Հայաստանը կողմ է

14/12/2007

Հայաստանը կողմ է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը, քանի որ այն կարող է բարելավել պաշտոնական Երեւանի եւ Անկարայի միջեւ լարված հարաբերությունների հաղթահարման հեռանկարը: Բրիտանական «Ֆայնենշլ թայմս» թերթին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: «Կարծում եմ, լավ կլիներ մեզ համար, եթե Եվրամիության անդամ դառնալու Թուրքիայի ցանկությունը բավարարվեր,- ասել է Հայաստանի վարչապետը՝ հավելելով,- Գուցե մեր միջեւ առկա խնդիրները կարող են լուծում գտնել Եվրամիության շրջանակներում»: Ս. Սարգսյանը հույս է հայտնել, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ առաջարկներ կներկայացնի ընտրություններից հետո: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի վերաբերյալ նա ասել է. «Չեմ կարծում, թե ճիշտ է ասելը, որ նա դեմ է Հայաստանի հետ հարաբերությունների հաստատմանը: Կտեսնենք, թե ինչ կլինի ապագայում»: Լավատեսություն արտահայտելով, որ Հայաստանը եւ Թուրքիան առաջընթաց կարձանագրեն այս հարցում՝ Սերժ Սարգսյանը հարց է տվել. «Ի վերջո, ի՞նչ ենք շահում մենք, եւ ի՞նչ է շահում Թուրքիան ներկայիս իրավիճակից»: «Նույնիսկ «սառը պատերազմի» ժամանակաշրջանում, երբ Հայաստանը մաս էր կազմում Խորհրդային Միությանը, իսկ Թուրքիան՝ ՆԱՏՕ-ին, մենք որոշակի հարաբերություններ ունեինք Թուրքիայի հետ: Երկաթուղագիծ էր կառուցվել Հայաստանից Թուրքիա: Բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծ էր անցկացվել երկու երկրների միջեւ,- ասել է Ս. Սարգսյանն ու հարցրել,- Ինչո՞ւ այժմ տրամաբանական չպետք է լինի հարաբերությունների հաստատման իմ ցանկությունը»: