Քըրքորյանի գործարքը տապալվեց

14/12/2007

«MGM Mirage» ընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթի սեփականատեր Քըրք Քըրքորյանի վերջին գործարքը չհաջողվեց։ Նա ցանկանում էր ձեռք բերել Սան Անտոնիոյում գտնվող բենզինի հարստացմամբ զբաղվող «Tesoro» ընկերության բաժնետոմսերը։ Սակայն ընկերության տնօրենների խորհուրդը պաշտպանական բնույթի քայլեր ձեռնարկեց, թույլ չտալով, որ իրենց «կուլ տան»։

90-ամյա միլիարդատերն իրեն պատկանող «Tracinda» ընկերության միջոցով արդեն իսկ «Tesoro» կորպորացիայի 4%-ի սեփականատերն է։ Նա ցանկանում էր իր մասնաբաժինն ավելացնել եւս 16%-ով եւ ամեն բաժնետոմսի համար առաջարկում էր 64 ԱՄՆ դոլար։ Համաձայնության դեպքում, գործարքի ընդհանուր արժեքը կկազմեր 1.6 միլիարդ դոլար։ Գործարքի կայացման վերջին ժամկետը դեկտեմբերի 6-ն էր։

Սակայն «Tesoro»-ի ղեկավարներն անցյալ շաբաթ ընդունեցին բաժնետերերի իրավունքներին վերաբերող հատուկ պլան, որի արդյունքում պոտենցիալ գնորդի՝ ընկերության նկատմամբ վերահսկողություն հաստատելու հավանականությունը կտրուկ նվազում է։ Ամեն դեպքում, անգամ գործարքի հաջողվելու դեպքում, Քըրքորյանը տեր կդառնար «Tesoro»-ի բաժնետոմսերի ընդամենը 20%-ին, իսկ դա ամբողջական վերահսկողություն դժվար է անվանել։

«Tracinda»-ն արդեն իսկ հայտարարություն է տարածել՝ այդ պլանն անվանելով «Դրակոնյան»։ Հայտարարության մեջ նշվում է, որ նման քաղաքականությունը հակասում է «Tesoro»-ի բաժնետերերի շահերին եւ սահմանափակում նրանց հնարավորությունները՝ քվեարկելու, բաժնետոմսեր գնելու եւ վաճառելու հարցում։

Քըրքորյանն այժմ «MGM Mirage»-ի բաժնետոմսերի 54%-ի սեփականատերն է։ Տարիներ շարունակ նա ներդրումներ է արել ավտոմոբիլաշինության, ֆիլմարտադրության եւ ավիափոխադրումների բնագավառում։ Այս աշնանը Քըրքորյանը 19 տեղով բարձրացավ «Ֆորբսի»՝ ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանց ցուցակում եւ այժմ գրավում է 7-րդ հորիզոնականը։ Նրա կարողությունը գնահատվում է 18 միլիարդ դոլար, որը գոյացել է հիմնականում «MGM Mirage»-ում կատարած ներդրումների արդյունքում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանց ցուցակն այս տարի գլխավորում է Բիլ Գեյթսը։ Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցնում են «Berkshire Hathaway» ընկերության նախագահ Ուորեն Բուֆետն ու խաղատների բիզնեսով զբաղվող Շելդոն Ադելսոնը: Ամենահարուստ ամերիկացիների ցուցակի 9-րդ եւ 10-րդ հորիզոնականներում ԱՄՆ նավթային մագնատ եղբայրներ Չարլզ եւ Դեւիդ Կոչերն են: