Երեկ կեսգիշերից Ռուսաստանը պաշտոնապես սառեցրել է մասնակցությունը Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրին: 1990 թվականին ստորագրված եւ 1999-ին լրամշակված պայմանագիրը հստակ սահմանում է Ատլանտյան օվկիանոսից մինչեւ Ուրալյան լեռներ տեղակայվող զորքի եւ ծանր տեխնիկայի քանակը: Սառեցնելով մասնակցությունը պայմանագրին՝ Ռուսաստանը ձեռք է բերում զորքը տեղաշարժելու եւ այդ մասին ՆԱՏՕ-ին չնախազգուշացնելու իրավունք: Պաշտոնական Մոսկվան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի կատարում պարտավորությունները, շարունակում է ընդարձակումը, ՆԱՏՕ-ի անդամ երկրներն էլ չեն վավերացնում պայմանագրի 1999 թվականի լրամշակված տարբերակը, ուստի մասնակցությունն այդ պայմանագրին իր համար անիմաստ է դառնում: Միաժամանակ, Ռուսաստանը վստահեցրել է, որ կվերականգնի մասնակցությունն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի երկրները վավերացնեն եւ կատարեն պայմանագրի դրույթները: ՆԱՏՕ-ն ժամանակին հայտարարել է, թե պատրաստ է կատարել պայմանագրով նախատեսված պարտավորություններն այն դեպքում, եթե Ռուսաստանը դուրս բերի զորքերը Մոլդովայից եւ Վրաստանից: «Այս սառեցումը չի նշանակում պայմանագրի վերջ, պարզապես, մենք այսպես փորձում ենք հրավիրել մեր գործընկերների ուշադրությունն այս անբարենպաստ իրավիճակի վրա»,- ասել է Ռուսաստանի Արտգործնախարարության անվտանգության բաժնի ղեկավար Անատոլի Անտոնովը: Ռուսաստանի ռազմական հարցերով փորձագետ Պավել Ֆելգենգաուերն էլ ասել է, թե «այդ պայմանագիրը մեռած է», եւ հավելել, որ «ռուսներն անպայման իրենց զորքը կմոտեցնեն Բալթյան երկրների սահմաններին»: «Զուտ տնտեսական տեսակետից էլ ավելի նպատակահարմար է զորքը Սիբիրից տեղափոխել Լենինգրադի մարզ, որովհետեւ Սիբիրում բանակ պահելն առնվազն 2-3 անգամ ավելի թանկ է, մյուս կողմից, դա կլինի նաեւ Արեւմուտքին հասցեագրված հզոր ազդանշան, այնպես որ՝ ռուսները բոլոր դեպքերում շահում են»,- ասել է փորձագետը: