Փշալարերից այն կողմ. մահ եւ ազատազրկում

14/12/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանի հավաստմամբ՝ ներկայումս «Դատապարտյալների հիվանդանոցում» պահվում են 251 դատապարտյալներ եւ կալանավորներ: Թեեւ Հայաստանի բոլոր կալանավայրերում գոյություն ունեն բուժմասեր, այդուհանդերձ, ստացիոնար բուժման, նեղ մասնագիտական միջամտության կարիք ունեցող դատապարտյալները եւ կալանավորները տեղափոխվում են «Դատապարտյալների հիվանդանոց», որը գտնվում է Մամուլի շենքի հարեւանությամբ:

Հիմնարկում կան առանձին մասնաշենքեր, որտեղ տեղակայված են թերապեւտիկ, վիրաբուժական, հոգեբուժական, ինֆեկցիոն, տուբերկուլյոզային եւ այլ բաժանմունքներ: Շուտով կկառուցվի նաեւ կին դատապարտյալների համար նախատեսված բաժամունքը: Ըստ Ա. Աֆրիկյանի՝ հիվանդանոցում գերակշռում է ինֆեկցիոն եւ տուբերկուլյոզ հիվանդություններով տառապող մարդկանց թիվը: Ներկայումս «Դատապարտյալների հիվանդանոցում» պահվում են հոգեկան հիվանդությամբ տառապող 22, տուբերկուլյոզով՝ 46, ինֆեկցիոն հիվանդությամբ՝ 25 դատապարտյալներ:

Սպիդով հիվանդները 16-ն են: Նրանք ստանում են «Արմենիկում» դեղամիջոցը եւ բուժման կուրսն անցնում են անվճար. նման դեպքերում պետությունն է դատապարտյալի համար վճարում: Վերջերս «Դատապարտյալների հիվանդանոցում» պահվող սպիդով հիվանդները մամուլի միջոցով աղմուկ էին բարձրացրել՝ պահանջելով իրենց հավելյալ «Արմենիկում» ներարկել: Ա. Աֆրիկյանը հերքեց դա՝ ասելով, որ «Արմենիկումն» իրենք ստանում են ըստ թույլատրված չափաքանակների: Ըստ նրա, սպիդով հիվանդների բողոքը ոչ թե բուժման, այլ ազատման հետ էր կապված: «Նախ՝ իրենց բողոքը տեղին չէր: Իրենք այսպես են մեկնաբանում. մենք սպիդով հիվանդ ենք, ինչո՞ւ է վաղակետ ազատման անկախ հանձնաժողովը մեր ազատման հարցը մերժում: Այսինքն՝ իրենց հիվանդության հանգամանքն ուզում են շահարկել: Սպիդ հիվանդությունը դիտարկում են որպես առավելություն՝ ազատման հարցը բավարարելու համար, ինչը, բնականաբար, չի կարող առավելություն համարվել: Մենք փորձեցինք իրենց մեկ այլ տեսանկյունից, մարդկայնորեն բացատրել. եթե նույն սպիդով հիվանդն ազատվի, «Արմենիկումի» համար ստիպված է լինելու տասնյակ հազարավոր ծախսեր անել, իսկ այստեղ նա կուրսն անցնում է անվճար»: Ա. Աֆրիկյանի կարծիքով՝ վաղակետ ազատման հանձնաժողովի որոշումն օբյեկտիվ է, քանի որ հիվանդությունը չի կարող ազատման պատճառ հանդիսանալ: Հայաստանի 12 կալանավայրերից «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխված բոլոր տեսակի հիվանդություններով տառապող մարդկանց բուժումն օրենքով անվճար է: Չնայած դրան, կարծիք կա (ի դեպ, մենք կոնկրետ դեպքեր գիտենք), որ դատապարտյալը բուժման համար պահանջվող գումարը հարազատներից է պահանջել՝ տեղեկացնելով, որ առողջությունը վերականգնելու համար իրենից գումար են պահանջում: «Դատապարտյալների հիվանդանոց» ք.հ. պետ Ա. Աֆրիկյանը հայտարարում է, որ դատապարտյալների եւ կալանավորների բուժումն անվճար է, ավելին՝ արգելված է որեւէ տեսակի դեղորայք ընդունել հիմնարկ, քանի որ իրենք դեղորայքով ապահովված են: Հիմնարկի պետը ոչ միայն չի կիսում վերոնշյալ կարծիքն, այլեւ բացատրում է միանգամայն այլ տեսանկյունից. «Դատապարտյալն արդեն այն կատեգորիան է, որ ինքը 100%-անոց ազնիվ մարդ չէ, չնայած, բնականաբար, բացառություններ կան: Իմ նշած կատեգորիան, որը 3, 4, 5 անգամ դատապարտվել է՝ ամեն մի սրբություն կարող է ոտնահարել, ծնողին խաբել եւ այլն: Նա կարող է շատ բան ուզել հարազատից՝ հազար տեսակ սուտ ասելով: Ես ինքս խստորեն արգելում եմ դեղորայք ընդունելը, որովհետեւ ապահովված ենք բոլոր տեսակի դեղորայքներով»։ Ի դեպ, գաղտնիք չէ, որ կալանավորների մեծ մասն, անկախ առողջական վիճակից, ձգտում են պատիժը կրել այս հիմնարկությունում: Մենք դեպքեր գիտենք, երբ կալանավորը դիտավորյալ իրեն վնասել կամ ինքնասպանության փորձ է կատարել, մեխ կամ գդալ է կուլ տվել, որպեսզի իրեն տեղափոխեն այստեղ։ Հարցին, թե ի տարբերություն մյուս կալանավայրերի՝ այստեղ արտոնյալ պայմաննե՞ր կան, պրն Աֆրիկյանը պատասխանում է. «Գաղութներում «ռազվոդ» (հաշվառում) է անցկացվում: Ամեն առավոտ, օրը երեք անգամ դատապարտյալները շարվում են, որպեսզի հաշվառում անեն, իսկ այստեղ հաշվառումը տեղում է արվում: Բացի այդ, սա քաղաքի կենտրոն է, եւ հարազատի համար գնալ-գալը շատ ավելի հեշտ է, քան Սեւանի, Արթիկի, Գորիսի կամ այլ գաղութ»:

Կառավարության 825 որոշմամբ՝ 42 անուն հիվանդություններով (օրինակ՝ քաղցկեղ կամ այլ հիվանդություններ, որի հետեւանքը մահն է) հիվանդանալու դեպքում դատապարտյալը ներկայացվում է բժշկական աշխատանքային հանձնաժողովին, որն, ի դեպ, շաբաթը մեկ անգամ լինում է «Դատապարտյալների հիվանդանոցում»։ Եթե հանձնաժողովը գտնում է, որ դատապարտյալի հիվանդությունը համապատասխանում է պահանջված նորմերին՝ ներկայացնում է միջգերատեսչական հանձնաժողովին, որի կայացրած վճռի հիման վրա գործը մտնում է դատարան: Ա. Աֆրիկյանը հրաժարվեց այդ 42 անուն հիվանդությունների ցուցակը մեզ տրամադրել՝ պատճառաբանելով՝ «չի կարելի»:

Ի դեպ, պրն Աֆրիկյանի հավաստմամբ՝ տարբեր գաղութներից «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխվող դատապարտյալների շարժն, ի տարբերություն նախորդ տարիների, նվազել է 30%-ով:

Ա. Աֆրիկյանին խնդրեցինք թույլ տալ զրուցել սպիդով հիվանդների հետ: Նրանք կտրականապես հրաժարվեցին լուսանկարվել։ Պատճառներից մեկն այն է, որ նրանցից ոմանց հիվանդությունը հարազատներից գաղտնի է պահվում: Հասարակությունը նման հիվանդություն ունեցող մարդկանցից խուսափում է, մեկուսացնում է նրանց: Մեր զրուցակից հիվանդների աչքերում շփոթմունք կար: Որոշ հիվանդներ հասկանալով, որ իրենց հիվանդության ելքը մահն է՝ չեն դիմանում, նյարդային խանգարում, հոգեկան անհավասարակշռություն են ձեռք բերում: Նրանք պատրաստվում են մահվան, բայց դա անում են ճաղերի ետեւում, որտեղից հնարավոր է՝ չկարողանան նույնիսկ իրենց երեխաներին հրաժեշտ տալ: Սպիդով հիվանդ դատապարտյալների համար սարսափելին ոչ այնքան ազատազրկումն է, որքան՝ ճաղերի ետեւում մահանալը: Ոմանք դրանից ագրեսիվ են դառնում, չեն կարողանում զսպել իրենց չարությունը, ոմանք էլ ապրում են պարզապես սպասելով մահվան…

«Որպես բողոքի նշան՝ բերանս կարել էի»

39-ամյա վանաձորցի Վրեժ Գալստյանն առաջին անգամ դատապարտվել է դանակահարության համար, երկրորդ անգամ՝ մարմնական վնասվածք պատճառելու համար, իսկ վերջին դատվածությունը եղել է ընտանեկան վիճաբանության պատճառով: «Նոր տարուն խմիչքի ազդեցության տակ էի, շենքի հայաթում հայհոյանք եմ տվել, բողոքել են: Զուտ պատահականություն ա եղել: Սկզբում դրել էին՝ մարմնական վնասվածք, բայց հետո փոխեցին՝ խուլիգանություն»,- պատմում է 4 տարվա ազատազրկման դատապարտված Վրեժը: Կալանավայրում բուժզննման ենթարկվելուց հետո պարզվել է, որ նա տառապում է սպիդով։ Վաղակետ ազատման անկախ հանձնաժողովը Վրեժի ազատման հարցը վերջերս մերժել է: Դրանից հետո, որպես բողոքի նշան, նա բերանը կարել է: Կինը չի դադարում դիմումներ, խնդրագրեր ներկայացնել տարբեր ատյաններ, որպեսզի հաշվի առնեն ամուսնու հիվանդությունն ու ազատություն տան, սակայն՝ անարդյունք: Վրեժն ասում է. «Հիվանդանոցի ադմինիստրացիան, բժիշկները, բոլորն էլ լավ են տրամադրված, ոնց որ պետքն ա ներկայացնում են հանձնաժողովին, դաժե էն ձեւի են ներկայացրել, որ ընտանիքիս հետ պրոբլեմ չունեմ, գալիս են երկարատեւ, երեխեքս երկու օրով ինձ մոտ են եկել»: Նա 4 անչափահաս երեխաների հայր է, իսկ կինը գործազուրկ է, նպաստով է երեխաներին պահում: Հարցնում եմ՝ մասնագիտություն ունե՞ք: «Չէ,- ասում է,- հիմնականում Ռուսաստանում եմ եղել, տարբեր գործեր եմ արել»: Վրեժը չի բացառում, որ կինը կարող է սպիդով վարակված լինել: «Դե՛, կին ա, ամաչում ա գնա ստուգվի, վախենում ա՝ հանկարծ ինքն էլ վարակված լինի: Շատ դժվար կլինի իրա համար: Ասում ա՝ չեմ գնա, դու դուրս կգաս, միասին կգնանք ստուգվելու: Ամաչում ա, վախենում ա, հազար նրբություն կա, էս շատ բարդ հիվանդություն ա»: 2 տարի կալանքի մեջ գտնվող Վրեժն արդեն 2 անգամ «Արմենիկում» դեղամիջոց է ստացել: Վերջին անգամ դեղամիջոցից հրաժարվել է, որովհետեւ սպասում է անկախ հանձնաժողովի պատասխանին: Ասում է՝ «Ուզում եմ գնալ, հիվանդանոցում պառկել, հսկողության տակ լինել: Անալիզներ ա, կուրսեր ա, բան ա, նորմալ ձեւի անցկացնեմ»: Ասում եմ. «Բայց ասում են, որ դա մեծ ծախսերի հետ է կապված»: Պատասխանում է. «Իմը պետպատվեր ա»: Թեեւ «Արմենիկում» ստանալուց հետո Վրեժն իրեն անհամեմատ լավ է զգում, այդուհանդերձ, ասում է, որ սպասողական վիճակի ապրումները շատ վատ են անդրադառնում առողջության վրա: Նյարդային համակարգը շատ է տկարացել: «Էս հիվանդությունն առաջինը ներվերին ա խփում, ես զգում եմ, որ ներվերս էլ չեն դիմանում… «Արմենիկումը» կարամ 6 ամիսը մեկ ստանամ, բայց, եթե էս ապրումները չլինեն, ես ինձ հանգիստ կզգամ, դեղի կարիքն էդքան չեմ ունենա: Եթե էս դեղը հաճախակի ստանամ՝ հնարավոր ա օրգանիզմիս վաղը-մյուս օրն էլ չօգնի»,- ասում է Վրեժը՝ վստահեցնելով, որ ներկայումս դեղորայքի կարիքը զգում է, բայց սկզբունքորեն հրաժարվում է:

«Կջղայնանամ, կսկսեմ մարդ վարակել ու կասեմ՝ ձեր պատճառով արեցի»

Երեւանցի Հմայակ Հովհաննիսյանը ֆիզիկապես շատ թույլ է, խոսելիս հազիվ է կարողանում բառեր արտաբերել: Մեծ ճիգեր է գործադրում, հյուծված է, խոսելիս դեմքին քրտինք է հայտնվում: Ասում է, որ հիվանդությունը ծանր փուլում է, անկողնուց արդեն չի կարողանում վեր կենալ: «Պատկերացրե՛ք, որ զգայարաններս էլ են թուլացել, չեմ հասցնում ինձ զուգարան գցել…»,- ասում է։ Հմայակը 11 տարի սպիդով հիվանդ է: Դատապարտվել է թմրամոլության հոդվածով: Ասում է, որ տասնյակ տարիներ առաջ սկսել է թմրադեղ օգտագործել: Լեհաստանում եղած տարիներին թմրադեղ օգտագործելիս ներարկիչից է վարակվել: Իր հետ Լեհաստան եկած ընկերը նույնպես վարակվել է սպիդով, որովհետեւ նույն ներարկիչով են սրսկվել: Հարցնում եմ՝ քանի՞ տարեկան եք: Պատասխանում է՝ «Պոլնըստյու 48»: Հմայակի 4-րդ դատվածությունն է. «Նարկոտիկի համար են դատել, բայց միշտ էլ օգտագործել եմ: Էս վերջին անգամ եկել, դուռս ջարդել, զենքերով մտել են: Ես ու կինս տեղաշորում քնած՝ նենց զենքով մտան, խեղճ աղջիկը լեղապատառ եղավ: Ոնց որ մարդասպաններ էինք, ինչ էինք»: Դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Հմայակն ասում է, որ կինը նույնպես սպիդով հիվանդ է, վիճակը գնալով ծանրանում է, բայց կողքին մարդ չկա, շատ անօգնական է: Երկու երեխա ունի, տղան հոգեկան հիվանդությամբ է տառապում, իսկ աղջիկը նոր է ամուսնացել: Գտնում է, որ անբուժելի հիվանդությունը հաշվի առնելով՝ պետք է իրեն ազատ արձակեն: «Մենակ սպիդը չի, հեպատիտ C-ն ա, շագանակագեղձի հիվանդություն ա, երիկամների քար ա, բրոնխիտ ա… Սաղ խառնվել ա իրար, ցավերս շատացել են, շնչառությունս ահավոր ա, կտրվում ա: Սպիդի հետեւանքն ա, օրգանիզմս վիրուսին էլ չի կարում դիմադրի: Կամաց-կամաց հես ա լյարդս էլ բերանիցս կթափի, կգան դիակս կտանեն»,- ասում է Հմայակն, ով բազմաթիվ դիմումներ է գրել տարբեր ատյանների, անգամ Եվրախորհրդին՝ խնդրելով հիվանդությունը հաշվի առնելով՝ իրեն ազատ արձակել: «Էս հանձնաժողովն ախր ո՞վ ա, ինձ ի՞նչ ա ճանաչում, որ չի ազատում: Ինձ ադմինիստրացիան ա ճանաչում, ես «նարուշիտել» չեմ: Չեմ հասկանում՝ խի՞ չեն ազատում: Հիմա վիճակս շատ ա վատացել… Կնոջս էլ եմ վարակել, արդեն անկողնային վիճակում ա, մոտը ոչ մարդ կա, ոչ խնամող։ Գոնե ես իրա մոտ լինեի, էդ խեղճ աղջիկն ինչո՞վ էր մեղավոր: 11 տարվա հիվանդ ա, արդեն «Արմենիկումն» էլ չի օգնում իրան: Ասում ա՝ լույսի փող էլ չեմ կարում տամ»,- ասում է Հմայակը: «Միշտ դողը վրես, տաքության մեջ, տակս եմ միզում, էլ ի վիճակի չեմ սենց ապրել: Ադմինիստրացիան ինձ ճանաչում ա, համաձայն ա, «դաբրոն» տալիս ա, բայց իրանց ասածը հանձնաժողովը չի ընդունում: Հանձնաժողովին՝ ի՞նչ, որ մարդիկ մեռնում են ստե: Իմ պես հիվանդի, մի քանի օր առաջ, լյարդն եկավ բերանից թափեց, հանին, նասիլկով տարան»,- պատմում է Հմայակն՝ ասելով, որ թմրամիջոց օգտագործել է ցավերը մեղմելու համար, իսկ իրեն անարդար են դատել: «Էս անգամ էլ բռնին, ծեծել-ջարդելով ստորագրել տվին: Ոմն Դավիթի ծեծել-ջարդելով գրել տվին, որ «յակըբի» ես իրան դեղ եմ հյուրասիրել: Բա զենքերով դուռ ջարդելով մտնո՞ւմ են հիվանդ մարդու տուն: Կնիկս նենց սթրես ա տարել, որ մինչեւ հիմա տակից դուրս չի գալիս: Էս հիվանդությունից լրիվ հոգեկանս խանգարվեց, տղես էլ ա հոգեկան»: Հարցնում եմ՝ շփվո՞ւմ եք մյուս դատապարտյալների հետ: «Դե՛, հա, բայց մարդ կա՝ քաշվում ա, էտի քեզ էլ ա աբիդնի: Ասենք, շփումից վարակ չկա, բայց մարդ կա՝ չի կարդացել, չգիտի, վախում ա վարակվի: Ինքը քաշվում ա, դու էլ ավելի ես նեղվում: Թող ջահելները զգույշ լինեն, էտի ասեղից ա շատ լինում: Հարաբերությունն էլ թող ապահովիչով անեն: Սենց տանջվում եմ, ներվային հոգեկան եմ դառել: Մի բան ըլնում ա՝ բռնկվում եմ: Ի վիճակի չեմ կալանք կրելու»: Ասում եմ. «Կարող է՝ վախենում են, որ ազատության մեջ թմրամիջոց օգտագործեք կամ վարակը տարածեք»: «Թեկուզեւ օգտագործեմ՝ ո՞ւմ ի՞նչ դրանից: Ես ոչ մարդ եմ վարակել, ոչ էլ կվարակեմ, ես սպասոբնի չեմ ուրիշին վարակելու: Էդքան անգամ դատվել եմ, բայց ոչ մեկին վնաս չեմ տվել: Մարդուն ե՛ս չեմ կյանք տվել, որ ես խլեմ, ո՞նց կարամ ես կյանք խլեմ, ես տանջվում եմ, չէ՞: Ես իմ համար մենակ սրսկվել եմ, ուրիշի հետ չեմ արե, լոմկա չեմ ունեցե: Ես վտանգավոր մարդ չեմ, բայց վերջը էնքան են ջղայնացնելու, որ ստե մեկին բռնեմ, վարակեմ, որ իմանան՝ ինչ բան ա մահամերձ մարդուն պահելը: Կսկսեմ մարդ վարակել ու կասեմ՝ ձեր պատճառով արեցի: Ուզում էիք սպանեք ինձ՝ ես էլ արեցի»,- բարկությունը չկարողանալով զսպել՝ բղավում էր Հմայակը: