Ֆինանսական հովվերգություն
Դժվար է հիշել որեւէ նախադեպ, երբ երկրում տիրող ֆինանսական հարցերի մեջ
ֆինանսավարկային իրավիճակը հասարակական նման ուշադրության է արժանանում։
Ապրիլի 5-ին միջազգային ֆինանսական շուկաներում կատարված իրադարձությունը
որոշ օրաթերթեր նույնիսկ տպագրեցին առաջին էջում։ Միջազգային շուկաներում
ԱՄՆ դոլարն արժեւորվում է մյուս հիմնական տարադրամների (հատկապես՝ եվրոյի)
նկատմամբ։ Այն պահից, ինչ դոլարը Հայաստանում սկսեց իր վայրէջքը, մենք
ազգովի ու ուշադիր հետեւում ենք համաշխարհային բորսաների
վայրիվերումներին։ Ճիշտ է, մի փոքր վատ ենք հասկանում այդ բորսաներում
կատարվող գործընթացները։ Զանազան եվրոների ու ճապոնական իենների նկատմամբ
դոլարի պայքարին նույն մոլեռանդությամբ ենք հետեւում, ինչ արքայական
«Ռեալի» խաղին։ Պատճառը մեկմեկու բացատրելու կարիք ամենեւին էլ չունենք։
Հայաստանի տնտեսությունը ծայրից ծայր դոլարիզացված է։ Դոլարի կուրսի
անկումը խփում է բոլորիս՝ պետությունից մինչեւ շարքային քաղաքացի։ Որքան
էլ որ տարօրինակ է, դոլարի արժեզրկումը հարվածում է պետությանը։ ՀՀ
Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության մասնագետների հաշվարկով՝ 2004-ին
այդ տարադրամի արժեզրկման պատճառով ՀՀ արտաքին պարտքը աճել է մոտ 35 մլն
դոլարի չափով։
ԿԲ-ն անցած շաբաթ արած իր հայտարարության մեջ նշել էր, որ երկրի արտաքին
պարտքը հիմնականում դոլարային է։ Սա ակնհայտ հակասում է պաշտոնական բոլոր
հրապարակումներին։ Դրանցում միշտ նշվում է, որ արտաքին պարտքի
կառուցվածքում մոտ 80-85%-ը SDR-ով է։ Սա հաշվարկային փոխարժեք է, որով
չափում են հիմնականում ազատ փոխանակելի տարադրամները։ Հենց SDR-ի նկատմամբ
էլ 2004-ին արժեզրկված դոլարն ինքնաբերաբար մեծացրել է երկրի արտաքին
պարտքը։ Դրանից մասամբ կարելի էր խուսափել, եթե երկրի պահուստ
կուտակումները դոլարի փոխարեն կատարվեին այլ տարադրամով։
Տարիներ շարունակ, երբ ստեղծվում էր Հարկային օրենսդրությունը, մեր
ազգային դրամն անշեղորեն արժեզրկվում էր։ Հարկային շատ օրենքներ (ոչ
ուղղակի հարկերի եւ հատկապես մաքսատուրքերի գծով) գանձումների ծավալն
ամրագրել են ԱՄՆ դոլարով։ Հիմա մամուլը հեղեղված է տվյալներով, թե
պետությունն ինչքան գումար է կորցնում բենզինի ներմուծման օրեցօր նվազող
գանձումներից (յուրաքանչյուր տոննայի դիմաց՝ ավելի քան 30.000 դրամ)։ Հետո
իհարկե կհայտնվեն հրապարակումներ՝ մյուս մաքսատուրքերի գծով կորուստների
մասին։ Պատկերն իսկապես անմխիթար է, եթե հիշենք, որ ՀՀ 2005 թ. պետական
բյուջեի մուտքերը պլանավորված են 1 դոլարը՝ 535 դրամի հաշվարկով։ Ակնհայտ
է, որ բյուջեի կատարումը դառնում է լուրջ խնդիր։
Տարադրամի կուրսի անկումը լուրջ հարված է նաեւ հայրենական արտադրողի
համար։ Այս թեման առայժմ հրատապ չէ։ Գյուղատնտեսական տարին դեռ նոր է
սկսվում։ Դեռ կարելի է մոռանալ, որ Հայաստանի արտադրական համակարգ կոչվածն
իրականում գյուղմթերքների վերամշակող արդյունաբերություն է։ Դոլարի կուրսի
անկման պատճառով այս ոլորտի արտադրանքն արտաքին շուկայում դառնում է թանկ
ու անմրցունակ։ Այդ արտադրական ձեռնարկությունների մի մասը
ժամանակավորապես փակվել է, կամ կրճատել է արտադրությունը (մինչեւ 50%)։
Եթե երկրի ֆինանսավարկային քաղաքականության ոլորտում եւ ֆինանսական
շուկայում կարգավորիչ կտրուկ քայլեր չկատարվեն, ըստ փորձագետների՝ լուրջ
խնդիրներ են ծագելու գյուղմթերքների իրացման ոլորտում։ Մի խնդիր, որ
վերջին տարիներին համարվում էր լուծված։
Շինարարական կրքեր
Դատելով պաշտոնական տեղեկատվությունից՝ երկիրը հայտնվել է տնտեսական նոր
աղետի առջեւ՝ Հայաստան խոշոր ծավալով ձող է մտնում։ Միանշանակ ու համոզիչ
պատասխաններ չկան։ Ասում են՝ 55%-ով աճել են Հայաստան առաքվող գումարները։
Պատճառը պարզ չէ։ Ոչ մի երկրում, ուր վերջին տարիներին գաղթում, կամ
արտագնա աշխատանքի են մեկնում մեր հայրենակիցները, նման տնտեսական աճ չկա։
Հայտնի բան է՝ երկնիշ թվերով աճում է միայն Հայաստանի տնտեսությունը։
Անհավանական կարելի է համարել այն բացատրությունը, թե մեկ տարվա ընթացքում
55%-ով աճել է արտագնա աշխատանքների մեկնողների կամ գաղթականների թիվը։
«Տրամաբանական» կարող է համարվել այն, որ դրսի հայերն անցած տարվա
ընթացքում ուղիղ 55%-ի չափով ավելի են կարոտել իրենց ազգականներին։ Եվ
հենց այդ չափով էլ փող են ուղարկում (հակառակի պես՝ դոլար)։
Մեր երկրի տնտեսությունը չկարողացավ առանց ցնցումների մարսել 1 մլրդ
դոլարանոց տրանսֆերը։ Իշխանությունները, իհարկե, փորձեցին երկիր մտնող
դրամական զանգվածը կողմնորոշել դեպի շինարարություն։ Երեւանի կենտրոնի
կառուցապատման տեմպերն անհասկանալի են շատերի համար։ Անհասկանալի էին նաեւ
գները։ Երեւանի կենտրոնում դեռեւս չկառուցված բարձրահարկ շենքերի մեկ
քառակուսի մետրը փորձում էին վաճառել 700-1000 դոլարով։ Բայց իրարանցում
հիշեցնող գործընթացը, կարծես, ավարտվեց։ Բնակարանների առաջարկ-գների աճը
կանգնեց։ Անցնող եռամսյակում վաճառքի (իրական) գներն աճել են ընդամենը
2%-ով։ Աշխուժացել է հին՝ գոյություն ունեցող բնակարանների առքուվաճառքի
շուկան։ Երեւանի կենտրոնում այսօր բնակարանային 1 քմ-ն արժե մոտ 530
դոլար։ Իսկ մայրաքաղաքում 1 քմ-ի միջին գինը մոտ 270 դոլար է։ Կենտրոնում
դեռեւս չկառուցված բնակմակերեսի առաջարկը ակնհայտ գերազանցում է
պահանջարկին։ Արդյունքում առաջարկ-գներն ընկնում են։ Փոքր կենտրոն կոչվող
թաղամասում 1 քմ-ն արդեն նվազել է մոտ 500 դոլարի։ Այս ոլորտում գների վրա
ազդող սպեկուլյատիվ գործոններն այլեւս ազդեցիկ չեն։
Կապիտալի հոսքը դեպի շինարարություն ուղղորդելու հետագա փորձերը
արդյունավետ չեն։ Եվ փողի հերթական լուրջ ծավալն է Հայաստանում դուրս
մնում տնտեսությունից ու դառնում անգործունյա։ Այն, հավանաբար, ավելի կսրի
իրավիճակը ֆինանսական շուկայում։