Մոտ մեկուկես ամիս առաջ մամուլում տեղեկատվություն հրապարակվեց, թե ՀՀ Մաքսային պետական կոմիտեի (ՄՊԿ) նախագահ Արմեն Ավետիսյանը ծանր հիվանդ է եւ բուժվելու համար մեկնել է Գերմանիա: Երեկ արդեն պարոն Ավետիսյանը Հայաստանում էր եւ անմիջապես ասուլիս էր հրավիրել, սակայն հրավիրել էր միայն հեռուստաընկերություններին: Հարցին՝ լուծե՞լ է արդյոք պարոն Ավետիսյանն իր առողջական խնդիրները, ՄՊԿ նախագահի մամուլի քարտուղար Նելլի Մանուչարյանն այսպես պատասխանեց. «Ա. Ավետիսյանը բուժվելու համար չի մեկնել Գերմանիա: Նա գործուղման է եղել»: Տիկին Մանուչարյանը, սակայն, չասաց, թե Ա. Ավետիսյանն ինչ է արել Գերմանիայում այս մեկուկես ամսվա ընթացքում, այդ ի՞նչ գործեր են եղել, որ այդքան երկար ժամանակ են խլել ՀՀ ՄՊԿ նախագահից: Ա. Ավետիսյանը երեկվա ասուլիսի ընթացքում տեղեկացրել է, որ յուրաքանչյուր տարի 50-60 տոկոսով աճում է ներկրվող ավտոմեքենաների քանակը: Այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է ներկրվել 30.677 ավտոմեքենա, որից միայն 5.868-ն են ռուսական արտադրության: Նախորդ տարի հանրապետություն է ներկրվել 26.57 ավտոմեքենա, որից 7.302-ը` ՌԴ արտադրության: Ա. Ավետիսյանի տեղեկացմամբ՝ անցած տարվա համեմատ այս տարի նվազել է մինչեւ 5 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենաների ներկրման ցուցանիշը: Դրան հակառակ՝ ավելացել է 10-30 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենաների ներկրումը: