Օմբուդսմենը միջնորդել է

14/12/2007

Հայաստանի Մարդու իրավունքի պաշտպան Արմեն Հարությունյանը միջնորդել է «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին վաղաժամկետ ազատ արձակելու համար: Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով հանձնաժողովի նախագահ Ա. Երիցյանին ուղղված միջնորդագրում Ա. Հարությունյանը մասնավորապես գրել է. «Իմ հանձնարարությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային խումբը ս/թ դեկտեմբերի 7-ին այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Պաշտպանի ներկայացուցիչները հիշյալ ՔԿՀ-ում հանդիպել են նաեւ դատապարտյալ Արման Բաբաջանյանի հետ: Զրույցի ընթացքում Ա. Բաբաջանյանը նշել է առողջության վատթարացման հետ կապված խնդիրների մասին, ինչպես նա տեղեկացրել է, որ հիշյալ ՔԿՀ-ի վարչակազմի կողմից ներկայացվել է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման: Ըստ իր գտնվելու քրեակատարողական հիմնարկների վարչակազմի կողմից տրված տեղեկությունների, Ա. Բաբաջանյանը տույժեր չունի եւ իրեն դրսեւորել է որպես կարգապահ դատապարտյալ»: Օմբուդսմենը կոչ է արել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով հանձնաժողովի անդամներին՝ Ա. Բաբաջանյանին ազատ արձակելուն «կողմ» քվեարկել: