22-ից մնացին 7-ը

14/12/2007

Նախօրեին Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է նախագահության թեկնածուների գրանցումը: Գրանցվել է 7 թեկնածու. 39-ամյա Միխայիլ Սահակաշվիլին՝ իշխող կուսակցությունից, 43-ամյա ընդդիմադիր պատգամավոր Լեւան Գաչեչիլաձեն, «չափավոր ընդդիմադիր» «Նոր աջեր» կուսակցությունից 43-ամյա Դավիթ Գամկրելիձեն, Լեյբորիստական կուսակցության առաջնորդ 49-ամյա Շալվա Նաթելաշվիլին, 45-ամյա տնտեսագետ Գեորգի Մաիսաշվիլին, 52-ամյա գործարար Բադրի Պատարկացիշվիլին եւ 45-ամյա Իրինա Սարիշվիլին: Բադրի Պատարկացիշվիլին, ում մեղադրում են իշխանությունը բռնի ուժով տապալելու կոչեր անելու մեջ, դեկտեմբերի 14-ին կվերադառնա Վրաստան: Այդ երկրի օրենքներով քաղաքացիները, ովքեր կասկածվում են հակաիրավական գործողությունների մեջ, իրավունք ունեն քվեարկվել նախագահական ընտրություններում: Նրանք այդ իրավունքից զրկվում են միայն դատարանի կողմից մեղավոր ճանաչվելու դեպքում: Իսկ սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ ընտրողների մոտ 22-23%-ը նախապատվությունը տալիս է նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի թեկնածությանը, նրանից մոտ 5%-ով հետ է մնում ընդդիմադիր 10 կուսակցությունների միասնական թեկնածու Լեւան Գաչեչիլաձեն: Նրանից մի քանի տոկոսով ետ է մնում գործարար Բադրի Պատարկացիշվիլին: Մնացած թեկնածուների վարկանիշն անհամեմատ ցածր է: Հիշեցնենք, որ ի սկզբանե նախագահ դառնալու հայտ էր ներկայացրել 22 թեկնածու: