«Միակ մարդը, ով չի կարող հաղթել Վազգեն Մանուկյանին, Լեւոն Տեր-Պետրոսյանն է»

14/12/2007 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

– Ձեր վերջին հոդվածն ամբողջությամբ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ էր: Ինչո՞ւ եւ արդյո՞ք պատճառը միայն այն է, որ ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն առանց կուսակցության վարչության նիստի որոշման կանգնել է Լ. Տեր-Պետրոսյանի կողքին:

– Ես, արդեն տեւական ժամանակ է, հրապարակային պայքար եմ մղում մեր կուսակցությունում օրինականությունը վերականգնելու համար: Աբսուրդ է` հանուն ժողովրդավարության զավթել ամենաժողովրդավարական մարմիններից մեկը, ինչպիսին հանդիսանում է կուսակցությունը: Ավելին, փոփոխված Սահմանադրությամբ կուսակցությունների դերն էականորեն մեծացել է` երկրում իշխանությունների ձեւավորման հարցում: Եվ հասարակությանը ներկայացնել, թե մենք ազնիվ նպատակներով ենք զավթել կուսակցությունը, դա ինձ համար անընդունելի է: Այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդդիմության բեւեռ դառնալը ցանկացավ ցույց տալ, որ իր շուրջ հավաքվել են 14 կուսակցություններ: Նրա համար կարեւորը քանակն էր, որպեսզի դրանով ստիպեր մյուսներին` միանալ իրեն: Բայց անգամ անզեն աչքով երեւում է, որ այդ 14-ից շուրջ 80%-ը գործում է «Կուսակցությունների մասին» օրենքի այս կամ այն պահանջի խախտումով, այդ թվում նաեւ՝ մեր կուսակցությունը: Այդ դեպքում իրենք ինչի՞ առանցք են` անօրինականությա՞ն: Մինչդեռ, «Ժամանակ Երեւանում» տպագրված իմ հոդվածում Լեւոն Տեր-Պետրոսյանին առաջարկում էի մինչ նախագահական ընտրությունները միավորել իրեն համախոհ ազատական կուսակցություններին մեկ հզոր կուսակցության մեջ` վերակազմակերպման ճանապարհով, եւ անձամբ գլխավորել այդ նորաստեղծ հզոր կուսակցությունը: Իսկ մնացած ոչ լիբերալ, բայց համախոհ կուսակցություններն էլ կհայտարարեին, որ պաշտպանում են այդ հզոր կուսակցության թեկնածուին: Սա չարվեց: Թիմի ձեւավորման հարցում էլ ես նշել էի, որ անընդունելի է Հովհաննես Հովհաննիսյանի նման գործիչների ընկերակցությամբ փորձել սեփական հաղթանակը կերտել, եւ անգամ զգուշացրել էի, որ նման թիմակիցներով առաջին նախագահի հաղթելու հավանականությունը կդառնա զրո: Իմ այս նախազգուշացումն էլ անտեսվեց, ավելին` պարզապես արհամարհվեց: Համաձայն եմ, որ առաջին նախագահը պարտավոր չէր ականջալուր լինել իմ հորդորներին, բայց ես դրանք համարում եմ սկզբունքային եւ, իմ հերթին, ես էլ պարտավոր չեմ հանդուրժել անօրինականությունը միայն այն բանի համար, որ դա Լեւոն Տեր-Պետրոսյանի խաթեր համար են թույլ տալիս: Ասեմ, որ ինձ չեն դաստիարակել` «Սիրիր արհամարհողիդ» կարգախոսի ոգով: Այնպես որ` ես մեր կուսակցությունում օրինականությունը վերականգնելու համար կպայքարեմ ցանկացածի դեմ, քանզի նա, ով զավթում է կուսակցությունը, չի կարող լինել ժողովրդավար կառավարիչ ամբողջ երկրի մասշտաբով: Չե՛մ հավատում: Իսկ եթե զավթիչի գործընկերը հեղինակավոր անձ է, ապա նրա մեղքն ավելի է մեծանում: Միտինգներից մեկի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ժամանակին լուրջ կադրային սխալներ է թույլ տվել, եւ դիմեց ժողովրդին, թե՝ օգնեք, ուղղեմ սխալներս: Ինչպե՞ս օգնենք, երբ այսօր արդեն թիմի ձեւավորման հարցում նա նոր կադրային սխալներ է թույլ տալիս, իսկ սրա՞նք երբ են խոստովանելու ու մեզնից աջակցություն հայցելու:

– Այնուամենայնիվ, ինչո՞ւ եք մեղադրում Հ. Հովհաննիսյանին, որն այսօր կանգնել է «Ազատության» հրապարակում` պաշտպանելով Լ. Տեր-Պետրոսյանի թեկնածությունը:

– Ես մեղադրում եմ Հովհաննես Հովհաննիսյանին, ով 2006թ. փետրվարից մինչ օրս համագումար հրավիրելու նիստ չի գումարում: Այսինքն՝ շուտով կլրանա 2 տարին, որ նա գործում է լիազորությունների ժամկետի ավարտված ռեժիմով: Եվ եթե նա Լեւոն Տեր-Պետրոսյանին է պաշտպանում, ու ես ձայն չհանեի, կստացվեր, որ ես առաջնորդվում եմ երկակի ստանդարտներով` օրենք խախտել չի կարելի, իսկ առաջին նախագահի համար խախտելը նույնիսկ ցանկալի է: Ես մերժում եմ նման մոտեցումը:

– Քանի որ ընդդիմության հաղթանակի հասնելու համար տարբեր ֆորմատներ են մատնանշվում, կասե՞ք, թե ձեր կարծիքով` ո՞ր միավորումն արդյունավետ կլիներ: Օրինակ, եթե Վազգեն Մանուկյանը միանա՞ր Լ. Տեր-Պետրոսյանին, թե՞ հակառակը:

– Կարծում եմ, որ արդեն ֆորմատների հարցը մնաց անցյալում, քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմակիցներն իրենց չմիացողներին ինչի մեջ ասես, որ չմեղադրեցին: Այդքանից հետո հազիվ թե այլեւս որեւէ մեկը միանա առաջին նախագահին, ընդակառակը, նրանք քարոզարշավը կսկսեն կոշտ հակադարձումներով: Իսկ հաղթող ֆորմատ ստեղծել իսկապես հնարավոր էր, եւ շատ եմ ցավում, որ այդ պահը բաց թողնվեց: Իմ կարծիքով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, մինչեւ իր նախագահական ամբիցիաների մասին հայտարարելը, իր առաջին քայլը պետք է աներ այն, որ համաձայնության գար Վազգեն Մանուկյանի հետ: Այս հարցում առաջին նախագահը թերագնահատեց Վազգեն Մանուկյանին ու սխալվեց: Մեր երկրում շատերը կարող են ընտրություններում եւ նրանից առաջ իրականացվող քարոզարշավում առավելության հասնել Վազգեն Մանուկյանի նկատմամբ` հաղթաթղթերը քիչ չեն: Սակայն, միակ մարդը, ով հաղթել չի կարող Վազգեն Մանուկյանին, դա Լեւոն Տեր-Պետրոսյանն է, ու անկախ նրանից, որ նա Վազգեն Մանուկյանից շատ ձայն կարող է հավաքել, միեւնույն է` բանավեճի մեջ առաջին նախագահը կպարտվի: Քանի որ Վազգեն Մանուկյանի հաղթաթուղթն այն է, որ միասին շարժում են սկսել, բանտ նստել, իշխանության եկել, տարաձայնությունների դեպքում Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել, եւ հետո եկել է ընտրությունների միջոցով հաղթել, իսկ նրա դեմ տանկեր են հանել ու ասել, որ 100% ձայն էլ ստանա, մեկ է՝ իշխանությունը չեն հանձնելու: Ցավում եմ, որ մեր առաջին նախագահը երեւի չափից շատ է նստել գրադարաններում եւ բաց է թողել կյանքի որոշ դասեր, այն է, որ քաղաքական բանավեճում էլ է շատ մեծ «ճշտի» օրենքների դերը, իսկ այդ բանավեճում Լեւոն Տեր-Պետրոսյանը Վազգեն Մանուկյանին հաղթել չի կարող, քանզի չի կարող բերել գեթ մի արդարացում, թե ինչու այդպես վարվեց իր մարտական ընկերոջ հետ: Ես սա էլ էի ակնարկել իմ հոդվածում: Ավելին, անգամ իմ պարտքը համարեցի առաջին նախագահի մերձավոր շրջապատի անդամներին դեռ ամռանն ասել, որ մինչեւ որեւէ տարբերակով չլուծեն Վազգեն Մանուկյանի հարցը, հրապարակայնորեն չխոսեն Լեւոն Տեր-Պետրոսյանի հավակնությունների մասին: Իսկ Վազգեն Մանուկյանի հետ կայացած Լեւոն Տեր-Պետրոսյանի արդեն ժամանակավրեպ հանդիպումն ընդամենն ապացույցն էր հանդիպման անհրաժեշտության ուշացած գիտակցման: Իսկ մյուս լիդերների հետ համաձայնության գալը զգալիորեն կհեշտանար, երբ նրանք տեսնեին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Մանուկյանն ի սկզբանե հանդես են գալիս միասնական:

– Ձեր կարծիքով` առաջադրված թեկնածուներից որեւէ մեկը մինչեւ ընտրություններ իր թեկնածությունը կհանի՞ հօգուտ մեկ այլ թեկնածուի:

– Չի բացառվում, բայց դա այդքան էլ էական չէ, քանի որ դա ընտրությունների արդյունքի վրա ազդեցություն չի ունենա: Իշխանական թեկնածուն ստացավ առավելություն, քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ռիսկի դիմեց ու իր քաղաքականությունը կառուցեց «Շանտաժ, շանտաժ մինչեւ վերջ» կարգախոսի տրամաբանությամբ: Այսինքն` ովքեր ճնշմանը չդիմացան, միացան իրեն, մի մասն էլ գայթակղվեց հաղթող թեկնածուի կերպարով, իսկ ովքեր չմիացան, նրանք էլ արդեն թշնամացան, եւ օբյեկտիվորեն ստացվելու է այնպես, որ բոլորը պայքարելու են առաջին նախագահի դեմ: Իսկ այդ դեպքում վերջինիս պարտությունը կանխորոշված է:

– Որպես քաղաքագետ` կարո՞ղ եք ասել, թե այսօր որ թեկնածուի շանսերն են ավելի մեծ, եւ արդյոք ժողովրդի գործոնն այս ընտրություններում դերակատարում ունենալո՞ւ է:

– Վերեւում արդեն հիմնավորեցի, որ ամենամեծ շանսերն ունի իշխանական թեկնածուն: Իսկ ժողովրդի գործոնը կարեւոր է լինելու, քանի որ ցանկացած ընտրվող պետք է անի ամեն ինչ, որ իր հաղթանակը կասկածի տակ չդրվի թե՛ մեր երկրում, թե՛ միջազգային հանրության կողմից: