«Երկաթյա» հակահռետորություն

14/12/2007 Էդուարդ ՆԱՂԴԱԼՅԱՆ

Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարության նկատմամբ հայկական կողմի ռեակցիան ավելորդ անգամ առիթ տվեց կասկածելու մեր արտաքին քաղաքականության ադեկվատությանը:

Երեք ինքնիշխան պետություններ որոշել են իրենց տարածքներով երկաթգիծ անցկացնել: Եթե խիստ լինենք` սա նրանց անվիճելի ու սուվերեն իրավունքն է: Այլ տրամաբանություն լինել չի կարող: Սակայն, չորրորդ պետությանը հաջողվում է այն ցուցաբերել, հաճախ` պաշտոնական մակարդակով:

Չորրորդ պետության` Հայաստանի` այս ծրագրին միանալու ցանկությունը, իհարկե, միանգամայն բնական ու հասկանալի է: Բայց պետք չէ խոշոր ինտելեկտուալ լինել՝ հասկանալու համար, որ այդ ցանկությունը ներկա պայմաններում բացարձակապես անիրական եւ անիրականանալի է, քանի որ մենք այս պետություններից երկուսի հետ սառը պատերազմի մեջ ենք: Ի՞նչ համատեղ ծրագրերի մասին կարող է խոսք լինել: Տարածաշրջանային համագործակցության բացակայությունն այն գինն է, որ մենք մինչ այսօր վճարել ու վճարում ենք ղարաբաղյան հակամարտության մեջ հաղթելու համար:

Բայց այսօր մենք ի՞նչ ենք անում: Արժանապատիվ լռություն պահպանելու կամ առավելագույնը` հերթական տարածաշրջանային ծրագրին Հայաստանի չմասնակցելու համար զուսպ ափսոսանք հայտնելու փոխարեն, մենք մերթ բացահայտորեն փորձում ենք առաջը քար գցել` պնդելով «նախագծի քաղաքական անհեռատեսության ու անհեռանկարայնության» մասին (Օսկանյան), մերթ հրապարակայնորեն ուրախանում ենք այդ ծրագրի իրականացման ճանապարհին ծագող դժվարություններով: Այսինքն` Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը ոչ մի կերպ չեն կարողանում ինքնուրույն, առանց մեր օգնության գնահատել այդ ծրագրի առավելությունները… Մեղմ ասած, տարօրինակ դիրքորոշում է, եթե չասենք` ամոթալի: Վերջապես ե՞րբ մենք կսովորենք գնահատել սեփական արժանապատվության զգացումը: Ի վերջո, խոսքն ընդամենը երկաթգծի մասին է: Եվ ինչպե՞ս կարող է ցանկացած նոր ճանապարհի կառուցումը խստացնել որեւէ մեկի տրանսպորտային շրջափակումը: Չէ՞ որ դա կատարյալ անհեթեթություն է: Թող դրանք թեկուզ հարյուրը լինեն, որքան՝ շատ, այնքան` լավ: Ինչպե՞ս կարող է օտարերկրյա երկաթգիծը Հայաստանին վնասել (ստացվում է, որ դրա բացակայությունն այսօր մեզ օգո՞ւտ է բերում): Ընդհակառակը, եթե տա Աստված, ավելացվի նաեւ Կարս-Գյումրի գիծը, այն լրացուցիչ ճյուղ կդառնա տարածաշրջանի երկաթգծային սարդոստայնում: Իսկ որքան ճյուղավորված լինի այդ սարդոստայնը, այնքան լավ բոլորի համար:

Այսպիսով, մենք ներքաշվեցինք հիմար վիճաբանության մեջ` նախապես լինելով պարտվողի դիրքերում, մոռանալով տարրական քաղաքավարության մասին եւ… Վրաստանի մասին, որն, ի դեպ, բոլորովին մեղավոր չէ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ մեր խնդիրներում եւ որին այս ծրագիրն ավելի քան ձեռնտու է: Իհարկե, դա չէր կարող ավելացնել մեր հարեւանների համակրանքը մեր հանդեպ: Այս կապակցությամբ հարց է ծագում` ի՞նչ քաղաքական դիվիդենտներ եւ ո՞ր երկրի հետ հարաբերություններում ստացավ Հայաստանը նախագծին վերաբերող այս հակահռետորությամբ: Նման մտածելակերպով Հայաստանն ինչպե՞ս կարող է դիմակայել իր առջեւ ծառացած իրական մարտահրավերներին:

«Դելովոյ էկսպրես»