«Ձեր երեխաներին սովորեցրեք լռել:
Խոսել նրանք ինքնուրույն էլ կսովորեն»:
Բենջամին Ֆրանկլին
Վերջին տարիներին Հայաստանում տարածում է գտել մի շատ հետաքրքիր խաղ, որի անունն է՝ «Մաֆիա»: Եվ եթե մի քանի տարի առաջ այդ խաղը գիտեին շատ քչերը, ապա այսօր այն լայն ճանաչում ունի հայ հասարակության շրջանում, այդ թվում՝ քաղաքական եւ բիզնես էլիտայի շրջանում: Այսօր` նախագահական ընտրությունների նախաշեմին, այնպիսի տպավորություն է, կարծես ողջ ազգը «Մաֆիա» է խաղում:
Փոքր-ինչ լիրիկական շեղում` խաղի կանոնների մասին: Խաղի վարողը հետեւում է, որ այն անցնի բացառապես խաղի կանոնների սահմաններում: Մասնակիցները, նախօրոք ընտրած քարտերի համաձայն՝ բաժանվում են երկու թիմերի` «սեւերի» եւ «կարմիրների» (այսօր ողջ քաղաքական դաշտը բաժանված է սեւերի-սպիտակների): «Սեւերին» պայմանականորեն անվանում են՝ «Մաֆիա», իսկ «կարմիրներին»` քաղաքացիներ: «Մաֆիայի» ղեկավարը «Դոնն» է, իսկ քաղաքացիներինը` «Շերիֆը»: Կա մի նրբություն: Խաղի մեջ «սեւերն» իրար ճանաչում են, իսկ «կարմիրները» չգիտեն` ով ով է: Բայց «կարմիրները» միշտ ավելի շատ են, քան «սեւերը»: Խաղն ավարտվում է այն պահին, երբ «կարմիրների» եւ «սեւերի» քանակը հավասարվում է: Իսկ հիմա ուշադրություն` խաղացողները հեռացվում են կամ «ցերեկը» քվեարկությամբ, կամ «գիշերը «սեւերը» նախօրոք պայմանավորվածության համաձայն» հերթով «կրակում» եւ հեռացնում են «կարմիրներին»: Իհարկե, որոշ դեպքերում, «կարմիրներին» մոլորեցնելու նպատակով, «սեւերը» գիշերվա ընթացքում» կարող են նաեւ զոհաբերել իրենց թիմակիցներից որեւէ մեկին: Խաղի հիմքում ընկած են տրամաբանությունն ու հոգեբանությունը (շատ քիչ դեպքերում` տարրական թվաբանությունը):
Տվյալ պարագայում ամենեւին էական չէ, թե նախագահական պայքարի այս փուլում ո՞վ է «կարմիր» եւ ո՞վ` «սեւ»: Կարեւորն այն է, որ յուրաքանչյուրն իրեն հատկացված ժամանակահատվածում խոսքով պետք է ժողովրդին համոզի, որ «խաղից պետք է հեռացվի» ոչ թե հենց ինքը, այլ մեկ ուրիշը, որովհետեւ, եթե իրեն հեռացնեն, ապա «կարմիրները»(ժողովուրդը) հաստատ կպարտվեն: Ի դեպ, մի նրբություն եւս. մեր քաղաքական գործիչները միաժամանակ երկու խաղ են խաղում` ներսում եւ դրսում: Շարքային «կարմիրները» խնդիր ունեն ճիշտ կողմնորոշվելու, քանի որ սխալ քվեարկության դեպքում պարտվում է ողջ թիմը: Հատկապես բարդ է լինում այն դեպքում, երբ «Մաֆիայի» անդամներից որեւէ մեկը կեղծ «Շերիֆ» է բացվում: Նման դեպքերում, անկախ այն հանգամանքից` հավատո՞ւմ են շարքային քաղաքացիները նրան, թե՞ ոչ, բայց «ստրախովկայի» համար, բնականաբար, փորձում են երկու «Շերիֆին» էլ խաղից հեռացնել: Դրանից հետո, սովորաբար, «կարմիրները» հաղթում են: Սակայն քաղաքականության մեջ փոքր-ինչ այլ է: Նման պարագայում քաղաքական դաշտում «չուժոյ պախմել» կարող է հաղթել «մանիակը»: «Մանիակը» «Մաֆիա» խաղի տարատեսակներից մեկն է, որը հազվադեպ է խաղացվում: Խաղի ողջ իմաստ այն է, որ «մանիակը» ոչ «կարմիր» է, ոչ «սեւ»: Նա թիմ չունի եւ գործում է միայնակ: Որոշ դեպքերում շարքային քաղաքացիները կարող են կեղծ «Շերիֆ» բացվել, որպեսզի մոլորեցնեն «սեւերին», եւ իսկական «Շերիֆը» մնա խաղի մեջ: Ի դեպ, երկու հոգուն խաղից հանելու եւս մեկ տարբերակ կա, որը կոչվում է «ավտոկատաստրոֆա». դա այն է, երբ թիմը համոզված է, որ իրար դեմ խաղացողներից մեկը հաստատ «սեւ» է, եւ, հետեւաբար, անհրաժեշտ է նրանց երկուսին էլ հանել խաղից: Թեպետեւ դեպքեր են գրանցվել, երբ հեռացվող երկու խաղացողներն էլ «կարմիր» են եղել: Բնականաբար, նման պարագայում «կարմիրները» շատ արագ պարտվում են: Ի տարբերություն շարքային «կարմիրների»` «Շերիֆը» «գիշերն» ունի մեկ ստուգման իրավունք: Իսկ դա նշանակում է, որ միայն նա կարող է ստույգ իմանալ, թե խաղացողներից ո՞վ է «կարմիր», եւ ո՞վ՝ «սեւ»:
Հոգեբանական առումով այս խաղը շատ հետաքրքիր է այնքանով, որ խաղի ընթացքում ի հայտ են գալիս մարդկային շատ որակներ, որոնք սովորական պայմաններում այդքան էլ չեն զգացվում: Օրինակ, երբ ինչ-որ մեկին մեղադրում են «սեւ» լինելու» մեջ, նա սկսում է արդարանալ կամ, ընդհակառակը, անցնում է հարձակման: Կան մարդիկ, որոնք ներում են իրենց մեղադրողներին, իսկ ոմանք էլ անպայման ուզում են վրեժխնդիր լինել եւ իրենց մեղադրողին խաղից հեռացնել` առանց հասկանալու` այդ խաղացողն ի՞ր թիմից է, թե՞ ոչ: Ամենահետաքրքիր պահերից է քվեարկությունը: Ի դեպ, ուժեղ խաղացողներն ավելի ուշադիր են հենց այդ պահերին, որպեսզի տեսնեն, թե ում օգտին է քվեարկում յուրաքանչյուր խաղացողը: Քանզի այստեղ, օրինակ, շատ նմանություն կա քաղաքական դաշտի հետ: Երբ խոսում են ինչ-որ խաղացողի դեմ, առաջարկում են նրա թեկնածությունը` խաղից հեռացնելու համար, սակայն քվեարկության պահին բոլորովին այլ խաղացողի են փորձում հանել խաղից: Քանի որ այս հոդվածում ոչ մի անուն չնշեցի, ուրեմն կփորձեմ պահել այդ ֆորմատը: Թեպետ կարծում եմ, որ առանց անուն նշելու էլ բոլորին հասկանալի է, թե վերոնշյալ հատվածն ընթերցելիս ո՞ւմ պատկերացրեց յուրաքանչյուրը:
Կարծում եմ, որ այս թեման դեռ կշարունակեմ, քանզի արտաքին խաղերին, օրինակ, այսօր այդպես էլ չանդրադարձանք: Իսկ մինչ այդ բոլորին խորհուրդ կտայի «Մաֆիա» խաղալ: Կամ գոնե դիտեք այն: Եվ կհամոզվեք, որ խաբելիս մարդը սահմաններ չի ճանաչում: Առավել եւս՝ քաղաքական գործիչները: