Կաջակցեն, եթե դիմեն

14/12/2007

ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի պետ, ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանն ու ՕԵԿ մյուս փոխնախագահ Մհեր Շահգելդյանը երեկ դժգոհել են հայրենի հեռուստաեթերից եւ նրանից, որ իրենք եթերում չեն երեւում, չեն լուսաբանվում եւ այլն: Հ. Բիշարյանն ասել է նաեւ, որ օրերս է վերադարձել Գյումրիից, որտեղ այդ առումով պատկերը նույնպես տխուր է: «Միայն Հանրային են նայում,- ասել է նա ու հավելել,- Գիշեր-ցերեկ՝ Սերժ Սարգսյան, մարդիկ ուղղակի արդեն հոգնել են, արդեն անջատում են հեռուստացույցները: Մեզ ասում են՝ թող գոնե ուրիշ գործիչների էլ ցույց տան, որ գոնե հեռուստացույցը աշխատի մի քիչ»: Իսկ երբ խոսքի ազատությունն ու բազմակարծությունը կարեւորող ՕԵԿ փոխնախագահներին հարցրել են, թե այդ դեպքում ինչո՞ւ ՕԵԿ-ը չի աջակցում Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերությանը, որի վրա ճնշում է գործադրվում իշխանական քարոզչության տրամաբանությանը չենթարկվելու եւ ընդդիմությանը, մասնավորապես՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին եթեր տրամադրելու համար, Բիշարյանը պատասխանել է, թե ԳԱԼԱ-ին աջակցում են եւ պատրաստ են աջակցել, եթե հեռուստաընկերության ղեկավարությունը դիմի, եւ կուսակցությունն ունենա աջակցության հնարավորությունը: Հիշեցնենք, որ ՕԵԿ-ականները, մասնավորապես՝ ՕԵԿ նախագահ Ա. Բաղդասարյանն ու նրա տեղակալներ Հ. Բիշարյանն ու Մ. Շահգելդյանը այն ընդդիմադիր ներկայացող անձանցից են, ովքեր, հատկապես վերջին շրջանում, հաճախ են երեւում տարբեր հեռուստաալիքներով, այն դեպքում, երբ ոմանք զրկված են եթերում հայտնվելու բոլոր հնարավորություններից: