Կներկայացվի «Գրեմմիի»

17/12/2007 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Երաժիշտ Արա Գեւորգյանն ավարտել է իր նոր ստեղծագործությունը, որի համար նրանից գրեթե յոթ տարի է պահանջվել: Երեկ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, երաժիշտը նշեց, որ 8 րոպե 40 վայրկյան տեւողությամբ ստեղծագործությունը կոչվում է «Սիրեցե՛ք զմիմյանս»:

Այն կոչ է ամբողջ աշխարհին` ապրել համերաշխ, միմյանց հանդեպ հանդուրժող լինել, որպեսզի չլինեն պատերազմներ, քանի որ պատերազմների ժամանակ բազմաթիվ անմեղ մարդիկ են զոհվում: Այդ ստեղծագործությունը ձայնագրվել է աշխարհահռչակ տարբեր երաժիշտների, ազգային գործիքների վրա նվագող տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ. «Նրանց հետ համատեղ այս նախագիծն ավարտեցինք: Երեք տեսահոլովակ արդեն նկարահանվել է, եւ պատրաստվում է չորրորդը, քանի որ այս թեման շատ ընդգրկուն է: Տեսահոլովակներից մեկը, որտեղ ցուցադրվում են բոլոր երաժիշտները, նրանց հարցազրույցները եւ այլն, թարգմանված է նաեւ ռուսերեն ու անգլերեն լեզուներով: Տարբեր ազգերի ներկայացուցիչներից յուրաքանչյուրը նվագում է իր երկրի ազգային գործիքով: Դրա հետ համատեղ՝ վերջացրել եմ եւս մեկ ստեղծագործություն` արդեն երգի տեսքով, որը նույնպես կոչվում է` «Սիրեցեք զմիմյանս»: Երգը կկատարեն աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ` այն 17 երգիչները, որոնք կատարել են «Ադանա» ստեղծագործությունը: Այն կթարգմանվի նաեւ 17 լեզուներով: Երգի տեքստի հեղինակը ֆինլանդացի Ինկան է, այն նույնպես խաղաղության կոչ է»: Այս նախագիծը երաժիշտը նախատեսում է 2008 թվին ներկայացնել, երբ աշխատանքը վերջնականապես ավարտված կլինի: Արա Գեւորգյանը մտադիր է բոստոնյան «Երազարտ» ընկերության հետ այս ստեղծագործությունը ներկայացնել «Գրեմմի» մրցանակաբաշխությանը: Արա Գեւորգյանը 18 պետություններից համերգներով հանդես գալու հրավեր է ստացել: Այն կազմակերպում է ավստրալական մի ընկերություն: Երաժիշտը նշեց, որ օգոստոսից կսկսվի նրա համերգային ծրագիրը` եվրոպական մի շարք պետություններում, Ավստրալիայում, Արաբական Էմիրություններում, Արգենտինայում եւ այլն. Ա. Գեւորգյանին ադրբեջանցիները սպառնում էին դատի տալ` նշելով, որ նրա «Արցախ» ստեղծագործությունը ադրբեջանցի հեղինակին է պատկանում: Բանն այն է, որ ռուսական «Սառցե դարաշրջան» (խպՊվՌՍՏՉօռ տպՐՌՏՊ) հաղորդման ժամանակ հնչել է ադրբեջանցի ստեղծագործողի երաժշտությունը, որին միացրած է եղել «Արցախը»: Հաղորդավարներն այն ներկայացրել են իբրեւ հայկական երաժշտություն, ինչը բարկացրել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն. «Վերջերս առնչվեցի ադրբեջանական ագրեսիայի հետ` ուղղված մեր մշակույթին: Զրպարտանքների կարկուտ է թափվում, որին պետք է դիմադրենք: Հերթը հասել է նրան, որ անգամ Արամ Խաչատրյանին են գող անվանում: Նրանց պարբերականում գրում են, որ մենք գողանում ենք իրենց մշակույթը, երաժշտական գործիքները եւ այլն: Ինչ վերաբերում է նրան, որ ինձ պետք է դատի տային, ապա զրպարտանքը չի կարող հասցնել դատարան: Հակառակը, ինքս նրանց կարող եմ դատի տալ: Ես նրանց ապացուցեցի փաստերով, որ այդ երաժշտությունն ինձ է պատկանում: Իսկ ես կարող էի դատարան կանչել ադրբեջանցի սպորտսմենուհի Դինարա Գեմատովային, ով Մինսկում կայացած գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջնության ժամանակ պարեց իմ երաժշտության տակ` առանց անուն հայտարարելու, կտրտած եւ այլն: Ես չեմ ուզում դատական պրոցեսի մեջ մտնել որեւէ մեկի հետ, բայց եթե ադրբեջանցիները փորձեն ոտնձգություններ անել հայկական մշակույթի հանդեպ, մարզուհին կգնա դատարան, ինչպես նաեւ` Բյուլբյուլօղլին` զրպարտության համար: Իսկ այդ ամբողջ խնդիրը հանգուցալուծվեց այն պահին, երբ նայեցի այդ հաղորդաշարը, որտեղ ադրբեջանական երգին կպցված էր իմ «Արցախ» ստեղծագործությունը»,- նշեց նա: Ի դեպ, դեսպանին նամակ է ուղարկել նաեւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: