Քուրդ մտավորականների խորհրդի նախագահ Ամալ Սարդարյանը երեկ Հայաստանի ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնում կազմակերպված հավաքի ժամանակ հայտարարել է, թե ՀՀ առաջիկա նախագահական ընտրությունները խիստ կարեւոր իրադարձություն է, որից իրենք չպետք է անմասն մնան. «Եվ որպես հանրապետության հասարակության մի մասնիկ` մենք չենք կարող անմասն մնալ այս իրադարձություններից: Հետեւաբար` կոչ եմ անում քրդական համայնքին՝ ակտիվորեն մասնակցել այս ընտրություններին եւ իր ձայնը տալ Սերժ Սարգսյանին»,- ասաց նա: Քուրդ մտավորականն անդրադարձավ նաեւ 2007թ. ԱԺ ընտրություններին: Պարզվեց, այդ ընտրությունների ժամանակ նա լուրջ առաջընթաց է տեսել: «Խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ մեր հանրապետությունն առաջընթաց է արձանագրել, եւ մենք հուսով ենք, որ այս ընտրություններում այդ առաջընթացն էլ ավելի կամրապնդվի»,- նշեց նա: Ամենահոծ քրդական համայնք ունեցող Արագածոտնի մարզի ներկայացուցիչ Ռոբերտ Կոտիկյանն էլ հայտարարեց, թե իրենց մարզի քրդերը միաձայն քվեարկելու են Սերժ Սարգսյանի օգտին, քանի որ` «Նա հոգացել է մեր խնդիրները եւ շատ լավ տեղյակ է դրանց մասին: Սերժ Սարգսյանը մեզ հարգանքով է վերաբերվում, եւ մենք էլ նրան ենք հարգում»,- ասաց նա: Ի դեպ, համայնքի ներկայացուցիչների հավաստմամբ` այսօր Հայաստանում ապրում է ավելի քան 40.000 քուրդ: