ԼՂՀ իշխանություններն այսօր՝ որպես բարի կամքի դրսեւորում, ադրբեջանական կողմին են հանձնել Ադրբեջանի Միր-Բաշիրի շրջանի 29-ամյա բնակիչ Անար Ալիեւին: Ըստ ԼՂՀ Ռազմագերիների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի` Ադրբեջանի քաղաքացու փոխանցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 14:35-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Աղդամի ուղղությամբ, Բաշ-Բարվենդ գյուղի մոտակայքում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչների աջակցությամբ: Անար Ալիեւը ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից ձերբակալվել էր 2007թ. օգոստոսի 2-ին շփման գծի Մարտակերտի ուղղությամբ ղարաբաղյան կողմ անցնելու ժամանակ: Ղարաբաղյան կողմում գտնվելու ողջ ժամանակահատվածում ԿԽՄԿ ներկայացուցիչները բազմիցս այցելել են նրան եւ գրավոր կապ ապահովել Ադրբեջանում բնակվող բարեկամների հետ: Ադրբեջանական կողմն էլ ղարաբաղյան իշխանություններին է փոխանցել ԼՂՀ Մարտունի քաղաքի բնակիչ Վալերի Սուլեյմանյանին, որը ձերբակալվել էր Ադրբեջանում դեռեւս 2007թ. ապրիլին: Ադրբեջանական ԱՊԱ գործակալության հաղորդմամբ`Ա. Ալիեւի առողջական վիճակը նորմալ է, եւ բժշկական հետազոտությունից հետո նա հանձնվել է ընտանիքին: