Առաջարկել է դիտորդներ ուղարկել Հայաստան

14/12/2007 Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆ

Թերեւս պատահական չէր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի այս վերջին` Բրյուսել եւ Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցերը:

Պատահական չէր այն իմաստով, որ Ս. Սարգսյանը ոչ միայն երկրի վարչապետն է, այլեւ ՀՀ նախագահի թեկնածուն, որի վարկանիշն, ըստ ամերիկյան հեղինակավոր «Գելլապ» ընկերության կատարած հարցումների` ամենաբարձրն է` 29 տոկոս: Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանը մինչ այդ լուրջ զրույցներ էր ունեցել նաեւ Ամերիկա եւ Ֆրանսիա կատարած այցերի ընթացքում` հանդիպելով այդ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այդ այցը, եթե հիշում եք, ավարտվեց Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ հանդիպումով: Երբ Եվրոպական Միության անդամ դեսպանների հրավերով ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանն աշխատանքային ճաշ-հանդիպում տեղի ունեցավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, քաղաքական ընդդիմադիր գործիչները եզրակացրին, թե Եվրոպան աջակցում է Տեր-Պետրոսյանին: Սակայն քիչ չանցած, նույն ֆորմատով ու նույն կազմով ճաշ-հանդիպում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ: Իսկ օրեր առաջ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արթուր Բաղդասարյանի հետ տեղի ունեցավ նույն հանդիպումը: Հանդիպման ընթացքում դեսպանները ՀՀ նախագահի թեկնածուներին առաջարկում էին ներկայացնել ներքին եւ արտաքին քաղաքական առանցքային խնդիրների նկատմամբ մոտեցումները: Օրերս` դեկտեմբերի 11-ին, ավարտվեց Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բրյուսել եւ Ստրասբուրգ: Նա բավական լուրջ հանդիպումներ ունեցավ եւ Հայաստանի հետ համագործակցության ու հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները քննարկեց եվրոպական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների` ԵՄ խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի, ԵՄ գիտության եւ հետազոտության հարցերով հանձնակատար Յանես Պոտոչնիկի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սհեֆերի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Հանս Գերտ Փոթերինգի, Եվրոպական խորհրդարանի Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Յացեկ Սարյուշ-Վոլսկու, ԵՄ արտաքին կապերի հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների, ինչպես նաեւ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի, Բրյուսելի քաղաքապետ Ֆրեդի Թիելմանսի հետ: Բավականին հագեցած այդ ծրագրի ընթացքում Ս. Սարգսյանը նաեւ հարցազրույցներ է տվել մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների` «Լա Ստամպա», «Թայմս», «Ֆայնենշըլ թայմս», «Լը Մոնդ» թերթերին, «Ռոյթեր» գործակալությանը, «Եվրոնյուզ» հեռուստաընկերությանը: Եվրոպական խորհրդարանի նախագահ Հանս Գերտ Փոթերինգի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը խնդրել է ՀՀ նախագահական ընտրությունների կապակցությամբ անպայման դիտորդական առաքելություն գործուղել Հայաստան: Փոթերինգը խոստացել է վարչապետի այս առաջարկը հնչեցնել Եվրոպական խորհրդարանի նախագահների համաժողովում: Նրանք նաեւ քննարկել են տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող խնդիրներ, խոսել են հարեւանների հետ Հայաստանի հարաբերությունների ներկային եւ զարգացման հեռանկարներին առնչվող հարցերի մասին: Ս. Սարգսյանը Փոթերինգի հետ խոսելով ԼՂ հիմնախնդրի մասին, ասել է, որ, չնայած Ադրբեջանում հաճախակի հնչող ռազմատենչ հայտարարություններին, վստահ է, որ հակամարտության խաղաղ ճանապարհով լուծումն այլընտրանք չունի:

Եվրոպական խորհրդարանի Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Յացեկ Սարյուշ-Վոլսկու հետ զրույցում վարչապետը նշել է, որ Հայաստանի համար առաջնահերթն ու կարեւորը ոչ թե որեւէ կազմակերպության անդամակցելու ձգտումն է, այլ, առաջին հերթին, այդ կազմակերպության մոտեցումները, զարգացման մոդելը որդեգրելն ու երկրի ներսում իրականացվող բարեփոխումները հիշյալ մոդելի չափանիշներին ու պահանջներին համահունչ իրականացնելը: Անդրադառնալով ՀՀ առաջիկա նախագահական ընտրություններին, Ս. Սարգսյանը եւս մեկ անգամ նշել է դիտորդական առաքելություն գործուղելու կարեւորությունը: Յացեկ Սարյուշ-Վոլսկին կարեւորելով ՀՀ ԱԺ ընտրություններում արձանագրված ստանդարտի պահպանումը, ավելացրել է. «Եվ եթե Դուք կլինեք համաժողովրդական վստահություն վայելող այն անձը, ով լավ անցկացված ընտրություններում հաղթել է, ապա հնարավորություն կունենամ հաջորդ մեր հանդիպմանը մեծ ուրախությամբ Ձեզ արդեն դիմել` պարոն նախագահ»:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հետ հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են ՀՀ նախագահական ընտրություններին` կարեւորելով միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացումը, շեշտելով մամուլի դերը` ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների անցկացման գործում: Ս. Սարգսյանն ամփոփելով իր աշխատանքային այցը, արտասահմանյան լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ ՀՀ-ի համար եվրաինտեգրման քաղաքականությունը եղել եւ մնում է կարեւորագույն ուղղություններից մեկը. «Մենք ակնկալում ենք եվրոպական կառույցների օժանդակությունը մեր ժողովրդավարական ու կառուցվածքային բարեփոխումների ճանապարհին»,- ասել է ՀՀ վարչապետը:

ՀՀ նախագահական ընտրություններից առաջ տեղի ունեցած այս այցը ենթադրում է երկրի արտաքին քաղաքականության հարցերում դիրքորոշումների հստակեցում: Այս հանդիպումները ՀՀ ներքաղաքական հարցերում` հատկապես նախագահական առաջիկա ընտրությունների շրջանակում լուրջ նշանակություն ունեն: Բոլոր այդ հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են ԼՂՀ հարցի կարգավորմանը եւ ՀՀ-ում նախագահական ընտրություններին վերաբերող հարցեր: Միջազգային այդ ազդեցիկ կառույցների ղեկավարները մինչեւ ընտրությունները փորձել են ՀՀ նախագահի հիմնական թեկնածուի դիրքորոշմանը ծանոթ լինել` կապված իրենց ղեկավարած կառույցների եւ ՀՀ կարեւորագույն խնդիրների` ԼՂՀ հարցի կարգավորման եւ Հայաստան-Թուրքիա փոխհարաբերությունների հետ կապված հարցերում: Այն, ինչ իրականում հետաքրքրում է միջազգային ազդեցիկ կառույցներին: Մինչ ընդդիմության տեր-պետրոսյանական թեւն իր հանդիպումների շարքը լրացնում է Մանուկ Գասպարյանով եւ մարքսիստ Դավիթ Հակոբյանով, իշխանական թեկնածուն հանդիպումներ է ունենում միջազգային կարեւորագույն կառույցների ղեկավարների հետ: Ինչ խոսք, այս պարագայում Ս. Սարգսյանը նրանց հանդիպում է՝ որպես ՀՀ վարչապետ, սակայն այն հարցադրումները, որոնք արվում են այդ հանդիպումների ընթացքում, վերաբերում են Ս. Սարգսյանի` ՀՀ նախագահի թեկնածությանը: Պատահական չէ, որ ՀՀ վարչապետը եւ ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, ԵԽ-ի բարձրաստիճան այրերը հանդիպումների ավարտին գործնական պայմանավորվածություններ են ձեռք բերում, որոնք պետք է իրականացվեն 2008թ. նախագահական ընտրություններից հետո: