«Երեւանի ջրմուղ-կոյուղի» (ԵՋԿ) ընկերությունը երկու օր առաջ հաղորդագրություն էր տարածել, թե դեկտեմբերի 12-ին, ժամը 12:00-ից մինչեւ 18:00-ն ընկած ժամանակահատվածում անջատելու է Կենտրոն համայնքի ջրամատակարարումը, որովհետեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հոսանքազրկելու է կայանը:
Իհարկե, նման վիճակներ հաճախակի են լինում, եւ այստեղ էականն այն չէ, որ ջրամատակարարումը դադարեցվում է ընդամենը 6 ժամով: Կարեւորը ջրամատակարարման դադարեցման պատճառներն են: Եվ այս հաղորդագրությունը չէր գրավի մեր ուշադրությունը, եթե չհիշեինք մի հանգամանք: Տարիներ առաջ՝ Երեւանի ջրամատակարարման համակարգի բարելավման առաջին վարկային ծրագրի շրջանակներում մայրաքաղաքը սնող աղբյուրների պոմպակայանները պետք է փոխարինվեին ինքնահոս կայաններով: Նպատակը ջրամատակարարման համակարգում էլեկտրաէներգիայի օգտագործման ծավալների կրճատումն էր: Երեւանին ջուր մղելով՝ պոմպերն ահռելի քանակությամբ էլեկտրաէներգիա են ծախսում: Այդ պատճառով էլ ԵՋԿ-ն տարիներ շարունակ հոսանքի խոշոր պարտքեր էր կուտակում: Երեւանի ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրի հիմնական բաղադրիչներից մեկն էլ պոմպերի փոխարեն ինքնահոս եղանակով ջրամատակարարումն էր: Բացի այդ` ինքնահոս եղանակով ջրամատակարարումն ավելի հուսալի է, որովհետեւ իր հերթին կախված չի լինի էլեկտրաէներգիայի մատակարարումից: Իսկ ինչ վերաբերում է Գառնու պոմպակայանին, ապա, որոշ տեղեկությունների համաձայն` այստեղ ինքնահոսի վերածելու աշխատանքները սկսվել էին դեռեւս խորհրդային տարիներին: Քանդել, հանել էին ինքնահոսի համար արգելք հանդիսացող բլուրը, փոքր հատվածում նաեւ խողովակներ էին տեղադրել եւ գործը կիսատ էին թողել: ԵՋԿ-ի վարձակալ իտալական «Էյ Յութիլիթի» ընկերությունն իր աշխատանքներում ծրագրել էր այդ գործն ավարտին հասցնել: Տեղեկացնենք, որ Գառնու աղբյուրի ջուրը մատակարարվում է Կենտրոն համայնքի բնակչության մեծ մասին:
ԱԺ Օտարերկրյա վարկերի, դրամաշնորհների եւ մարդասիրական օգնությունների արդյունավետությունն ուսումնասիրող հանձնաժողովին տրամադրած տեղեկությունների համաձայն` ընկերությունը Գառնու պոմպակայանի վերանորոգման աշխատանքների համար երեք փուլով ծախսել է 245, 87 եւ 81 հազարական դոլար գումար: Հանձնաժողովի վերլուծաբան բրիտանացի ինժեներ Բրյուս Թասկերը 2004թ. մարտին՝ Հայաստանում «Էյ Յութիլիթիի» աշխատանքների ավարտին, ԵՋԿ-ի մասնագետ Արթուր Պետրոսյանի հետ գնում է Գառնու պոմպակայանում կատարված աշխատանքները տեսնելու: Բ. Թասկերի ասելով` Ա.Պետրոսյանը ճանապարհին նրան հավաստիացրել է, որ կայանը վերանորոգվել է, եւ պոմպերի փոխարեն ջուրը Երեւան է հասնում ինքնահոսով: Սակայն տեղ հասնելուն պես պարզվել է, որ այդ հավաստիացումներն իրականությանը չեն համապատասխանում, եւ կայանը դեռ ջուրը պոմպերով է մղում: Իսկ թե ինչի՞ վրա են ծախսել վերը նշված գումարները, մինչեւ հիմա էլ մնում է անհայտ: Մյուս կողմից էլ` «Էյ Յութիլիթին» ներկայացրել է, որ Գառնու կայանի համար գնվել են բազմաթիվ դետալներ, սարքավորումներ: Այստեղ արդեն հարց է առաջանում` եթե կայանն ինքնահոս եղանակով է ջուրը մատակարարում, ապա ինչի՞ համար են այդքան սարքավորումները: Մի խոսքով` Գառնու կայանի դեպքում ընկերությունն իրար հակասող տեղեկություններ եւ մի քանի հարյուր-հազարների հասնող ծախսեր է ներկայացրել, սակայն վիճակը նույնն է մնացել:
Հանձնաժողովին ներկայացրած տեխնիկական հաշվետվության համաձայն, Գառնու պոմպակայանը ջուրը վեր մղելու համար 1 ժամում ծախսում է մոտ 169 կվտ էլեկտրաէներգիա: Այս թիվը հիմք ընդունելով՝ կատարենք մոտավոր հաշվարկ, թե ամսական որքան էլեկտրաէներգիա է ծախսում այդ կայանը: Հաշվի առնենք նաեւ, որ պոմպակայանն ինչ-որ պատճառներով օրվա ընթացքում կարող է մի քանի ժամ կանգ առնել եւ օրական աշխատել միջինը 20 ժամ: Այսպես, Գառնու պոմպակայանը յուրաքանչյուր ամիս աշխատում է մոտ 600 ժամ եւ ծախսում է մոտ 101.400 կվտ էլեկտրաէներգիա: ԵՋԿ-ի տրամադրած տվյալների համաձայն՝ պոմպակայանը հոսանքը ստանում է ոչ թե բաշխիչ, այլ՝ բարձրավոլտ կայաններից եւ 1 կվտ-ի համար վճարում է 17.32 դրամ: Ուրեմն` Գառնու պոմպակայանը յուրաքանչյուր ամիս ծախսում է մոտ 1 մլն 800 հազար դրամ: Եվ հայտնի չէ, թե ԵՋԿ-ի՝ այդքան գումարներ ծախսելու արդյունքում ինչո՞ւ է կայանն աշխատում պոմպերով ու հոսանքի համար լրացուցիչ գումարներ ծախսում: Տեղեկացնենք, որ ամերիկյան GAP` կառավարության հաշվետու կազմակերպության մոտ գտնվող Երեւանի «ջրային» գործի չարաշահումներից մեկն էլ Գառնու պոմպակայանի վրա ծախսված գումարներն են:
Ջրամատակարարման խողովակները՝ որպես գովազդային շիթեր
2004թ. ԱԺ-ում ստեղծված ժամանակավոր հանձնաժողովն «Էյ Յութիլիթիից» փաստաթղթեր է ստացել, որտեղ նշվում է, թե իր աշխատանքի ընթացքում ընկերությունը ներկրել է 4-5 մլն դոլարի տարբեր տրամաչափի խողովակներ, որոնք պետք է փոխարինեին ջրամատակարարման համակարգի մաշված խողովակներին: ԵՋԿ-ի գլխավոր տնօրեն եւ միաժամանակ «Էյ Յութիլիթիի» լիազոր-ներկայացուցիչ Ռիչարդ Վոլքլինգը հանձնաժողովին ասել է, թե այդպես էլ արել են: Սակայն, երբ հանձնաժողովի մասնագետը փորձել է տեղեկանալ, թե ԵՋԿ-ն համակարգի ո՞ր հատվածներում է մաշված խողովակները նորերով փոխարինել, Ռ.Վոլքլինգը ցույց է տվել իբր կատարված աշխատանքի 6 նախագծերը: Սակայն ցույց չեն տվել, թե որտեղ են կատարել աշխատանքները՝ ասելով, թե` «դա արդեն հողի տակ է եւ չի երեւում»: Ցույց չեն տվել նաեւ այն «լյուկերը», որտեղից հնարավոր կլիներ հասկանալ՝ նոր խողովակներ տեղադրե՞լ են, թե՞ ոչ: Հանձնաժողովի փորձագետ Բ.Թասկերի կարծիքով` միլիոնավոր դոլարներով ներկրված խողովակներն իրենց նպատակին չեն ծառայել: Թասկերը Վոլքլինգից ստացել է այդ աշխատանքները ներկայացնող բազմաթիվ տեղեկանքներ, որոնք, փորձագետի ասելով, կեղծ են եղել: Ավելի ուշ` անվտանգության մարմինները նրան տեղեկացրել են, որ այդ խողովակները օգտագործվել են բոլորովին այլ նպատակների համար: Օրինակ՝ գովազդային շիթեր պատրաստելու եւ տեղադրելու համար: Խոշոր տրամաչափի խողովակները շիթերի համար եղել են սյուներ, բարակները՝ շրջանակ: Իսկ Երեւանում այդ ժամանակ գովազդային շիթեր տեղադրելը եղել է քաղաքապետարանի՝ հատկապես գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի համակարգման ներքո: Այնպես որ, ԵՋԿ-ն իր ներկրած խողովակները ոչ թե օգտագործել է ջրամատակարարման մաշված համակարգը նորացնելու համար, այլ Երեւանի քաղաքապետարանի օգնությամբ հավանաբար վաճառել է եւ մեծ շահույթներ ստացել: Եվ այդ խողովակները հիմա ոչ թե գետնի տակով ջուր են մատակարարում, այլ գետնի վրա գովազդ են ցույց տալիս: Հավանաբար, այս ամենի մասին տեղյակ են եղել նաեւ շահագրգիռ մյուս կազմակերպությունները՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեն՝ Գագիկ Մարտիրոսյանի ղեկավարությամբ, Համայնքների զարգացման ԾԻԳ-ը՝ Վարազդատ Ավոյանի, նաեւ վարկատու Համաշխարհային բանկը՝ Ռոջեր Ռոբինսոնի գլխավորությամբ: Իսկ այս շորթված վարկային միջոցները ՀԲ-ին ետ կվերադարձնեն Հայաստանի հաջորդ կառավարությունները՝ մեր եւ հաջորդ սերունդների հարկերի հաշվին: