մտահոգ երեւալ խաղողի
այս բացառիկ տեսակին սպառնացող վտանգի առիթով, սակայն խարջիի այգիների
ավելացման միտում չի նկատվում: Խաղողարտադրողներն էլ հակված են մշակել
խաղողի այնպիսի տեսակներ, որոնք պահանջարկ ունեն գործարանների կողմից:
«Գործարանների կողմից խարջիի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք չեմ
նկատել,- ասում է Կ. Եսայանը,- օրինակ, Երեւանի կոնյակի գործարանն էլ է
ասում, որ խարջիի նկատմամբ լավ են տրամադրված, բայց ես կողքից անընդհատ
ուսումնասիրում եմ նրանց հիմնած այգիները, հիմնականում առաջնությունը
տալիս են մսխալիին, ռկածիթելիին, կոնյակարտադրության համար երաշխավորվող
այնպիսի տեսակների, որոնց բերքատվությունը բարձր է»: